Հա

Քաղաքական

07/02/2023 - 11:05

«Թուրքիան կարգաւորման գործընթացն օգտագործում է Հայաստանից զիջումներ կորզելու համար». Թուրքագէտ

Թուրքագէտ Ռուբէն Սաֆրաստեանը 168.am-ի հետ զրոյցում շեշտեց, որ հնչող յայտարարութիւնները նորութիւն չեն եւ արտայայտում են Թուրքիայի քաղաքականութիւնը Հայաստանի նկատմամբ, իսկ նպատակը մեծ ճնշումների միջոցով զիջումներ կորզելն է եւ, մասնաւորապէս, այսպէս կոչւած, «Զանգեզուրի միջանցքը» ստանալն է։

«alikonline.ir» - Կարսում անցկացւող «Ձմեռ-2023» զօրավարժութիւնների ժամանակ Թուրքիայի պաշտպանական գերատեսչութեան ղեկավար Յուլուսի Աքարը յայտարարել է մէկ տարում տասից աւելի թուրք-ադրբեջանական զօրավարժութիւններ անցկացնելու ծրագրի մասին։

Նա իր խօսքում անդրադարձել է նաեւ տարածաշրջանին ու այդ համատեքստում՝ հայ-թուրքական յարաբերութիւններին, եւ հերթական անգամ հնչեցրել թուրքական նախապայմաններից մէկի՝ «Զանգեզուրի միջանցք»-ի եւ դրա տնտեսական «օգուտների» մասին։

Ի դէպ, այս օրերին թուրքական տարբեր պաշտօնական շրջանակներ իրար հերթ չէին տալիս խօսելու «առանց նախապայմանների» յարաբերութիւնների կարգաւորման մասին՝ հնչեցնելով ուղիղ նախապայմաններ։

Այսպէս, Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չաւուշօղլուն Արգենտինայի իր պաշտօնակցի հետ Ստամբուլում համատեղ ասուլիսում նշել է Հարաւային Կովկասում կայունութեան եւ խաղաղութեան հեռանկարի մասին՝ անդրադառնալով հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական յարաբերութիւնների կարգաւորման գործընթացներին։

Իսկ նախօրէին Թուրքիայի առեւտրի նախարար Մեհմեթ Մուշն է այցելել Հայաստանի հետ սահմանակից Կարսի մարզ եւ յայտարարել, որ Անկարայում պատրաստ են բացել հայ-թուրքական սահմանը՝ ընդգծելով, որ այդ հարցն ուղղակիօրէն կախւած է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ յարաբերութիւնների կարգաւորումից։

Թուրքագէտ Ռուբէն Սաֆրաստեանը 168.am-ի հետ զրոյցում շեշտեց, որ հնչող յայտարարութիւնները նորութիւն չեն եւ արտայայտում են Թուրքիայի քաղաքականութիւնը Հայաստանի նկատմամբ, իսկ նպատակը մեծ ճնշումների միջոցով զիջումներ կորզելն է եւ, մասնաւորապէս, այսպէս կոչւած, «Զանգեզուրի միջանցքը» ստանալն է։

«Սա քաղաքականութիւն է, որը Թուրքիան Հայաստանի նկատմամբ որդեգրել է ի սկզբանէ։ Բայց վերջին շրջանում տեսնում ենք, որ այդ քաղաքականութիւնը դառնում է աւելի կոշտ եւ բացայայտ։ Դա շատ պարզ ձեւով արտայայտւեց ինչպէս Թուրքիայի նախագահ Էրդողանի՝ Սամարղանդում արւած յայտարարութիւններից մէկում, երբ նշեց, որ Հայաստանի նկատմամբ ունեն «պահանջներ», ինչպէս նաեւ՝ այնպէս էլ՝ զօրավարժութիւններով, որոք տեղի են ունենում ՀՀ սահմանի երկայնքով»,- պարզաբանեց թուրքագէտը։

Նա յաւելեց, որ զօրավարժութիւններով նպատակ ունեն առաւել մեծացնել ճնշումը Հայաստանի վրայ։

Թէ այս իրավիճակում ինչպէս պէտք է դիրքաւորւի Հայաստանը՝ մեր հարցադրմանն ի պատասխան՝ Ռուբէն Սաֆրաստեանը նախ արձանագրեց, որ հայ-թուրքական բանակցութիւնները, ըստ էութեան, դադարեցւած են։

«Դրանով Թուրքիան հետեւեալ խնդիրն է լուծում՝ պահել Հայաստանին բանակցային գործընթացում, որ Արեւմուտքի եւ ԱՄՆ-ի առջեւ ներկայանայ իբրեւ մի երկիր, որն ուզում է կարգաւորել յարաբերութիւնները Հայաստանի հետ։ Իսկ իրականում, Թուրքիան այս գործընթացն օգտագործում է Հայաստանից զիջումներ կորզելու համար, որովհետեւ թուրքական վերնախաւը (տասնամեակներ շարունակ ուսումնասիրել եմ) համոզւած է, որ Թուրքիայի համար Հայաստանի հետ յարաբերութիւնների կարգաւորումն առանձնապէս կարեւոր չէ․ Հայաստանի համար այն աւելի կարեւոր է, ուրեմն Հայաստանը պէտք է գնայ զիջումների։

Սա պէտք է հասկացւի ՀՀ-ի կողմից, պէտք է հասկանան Թուրքիայի իրական նպատակները, գործելաոճը, պէտք է նաեւ շատ յստակ լինի, որ զիջումների գնալն այն հարցերում, որոնք մեզ համար սկզբունքային նշանակութիւն ունեն, կապւած են մեր ինքնութեան տարբեր դրսեւորումներին, ուղղակի չի կարելի։ Օրինակ, Արցախի հիմնահարցում, կամ՝ մեր տարածքով, առանց այդ տարածքի վրայ մեր ինքնիշխանութիւնը պահպանելու Թուրքիային հնարաւորութիւն տանք կապւելու Ադրբեջանի հետ, էլ չեմ ասում՝ Ցեղասպանութեան հարցը։

Եթէ մենք այստեղ գնանք զիջումների, կը նշանակի՝ հրաժարւում ենք մեր ինքնութեան մի մասից, ինչն անընդունելի է ինձ համար։ Պէտք է շատ լաւ հասկանալ, որ Թուրքիան մեզնից ուզում է այդ զիջումները, եւ պէտք է դրան չգնալ»,- շեշտեց թուրքագէտը։

Նա, այդուհանդերձ, նկատեց, որ չպէտք է հրաժարւել Թուրքիայի հետ բանակցութիւններից, որպէսզի թուրքերին հնարաւորութիւն չտրւի աշխարհում մեզ ներկայացնելու՝ իբրեւ ապակառուցողական կողմ։

«Պէտք է բանակցել, բայց հասկանալով՝ ում հետ գործ ունես եւ ինչ ունես, որ չես կարող զիջել։ Եւ, իհարկէ, մեզ համար աքսիոմա պէտք է լինի մեր ռազմական հնարաւորութիւնների հզօրացումը, եւ միշտ պատրաստ լինենք ե՛ւ Թուրքիայի, ե՛ւ Ադրբեջանի կողմից ամէն տեսակ սադրանքների՝ ընդհուպ մինչեւ ագրեսիւ ռազմական գործողութիւններ»,- ամփոփեց Ռուբէն Սաֆրաստեանը։

 

Զարուհի Դիլանեան

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։