Գործող իշխանութիւններն անցած տարւայ ընթացքում յայտարարում էին՝ մինչեւ տարեվերջ խաղաղութեան պայմանագիր կը ստորագրեն, բայց հիմա մենք 2023 թ-ի փետրւարի վերջին ենք եւ որեւէ պայմանագիր դեռեւս ստորագրւած չէ։ Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսում ասաց «Համախմբում» շարժման խորհրդի անդամ Աւետիք Չալաբեանը՝յաւելելով, որ շատ յաճախ յայտարարութիւններն ու իրականութիւնն իրարից տարբերւում են, իսկ դրա հիմնական պատճառներից մէկն այն է, որ ներսից կայ լուրջ դիմադրութիւն։
«alikonline.ir»- Գործող իշխանութիւններն անցած տարւայ ընթացքում յայտարարում էին՝ մինչեւ տարեվերջ խաղաղութեան պայմանագիր կը ստորագրեն, բայց հիմա մենք 2023 թ-ի փետրւարի վերջին ենք եւ որեւէ պայմանագիր դեռեւս ստորագրւած չէ։ Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսում ասաց «Համախմբում» շարժման խորհրդի անդամ Աւետիք Չալաբեանը՝յաւելելով, որ շատ յաճախ յայտարարութիւններն ու իրականութիւնն իրարից տարբերւում են, իսկ դրա հիմնական պատճառներից մէկն այն է, որ ներսից կայ լուրջ դիմադրութիւն։
Նրա խօսքով՝ այդ դիմադրութիւնը կայ նաեւ իշխանութեան, պետական մարմինների ներսում։ Գրում է Panorama.am-ը:
«Մարդիկ հասկանում են, որ մեզ պարտադւող «խաղաղութեան պայմանագիրն» ամենեւին էլ խաղաղութեան չէ։ Դա նոր պատերազմի պատուհան, դուռ բացող պայմանագիր է։ Այդ պայմանագիրը Ադրբեջանին կը տայ այնպիսի առաւելութիւններ, որ նա հնարաւորութիւն կունենայ մէկ կամ երկու տարի դադար վերցնել, յետոյ փաստաթուղթը պատռել եւ գցել աղբամանն ու նոր ագրեսիա սկսել Հայաստանի նկատմամբ՝ ունենալով շատ աւելի բարենպաստ պայմաններ։ Իշխանութեան ներսում բոլորը չէ, որ յիմար են, որոշ մարդիկ հասկանում են՝ պէտք չէ նման թղթի տակ ստորագրել»,- նշեց Աւետիք Չալաբեանը։
Նա միաժամանակ ասաց, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղութեան պայմանագրով բոլորովին էլ պարտադիր չէ, որ Հայաստանը Արցախը թողնի Ադրբեջանի կազմում։ «Հայաստանի ու Ադրբեջանի յարաբերութիւնների կարգաւորման հարցն ի վերջոյ կարող է անջատւել Արցախի հարցի լուծումից։ Այդ պայմանագրում կարող է նախատեսւել, որ Արցախի կարգավիճակի, Արցախի եւ Ադրբեջանի յարաբերութիւնների հարցը մնում է հետագայ բանակցութիւններին»,- ընդգծեց նա՝ յաւելելով, բանակցային գործընթացում նման տարբերակ դիտարկւում է։
Այսպիսով, ըստ Աւետիք Չալաբեանի, կարեւոր է՝ այսօր չստորագրել այնպիսի փաստաթուղթ, որով կարելի է փակւած համարել Արցախի հարցը, որը կարող է դառնալ միջազգային իրաւունքի դէ ֆակտօ մաս։
«Պէտք է բանակցութիւնները շարունակել այնքան ժամանակ, մինչեւ մենք կը գանք հանգրւանին, որ Արցախի կարգավիճակի հարցը նորից կը դառնայ առանցքային»,- ասաց նա։
Աւետիք Չալաբեանի խօսքով՝ Ադրբեջանի շահերից էլ է բխում խաղաղութիւնը, ի վերջոյ չի կարող անընդհատ պատերազմել։ «2020 թւականի 44-օրեայ պատերազմում Ադրբեջանը հսկայական գին է վճարել։ Մենք չենք խօսում իրենց զոհերի, չծնւած երեխաների մասին. Մէկ տարում այնտեղ ծնելիութիւնը 15 հազարով նւազել է, չենք տեսնում այն տնտեսական վնասները, որոնք կրել են։ Այսինքն՝ իրենք էլ են մեծ գին վճարում պատերազմի համար»,- նշեց նա։
Ըստ նրա՝ պէտք է Ադրբեջանին ստիպել եւ օգտագործել այն բոլոր յաղթաթղթերը, որ բանակցային գործընթացն աստիճանաբար բերեն միջազգային իրաւունքի եւ արդարութեան դաշտ։ Այս դէպքում, ինչպէս նշում է Չալաբեանը, Արցախի հարցը կունենայ հայանպաստ լուծում։
«Ուստի պէտք է իշխանութեանը թոյլ չտալ այդ կործանարար սխալը գործել ինչ-ինչ նկատառումներից ելնելով, իսկ դրա համար պէտք է լինի լուրջ դիմադրութիւն»,- ասաց նա։
Աւետիք Չալաբեանը նաեւ նշեց, որ այս իշխանութիւնը շատ լուրջ կախւած է հանրային կարծիքից, ուստի մշտապէս զբաղւած է մասշտաբային մանիպուլեացիայով։
«Ֆէյսբուքում տեսնում էք, թէ ինչ քանակութեամբ կեղծ օգտատէրեր կան, որոնք առաւօտից մինչեւ իրիկուն Նիկոլ Փաշինեան են գովում, մենկաբանում են նրա՝ եգիպտացորեն ուտելը, նրա կնոջ ճանապարհորդութիւնները՝ բնականաբար այդ ամէնը փորձելով դրական լոյսի ներքոյ ներկայացնել։ Մենք պէտք է թոյլ չտանք, որ Արցախի հարցում մեզ մանիպուլացնեն։ ՀՀ բնակչութեան առնւազն 95%-ը համարում է, որ Արցախը չպիտի լինի Ադրբեջանի կազմում։ Եթէ բնակչութեան 95%-ն ունի միասնական, կոնսոլիդացւած կարծիք, մենք պիտի կարողանանք այդ կարծիքը այս իշխանութիւններին պարտադրել։ Դա իւրաքանչիւրիս պարտականութիւնն է»,- յայտարարեց Աւետիք Չալաբեանը։