«Գուրգէն Արսէնեանը Լեռնային Ղարաբաղի ապագայի վերաբերեալ իր մօտեցումները երբեք էլ չի թաքցրել, այլ խնդիր է, թէ ինչու 1998թ. իշխանափոխութիւնից յետոյ նա չյայտնւեց համապատասխան տեղում, այլ հակառակը՝ նաեւ այն ժամանակւայ իշխանութիւնների հետ փոխգործակցութեան եզրեր գտաւ, յայտնւեց ԱԺ-ում, հետագայում ԲՀԿ ցուցակով նոյնը տեղի ունեցաւ: Այն, որ տարածւած խօսք կայ, չէ՞, նախկիններն են մեղաւոր, հիմա այս դէպքում նախկիններն են մեղաւոր»,- 168TV-ի «Ռեւիւ» հաղորդման ընթացքում ասաց քաղաքագէտ Բենիամին Մատթէոսեանը:
«alikonline.ir» - «Գուրգէն Արսէնեանը Լեռնային Ղարաբաղի ապագայի վերաբերեալ իր մօտեցումները երբեք էլ չի թաքցրել, այլ խնդիր է, թէ ինչու 1998թ. իշխանափոխութիւնից յետոյ նա չյայտնւեց համապատասխան տեղում, այլ հակառակը՝ նաեւ այն ժամանակւայ իշխանութիւնների հետ փոխգործակցութեան եզրեր գտաւ, յայտնւեց ԱԺ-ում, հետագայում ԲՀԿ ցուցակով նոյնը տեղի ունեցաւ: Այն, որ տարածւած խօսք կայ, չէ՞, նախկիններն են մեղաւոր, հիմա այս դէպքում նախկիններն են մեղաւոր»,- 168TV-ի «Ռեւիւ» հաղորդման ընթացքում ասաց քաղաքագէտ Բենիամին Մատթէոսեանը՝ անդրադառնալով իշխանական պատգամաւոր Գուրգէն Արսէնեանի այն յայտարարութեանը, թէ Արցախում 120 հազար մարդ է ապրում, իսկ Հայաստանում՝ 3 միլիոն, եւ, որ պէտք է առաջնահերթութիւնները ճիշտ դնել։
«Ինքը փաստօրէն հակադրում է Արցախի 120 հազար բնակչութեանը Հայաստանի 3 միլիոն բնակչութեանը: Նախ՝ այստեղ շատ լուրջ խաբկանք կայ: Երբ քաղաքական իշխանութեան թիմի ղեկավարը բաց յայտարարում է, որ չի երեւում այն կէտը, մինչեւ որը դու կը յանձնես, եւ Ադրբեջանը կընդունի քո գոյութեան փաստը, սա վկայում է այն մասին, որ այդ կեղծ թէզը՝ Ղարաբաղը յանձնենք՝ լաւ կապրենք, հիմա բոլորը տեսնում են, որ դա խաբկանք է: Ադրբեջանը ցանկանում է մեզ ոչնչացնել: Երբ Գուրգէն Արսէնեանը խօսում է «120 հազարն ընդդէմ երեք միլիոնի» թէզի մասին, այդ խաբկանքին պատասխանել է անձամբ Փաշինեանը»,- ասաց նա:
Բենիամին Մատթէոսեանի խօսքով՝ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհն արդէն 57 օր փակ է, որովհետեւ Պրահայում եւ Վաշինգտոնում Հայաստանի իշխանութիւններն Արցախն Ադրբեջանի մաս են ճանաչել:
«Երբ դու ընդունում ես մի փաստաթղթի հնարաւոր տարբերակ, ըստ որի՝ պաշտօնական Ստեփանակերտի եւ պաշտօնական Բաքւի փոխյարաբերութիւնները պէտք է լինեն տեղական ինքնակառավարման մարմնի ներկայացուցիչների եւ կենտրոնական իշխանութեան ներկայացուցիչների միջեւ յարաբերութիւնների տրամաբանութեան շրջանակում, եւ ինչ-որ միջազգային երաշխիքներ պէտք է լինեն այդ յարաբերութիւնները տեսանելի մակարդակի դուրս բերելու, դա նշանակում է, որ ընդունել ես Ադրբեջանի սուվերենութիւնն Արցախի նկատմամբ»,- շեշտեց նա:
Հարցին՝ ինչի՞ն յղում անելով է նման եզրայանգման եկել, նա պատասխանեց. «Եթէ այդ ամէնը չլինէր, Ադրբեջանը երբեք չէր յանդգնի ճանապարհը փակել, որովհետեւ նոյն նոյեմբերի 9-ի պայմանաւորւածութեան շրջանակում այդ ճանապարհի անխափան գործունէութեան երաշխաւորը նաեւ Ադրբեջանն է: Երկրորդ՝ վերջին տարիները ցոյց են տալիս, որ Ալիեւն աւելի ազնիւ է հայ հասարակութեան եւ Փաշինեանի ընտրողների հետ, քան ինքը՝ Փաշինեանը: Ալիեւն ամանորեայ ուղերձում ասաց, որ առաջին անգամ Հայաստանը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականութիւնը, ինչը նշանակում է՝ Արցախը ներառեալ»:
Նրա մօտ տպաւորութիւն է, որ Ադրբեջանի մեջլիսի պատգամաւորները Հայաստանում խմբակցութիւն ունեն, քանի որ ՔՊ-ականների եւ ադրբեջանցիների յայտարարութիւնները, ըստ նրա, համահունչ են:
«Եկէք՝ անկեղծ լինենք. բոլորս էլ հասկանում ենք, որ ՀԱՊԿ-ը Ռուսաստանի Դաշնութիւնն է, որը մեր տարածաշրջանի կոնֆլիկտային գօտիներում ներկայութեան եւ մասնակցութեան տարբեր ձեւաչափեր ունի: Նոյն հայ-թուրքական խնդրայարոյց յարաբերութիւնների շրջանակում իրենք ընտրել են անվտանգութեան երաշխաւորի կարգավիճակը, կանգնած են հայ-թուրքական սահմանին, եւ սկսած 90-ականներից, երբ մենք ազատագրում էինք Քարվաճառը, իսկ Թուրքիան սպառնում էր Հայաստանի վրայ յարձակւել, այդ ժամանակւանից մինչ այսօր ռուսները պահպանում են սահմանի անվտանգութիւնը: Բայց հայ-ադրբեջանական յարաբերութիւնների եւ կոնֆլիկտի տրամաբանութեան շրջանակներում ռուսական կողմն ընտրել է միջնորդի կարգավիճակը, իսկ միջնորդը չի կարող կողմնակալ լինել:
Նախորդ տարւայ վերջին Մակրոնը հարցազրոյց էր տւել եւ ոչ հարիւր տոկոսանոց հայամէտ յայտարարութիւն էր անել, բայց անգամ դա բաւական էր, որ Ադրբեջանից ասեն, որ ոչ միայն դատապարտում են Մակրոնին, այլ նաեւ պաշտօնական Բաքուն հրաժարւեց մասնակցել այն բանակցութիւններին, որին պէտք է մասնակցէր նաեւ Մակրոնը: Հիմա, եթէ Ռուսաստանը կողմնապահ դիրքորոշում ցուցաբերի եւ անի յայտարարութիւն, դա կը նշանակի, որ Ռուսաստանը դառնում է կոնֆլիկտի կողմ: Երկրորդ՝ Ադրբեջանը պահանջելու է խաղաղապահներին դուրս բերել Արցախի Հանրապետութիւնից, եւ մենք ուզենք թէ չուզենք, դա բերելու է բախման, իսկ բախման թատերաբեմը լինելու են Հայաստանն ու Արցախը»,- ընդգծեց քաղաքագէտը:
Ռազմիկ Մարտիրոսեան