Հա

Քաղաքական

06/02/2023 - 14:30

«Յուսով եմ՝ ունենալու էք զգացողութիւնը, որ ոչ միայն հայ էք, այլեւ արցախցի, եւ պարտաւոր էք ամէն ինչ անել, որ Արցախը հայկական լինի». Ռուբէն Վարդանեանը՝ ՀՀ բուհերի արցախցի ուսանողներին

Արցախի Հանրապետութեան պետական նախարար Ռուբէն Վարդանեանը առցանց հանդիպում է ունեցել հայաստանեան բուհերում սովորող արցախցի ուսանողների հետ: Հանդիպմանը մասնակցել է նաեւ ԱՀ կրթութեան, գիտութեան, մշակոյթի եւ սպորտի նախարարի պաշտօնակատար Յասմիկ Մինասեանը։

«alikonline.ir» - Արցախի Հանրապետութեան պետական նախարար Ռուբէն Վարդանեանը առցանց հանդիպում է ունեցել հայաստանեան բուհերում սովորող արցախցի ուսանողների հետ: Հանդիպմանը մասնակցել է նաեւ ԱՀ կրթութեան, գիտութեան, մշակոյթի եւ սպորտի նախարարի պաշտօնակատար Յասմիկ Մինասեանը։ Գրում է Tert.am-ը:

Ռուբէն Վարդանեանը նշել է, որ մի քանի պատճառով է նախաձեռնել այս հանդիպումը. «Ես համարում եմ, որ 21-րդ դարում կրթութեան ոլորտն է ամենամեծ փոփոխութիւնը բերելու, կրթութեամբ է որոշւելու երկրի յաջողւած լինելը։ Դրա համար առաջին հերթին պէտք է յստակ գիտակցել, որ գիտելիքն աւելի կարեւոր է, քան դիպլոմը»։

Պետնախարարը նշել է, որ շրջափակման այս իրավիճակում արցախցի ուսանողներն ակամայ դարձել են Արցախի դեսպանները Հայաստանում եւ ցանկալի է, որ աւելի ակտիւ ներկայացնեն Արցախի շահերը, աւելի լսելի դարձնեն Արցախի ձայնը, իրենց ընկերների հետ աւելի շատ ներգրաււած լինեն  Արցախին վերաբերող միջոցառումներում: Պետնախարարը կարեւոր է համարել նաեւ Արցախից դուրս ստացած կրթութիւնն ու գիտելիքները ի նպաստ Արցախի օգտագործելը:

Նա անդրադարձել է նաեւ աշխատաշուկային համապատասխան մասնագիտութեան ընտրութեանը եւ այս հարցում կարեւոր է համարել պետական պատւէրի ճիշտ ձեւակերպումը. «Այս ճգնաժամը ցոյց տւեց, թէ որքան է կարեւոր գիւղատնտեսութիւնն Արցախի համար։ Մինչդեռ ձեզնից ընդամէնը երեքն են Ագրարային համալսարանի ուսանող։ Սա չի արտացոլում աշխատանքի առաջարկն ու պահանջարկը: Պէտք է կարողանանք գործընթացն այնպէս կազմակերպել, որպէսզի կրթութիւն ստացած երիտասարդները պահանջւած մասնագէտներ դառնան»։

Նա նկատել է, որ հիմա, երբ հիբրիդային պատերազմ է ընթանում, իւրաքանչիւրն իր տեղում պէտք է դառնայ հայրենիքի զինւորը: «Մեր հայրենիքը շատ մեծ վտանգի առաջ է կանգնած, եւ մեր սիրոյ ու պատասխանատւութեան զգացումը հիմա շատ կարեւոր է: Դա պէտք է դրսեւորւի ամենօրեայ աշխատանքով: Դրա համար ուզում եմ հասկանաք, որ դուք մեզ շատ էք պէտք որպէս յաջողւած, տաղանդաւոր ուսանողներ, որոնց ամբողջ կեանքն առջեւում է,- ասել է պետնախարարը: -Որպէս մարդ, ով 17 տարեկանում գնացել է Մոսկւա սովորելու, ասեմ, որ այս զգացողութիւնը միանգամից չի գալիս: Դա գալիս է այն ժամանակ, երբ գիտակցում ես, թէ ինչու ես աշխարհ եկել, ով ես դու, ինչպէս ես մտածում քո ընտանիքի եւ քո երկրի մասին: Դա մեծ երջանկութիւն է, երբ քո մէջ զգում ես այդ սէրն ու ուժը  հայրենիքի նկատմամբ: Երբ դա չունես, դա մեծ թուլութիւն է հէնց քեզ համար, ոչ թէ քո հայրենիքի համար: Ես յուսով եմ, որ ունենալու էք այդ զգացողութիւնը, որ դուք ոչ միայն հայ էք, այլ նաեւ արցախցի, եւ պարտաւոր էք ամէն ինչ անել, որ Արցախը յաջողւած, երջանիկ, հայկական լինի»:

Առցանց հանդիպման ընթացքում պետնախարար Ռուբէն Վարդանեանը, ԱՀ կրթութեան, գիտութեան, մշակոյթի եւ սպորտի նախարարի պաշտօնակատար Յասմիկ Մինասեանը պատասխանել են նաեւ ուսանողների բազմաթիւ հարցերին:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։