Վերջին օրերին Իրանում անցկացւեց տուրիզմի եւ յարակից ոլորտների միջազգային ցուցահանդէս, որին նաեւ մասնակցել է տնտեսագէտ-դոկտոր Սուրէն Պարսեանը, որի մանրամասները պարզելու նպատակով զրուցել ենք նրա հետ:
«alikonline.ir» - Վերջին օրերին Իրանում անցկացւեց տուրիզմի եւ յարակից ոլորտների միջազգային ցուցահանդէս, որին նաեւ մասնակցել է տնտեսագէտ դոկտոր Սուրէն Պարսեանը, որի մանրամասները պարզելու նպատակով զրուցել ենք նրա հետ:
- Դոկտ. Պարսեան ինչպէ՞ս էք գնահատում կազմակերպւած ցուցահանդէսը եւ ի՞նչ արդիւնքներ է կարող ունենալ այն, ըստ ձեզ, գործնականում՝ զարգացնելու երկու երկրների միջեւ յարաբերութիւնները, մասնաւորապէս՝ զբօսաշրջութեան ոլորտի ուղղութեամբ։
- Իրանի Իսլամական Հանրապետութեան տուրիզմի նախարարութեան (Մշակութային ժառանգութեան եւ զբօսաշրջութեան նախարարութեան) հրաւէրով մէկշաբաթեայ այցով Թեհրանում էի։ Սա իմ երկրորդ ճանապարհորդութիւնն էր Մերձաւոր Արեւելքի ամենախոշոր երկրներից մէկը, որի հետ Հայաստանն ունի հազարամեակների պատմութիւն եւ ցամաքային կապ։ Այս անգամ հնարաւորութիւն ունեցայ մօտիկից ծանօթանալու Իրանի պատմութեանը, մշակոյթին, տուրիզմին եւ տնտեսութեան այլ ճիւղերին։ Այցի ընթացքում պատիւ ունեցայ մասնակցելու փետրւարի 7-10-ը Թեհրանում կայացած «Տուրիզմի եւ յարակից ոլորտների 16-րդ միջազգային ցուցահանդէսին», որի ընթացքում Իրանի Իսլամական Հանրապետութեան նահանգներն առանձին-առանձին ներկայացնում էին իրենց տեսարժան վայրերը, հիւրանոցային տնտեսութիւնները, ժամանցի օբիեկտները, մշակութային ժառանգութիւնը, սովորոյթները, յուշանւէրները, պարերը, երգերը եւ այլն։ Հարկ է նշել, որ նման մեծ մասնագիտացւած ցուցասրահ այս տարածաշրջանում գոյութիւն չունի. իրանականը եզակի է իր մեծութեամբ, կազմակերպւածութեամբ եւ բազմազանութեամբ։
Յատկապէս տպաւորիչ էր Թաւրիզը ներկայացնող ցուցասրահներից մէկը, որի ցուցանակներում եւ բուկլետներում նաեւ հայերէնով առկայ էին հայկական յուշարձանների մասին տեղեկութիւններ՝ յստակ մատնանշելով եւ կարեւորելով այդ շրջանի մեր մշակութային ժառանգութիւնն ու սփիւռքը։ Առիթից օգտւելով շնորհակալութիւնս եմ յայտնում իրանական կառավարութեանը, ում հոգատարութեան տակ է մշտապէս գտւում հայ մշակութային ժառանգութիւնը, ինչը, անշուշտ, հարստացնում է Իրանի տուրիստական ներուժը։ Իրանական փորձը կարող է դառնալ աշխարհի լաւագոյն օրինակներից մէկը, թէ ինչպէս է հնարաւոր կողք-կողքի ներկայացնել եւ պահպանել իսլամական եւ քրիստոնէական մշակութային ժառանգութիւնները։
Այս ցուցահանդէսի շրջանակում հանդիպում եղաւ նաեւ Իրանի տուրիզմի նախարար Էզաթօլլահ Զարղամիի հետ, ով նոյնպէս կարեւորեց հայ-իրանական զբօսաշրջային կապերի զարգացումը։
«Տուրիզմի եւ յարակից ոլորտների միջազգային ցուցահանդէս»-ը արդիւնաւէտ հարթակ է նոր գործընկերներ գտնելու, փորձի փոխանակութեան եւ ընդհանուր տուրիստական ոլորտի միտումները գնահատելու համար, որին պէտք է հրաւիրւեն (ակտիւ մասնակցեն) նաեւ հայկական տուրիստական ընկերութիւններ։ Նման միջոցառումների ակտիւ մասնակցելու համար ընկերութիւնները պետական աջակցութեան կարիք ունեն։
- Հայաստանի դէմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի հետեւանքով զբօսաշրջութեան ոլորտը լուրջ խնդիրների առաջ է կանգնել: Զբօսաշրջային կենտրոններ ռազմական գործողութիւնների ընթացքում թիրախաւորւած են եղել: Ինչպէ՞ս էք գնահատում իրավիճակն այսօր, հնարաւո՞ր է արդեօք տարածաշրջանում ծաւալւող գործընթացների հետեւանքները չէզոքացնել, մասնաւորապէս՝ հայ-իրանական զբօսաշրջութեան յարաբերութիւնների եւ երկկողմ զբօսաշրջային հոսքիերի առումով։
- Կորոնավարակը մեծ հարւած հասցրեց համաշխարհային տուրիզմի ոլորտին, անշուշտ, Հայաստանն էլ չէր կարող այս ամենից անմասն մնալ, Հայաստանի տնտեսութեան, այդ թւում՝ տուրիզմի վիճակն էլ վատթարացրեց արցախեան 44-օրեայ պատերազմը։ Պատերազմից յետոյ կտրուկ նւազեց Հայաստանի հարաւային ուղղութեամբ տուրիստական հոսքերը, որը աւարտւում էր Արցախում։ Ի յայտ եկած անվտանգային խնդիրները, օտարերկրեայ քաղաքացիների մուտքի սահմանափակութիւնը մեծ վնաս հասցրեցրին նաեւ Արցախի զբօսաշրջութեան ոլորտին։ Արդէն 2022 թւականի սեպտեմբերին ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով էլ աւելի խորացաւ հարաւային ուղղութեամբ Հայաստանի զբօսաշրջութեան ճգնաժամը։ Մասնաւորապէս՝ Ջերմուկը, որը հանդիսանում է Հայաստանի առողջարանական հանգստավայր, դարձաւ սահմանամերձ եւ վտանգաւոր, զբօսաշրջիկնրի հոսքը կտրուկ նւազեց։
Հայաստանի զբօսաշրջութեան վիճակը համակողմանի պատկերացնելու համար պէտք է անդրադառնալ պաշտօնական թւերին։ Եւ այսպէս 2020 թւականին 2019 թւականի համեմատ Հայաստան ժամանած զբօսաշրջիկների թիւը նւազել էր 80 տոկոսով։ 2021-2022 թւականների ընթացքում Հայաստանի զբօսաշրջութեան ոլորտը դանդաղօրէն վերականգւել է, սակայն դեռ չի հասել մինչ ճգնաժամային՝ 2019 թւականի ցուցանիշին։ 2022 թւականի ընթացքում ԻԻՀ-ից Հայաստան են ժամանել 116430 զբօսաշրջիկներ, որը նախորդ տարւայ համեմատ աւելի է 27,5 տոկոսով։ 2022 թւականի ընթացքում Հայաստան ժամանած զբօսաշրջիկների մէջ իրանցիների մասնաբաժինը կազմում է 6.9 տոկոս։ Այնուամենայնիւ, պէտք է արձանագրել, որ իրանցի զբօսաշրջիկների թիւը մի քանի անգամ նւազել է 2017-2018 թւականների համեմատ, որը պայմանաւորւած է իրանական արժոյթի կտրուկ արժեզրկմամբ, անվտանգային եւ այլ խնդիրներով։
Ուշագրաւ է նաեւ, որ 2020-2021 թւականներին Իրանից Հայաստան եկող զբօսաշրջիկների մի զգալի մասի նպատակը եւրոպական եւ ամերկեան պատւաստանիւթերի անվճար ստանալն էր։ Թէեւ, 2022 թւականի ընթացքում Հայաստանից մեկնած ընդհանուր զբօսաշրջիկների թիւն աւելացել է 2.6 անգամ, սակայն դէպի ԻԻՀ Հայաստանի տուրիստական հոսքերը շատ փոքր են, ինչը հիմնականում պայմանաւորւած է Իրանի մասին սակաւ եւ երբեմն ոչ ճիշտ տեղեկատւութեամբ, իրանական եւ հայկական տուրիստական ընկերութիւնների պասիւութեամբ, լեզւական խնդրով եւ այլ հանգամանքներով։ Այնուամենայնիւ, վերջին տարիների ընթացքում հայ զբօսաշրջիկների համար նոր եւ ակտիւ զբօսաշրջային ուղղութիւն է դարձել Քիշը (Հորմոզգան նահանգում), որը Պարսից ծոցում գտնւող իրանական փոքր կղզի է։ Այն հանդիսանում է Իրանի եւ Պարսից ծոցի ամենախոշոր եւ յայտնի լողափային հանգստավայրերից մէկը։ Կղզու ամբողջ տարածքը ազատ տնտեսական գօտի է, որտեղ կարելի է շատ մատչելի գներով ձեռք բերել տարբեր նշանակութեան ապրանքներ։ Դէպի Իրան զբօսաշրջային հոսքերի աճին կարող են նպաստել էժան աւիատոմսերը։ Նշեմ, որ հայկական եւ իրանական աւիաընկերութիւնները շաբաթը մի քանի կանոնաւոր թռիչքներ ունեն։
- Նախորդ տարի ՀՀ Սիւնիքի մարզկենտրոն Կապան քաղաքում Իրանի գլխաւոր հիւպատոսութիւն բացւեց, նաեւ ՀՀ-ում Իրանի դեսպանի մակարդակով յայտարարւեց, որ շուտով Իրանի Թաւրիզ քաղաքում Հայաստանի գլխաւոր հիւպատոսութիւն կը բացւի։ Ինչ արդիւնքեր են կարող ունենալ տւեալ ինստիտուտները երկու երկրների ժողովուրդների համար։
- Միանշանակ պէտք է ողջունել եւ օժանդակել հիւպատոսութիւնների բացում մեր երկրներում։ Կապանում Իրանի Իսլամական Հանրապետութեան հիւպատոսութեան բացումը ռազմաքաղաքական նշանակութիւնից բացի պէտք է ունենայ նաեւ սոցիալական, տնտեսական, մշակութային եւ կրթական բովանդակութիւն։ Հիմնականում հանքարդիւնաբերութեան ոլորտով պայմանաւորւած՝ 2021 թւականի ընթացքում Սիւնիքի մարզում աղքատութեան մակարդակը կազմել է 2.8 տոկոս, որը Հայաստանի ամենաբարեկեցիկ տարածաշրջանն է, այն գերազանցում է նոյնիսկ Երեւանին (15.9 տոկոս)։ Հետեւաբար, իրանական սոցիալ-տնտեսական ծրագրերը չպէտք է իրականացւեն զուտ բարեսիրական նպատակով (անվճար պարեն, այլապրանքներ բաժանելով), այլ դրանք պէտք է ուղղւած լինեն Հայաստանի տնտեսական ներուժի հզօրացմանը, անվտանգութեան բարելաւմանը, Եւրասիական միութեան անդամ երկրների (Հայաստան, Ռուսաստան, Բելառուս, Ղազախստան եւ Ղրղզստան) միջեւ արտաքին առեւտրաշրջանառութեան ծաւալների աւելացմանը, ուսանողների փոխանակութեանը, գիտական, մանկավարժական ու դասախօսական ներուժի վերապատրաստմանն եւ այլն։ Անշուշտ, այս ամենին իր մասնակցութիւնը կարող է ունենալ իրանահայ համայնքը, ով ունի բարձր մակարդակի կապեր, ծանօթ է Իրանի պետական եւ բիզնես գործունէութեանը։ Հայաստանի պարագայում Թաւրիզում հիւպատոսութեան բացումը կարող է էապէս բարելաւել առեւտրային յարաբերութիւնները երկրների միջեւ։ Տեղին է յիշեցնել, երբ 2021 թւականի ընթացքում արգելւել էր թուրքական ապրանքների ներկրումը Հայաստան, հազարաւոր վաճառականներ հիմնականում իրենց սեփական մեքենաներով սկսեցին Իրանի հիւսիսային շրջաններից լայն սպառման ապրանքներ(հագուստ, սպասք, մաքրող նիւթեր, քաղցրաւենիք եւ այլն) ներկրել դէպի Հայաստան, որը, ցաւօք, նւազեց թուրքական ապրանքների ներկրման արգելքը վերացնելուց յետոյ։ Ինչեւէ, սա լաւ փորձ էր, որ կարելի է զարգացնել։ Միաժամանակ, պէտք է դիտարկել Հայաստանից արտահանման ծաւալների աւելացումը, ներկայումս Հայաստանից Իրան արտահանման 80 տոկոսը կազմում է էլեկտրաէներգիան, ինչը խիստ մտահոգիչ է։ Չնայած, որ 2019 թւականին Իրանի եւ Եւրասիական միութեան անդամ երկրների միջեւ գործում է ազատ առեւտրի համաձայնագիրը, ինչը թոյլ է տալիս զրոյական կամ դրան մօտ մաքսատուրքերով ապրանքներ ներկրել եւ արտահանել, այնուամենայնիւ, իրանական շուկան շարունակում է մնալ փակ հայկական ընկերութիւնների համար՝ հիմնականում բիւրոկրատական արգելքների եւ շուկային ծանօթ չլինելու պատճառով։ Ինքս այս ազատ առեւտրի համաձայնագրի մշակման աշխատանքներին մասնակցել եմ, եւ ցաւով եմ նշում, որ դրա հնարաւորութիւններն ամբողջութեամբ չեն օգտագործւում երկու երկրների կողմից։
- Ըստ ձեզ, ներկայ ժամանակաշրջանում, որ գործօնների առաւել ակտիւացումն է կարող աջակցել հայ-իրանական յարաբերութիւնների խորացման։
- ԻԻՀ-ն իր արտաքին քաղաքականութիւնն իրականացնում է արժանապատւութեան, իմաստութեան եւ նպատակայարմարութեան սկզբունքների վրայ, ինչը թոյլ է տալիս զարգացնել եւ ընդլայնել հայ-իրանական առեւտրատնտեսական կապերը բոլոր ուղղութիւններով։ Հայ-իրանական քաղաքա-տնտեսական յարաբերութիւնները չեն եղել եւ չեն կարող լինել ի վնաս երրորդ երկրների, Հայաստանի եւ Իրանի յարաբերութիւնները չունեն զարգացման այլընտրանք։ Միաժամանակ պէտք է նշել, որ ներկայում այս տարածաշրջանում Իրանը միակ երկիրն է, որ վարում է կայունացնող, նոր բախումները զսպող քաղաքականութիւն, ինչը բխում է նաեւ Հայաստանի շահերից։ Այնուամենայիւ, Հարաւային Կովկասում երկարաժամկէտ եւ արժանապատիւ խաղաղութեան համար անհրաժեշտ է երկու երկրների միջեւ զարգացնել ռազմաքաղաքական եւ սոցիալ-տնտեսական կապերը։ Այս հանգրւանում կարեւոր եմ համարում ուսանողների, դասախօսների, մտաւորակաների, գործարարների, պաշտօնեաների փոխադարձ այցերը եւ գործնական նշանակութիւն ունեցող համատեղ ծրագրերի մշակումը եւ կեանքի կոչումը։ Առեւտրաշրջանառութեան ծաւալների աւելացմանը խոչընդոտող խնդիրները պէտք է լուծւեն օպերատիւ՝ ունենալով յստակ պատասխանատու պաշտօնեայ կամ մարմին։ Յանձնաժողովներով կամ խմբերով գործունէութիւնը այս պարագայում չի արդարացրել իրեն, հարցերը շարունակւում են կուտակւել, իսկ ժամանակն մեր եռող տարածաշրջանի համար շատ թանկ է։
- Շնորհակալութիւն: