Փետրւարի 20-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Երեւանի տարբեր բարձրագոյն ուսումնական հաստատութիւններում ուսանող արցախցի մի խումբ երիտասարդների։
«alikonline.ir» - Փետրւարի 20-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Երեւանի տարբեր բարձրագոյն ուսումնական հաստատութիւններում ուսանող արցախցի մի խումբ երիտասարդների։ Տեղեկացնում է Մայր Աթոռ Ս. Էջմիածին տեղեկատւական համակարգը:
Ուսանողները Նորին Սրբութեան ներկայացրեցին իրենց նախաձեռնութիւնները, որոնց նպատակն է մէկ անգամ եւս ՀՀ-ում հաւատարմագրւած դիւանագիտական առաքելութիւնների եւ միջազգային կազմակերպութիւնների ուշադրութիւնը հրաւիրել Լաչինի միջանցքի արգելափակման հետեւանքով Արցախում ստեղծւած հումանիտար աղէտին։
Ամենայն հայոց կաթողիկոսը, իր հայրական սէրն ու օրհնութիւնը փոխանցելով երիտասարդ արցախցիներին, իր գնահատանքը բերեց նրանց՝ Արցախի առջեւ ծառացած մարտահրաւէրների յաղթահարման գործում ներդրւող ջանքերի ու նախանձախնդիր ոգու դրսեւորման համար։
Նորին Սրբութիւնն արցախցի երիտասարդներին նաեւ տեղեկութիւններ փոխանցեց արցախեան հիմնախնդրի լուծմանը, Լաչինի միջանցքի վերաբացմանն ու Ադրբաջանի վերահսկողութեան տակ անցած տարածքներում հայկական հոգեւոր, մշակութային ժառանգութեան պահպանմանն ուղղւած Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից տարւող աշխատանքների մասին։