Փետրւարի 4-ին ԱՀ Պետական նախարար Ռուբէն Վարդանեանը «Արցախի ժողովրդավարական կուսակցութիւն», «Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն», «Ազատ հայրենիք», «Արդարութիւն» քաղաքական ուժերի ներկայացուցիչների, Ստեփանակերտի քաղաքապետի հետ միասին հանդիպումներ է ունեցել մայրաքաղաքի մի շարք թաղամասերի բնակիչների հետ:
«alikonline.ir» - Փետրւարի 4-ին ԱՀ Պետական նախարար Ռուբէն Վարդանեանը «Արցախի ժողովրդավարական կուսակցութիւն», «Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն», «Ազատ հայրենիք», «Արդարութիւն» քաղաքական ուժերի ներկայացուցիչների, Ստեփանակերտի քաղաքապետի հետ միասին հանդիպումներ է ունեցել մայրաքաղաքի մի շարք թաղամասերի բնակիչների հետ: Տեղեկացնում է «Ապառաժ»-ը:
Նախ պետնախարարը ներկայացրել է Արցախի շրջափակման հետեւանքով ի յայտ եկած խնդիրները եւ ըստ այդմ Օպերատիւ շտաբի ձեռնարկած գործողութիւնները:
Պետնախարարը եւ ներկայ պատգամաւորները նաեւ պատասխանել են բնակիչների կողմից հնչեցւած բազմաթիւ հարցերին, որոնք վերաբերում էին Արցախի անվտանգութեանը, շրջափակման մէջ յայտնւած Արցախի ապագային, մեր իրաւունքների մասին բարձրաձայնելուն:
Արտաքին դաշտում կատարւող աշխատանքների մասին հարցին պատասխանելով՝ ԱՀ ԱԺ պատգամաւոր, ՀՅԴ Բիւրոյի անդամ Դաւիթ Իշխանեանը նշեց, որ Արցախում սկսւած ալիքը, բազմահազար ցոյցերը ՀՀ-ում, համահայկական դաշտում, արտաքին աշխարհում յստակ ազդակ են փոխանցել, որ Արցախը չի վերջացել: «Վստահ եղէք, որ եթէ այսօր Լոս Անջելէսում, Աթենքում, Փարիզում, Սիդնէյում եւ այլ տեղերում ապրող հայութիւնը նորից գլուխ է բարձրացնում, նշանակում է՝ հայութիւնը մեր կողքին է: Կայ նաեւ Արցախի բարեկամների ցանցը, շրջանակը: Երկար տարիներ աշխատանք ենք տարել ու ստեղծել մի հարթակ, որ Ղարաբաղն ունենայ օտարազգի բարեկամներ, որոնք գիտեն մեր դարդն ու ցաւը: Այդ նոյն մարդկանց պէտք է նորից հաւաքել, քանի որ աշխարհը փոխւում է, մարդիկ էլ են փոխւում»,- ասաց Դաւիթ Իշխանեանը:
Անդրադառնալով պայքարի արդիւնքների մասին քաղաքացիներից մէկի հարցին՝ պետնախարարը նկատեց՝ մի բան է, երբ ամէն ինչ անում ես ու չի ստացւում եւ լրիւ այլ բան, երբ ոչինչ չես անում:
«Վստահ եմ, եթէ բոլորս որպէս ազգ զգանք, որ մինչեւ վերջ կանգնել ու ամէն ինչ արել ենք, ուրիշ արդիւնք է լինելու, եթէ մենք հաւատանք ինքներս մեզ, հաւատանք արդարութեանը, ապագային: Մեզնից կախւածը անում ենք, ոչ թէ նստած սպասում հրաշքի»,- նշեց Ռ. Վարդանեանը՝ յաւելելով, որ բնակիչների հետ հանդիպումները շարունակական բնոյթ կը կրեն: