Հա

Քաղաքական

01/03/2023 - 12:20

«Պահանջում ենք չստորագրել Արցախը որեւէ կերպ Ադրբեջանի կազմում ճանաչելու վերաբերեալ փաստաթուղթ». յայտարարութիւն

ՀՀ գործող իշխանութիւններից պահանջում ենք յստակօրէն հրաժարւել Արցախը որեւէ կերպ Ադրբեջանի կազմում ճանաչելու վերաբերեալ ցանկացած փաստաթուղթ ստորագրելուց: Այս մասին յայտարարութիւն են տարածել «Արցախի Հանրապետութեան միջազգային ճանաչման հրամայականը» գիտագործնական համաժողովի համակազմակերպիչները: 

«alikonline.ir» - ՀՀ գործող իշխանութիւններից պահանջում ենք յստակօրէն հրաժարւել Արցախը որեւէ կերպ Ադրբեջանի կազմում ճանաչելու վերաբերեալ ցանկացած փաստաթուղթ ստորագրելուց: Այս մասին յայտարարութիւն են տարածել «Արցախի Հանրապետութեան միջազգային ճանաչման հրամայականը» գիտագործնական համաժողովի համակազմակերպիչները: Գրում է Yerkir.am-ը:

Յայտարարութիւնը ներկայացնում ենք ստորեւ.

«Մենք՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի օրհնութեամբ 2023թ․ փետրւարի 24-ին եւ 25-ին Երեւանում տեղի ունեցած «Արցախի Հանրապետութեան միջազգային ճանաչման հրամայականը» գիտագործնական համաժողովի համակազմակերպիչներս, հիմք ընդունելով համաժողովի ակադեմիական զեկուցումներում եւ գործնական ելոյթներում տեղ գտած գաղափարները, փաստարկներն ու գիտական հիմնաւորումները, արձանագրում ենք․

- Արցախը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում, աւելին՝ Արցախի Հանրապետութիւնը կայացած պետութիւն է։ Պատմականօրէն Լեռնային Ղարաբաղը հազարամեակներ եղել է հայկական տարածք, իսկ 1918-20 թւականներին, երբ Ադրբեջանն առաջին անգամ իր նկրտումներն է ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի տարածքների նկատմամբ, միջազգային բոլոր զեկոյցներում այն աներկբայօրէն ճանաչւել է որպէս հայերով բնակեցւած տարածք, եւ միայն խորհրդային կարգերի հաստատումից յետոյ, ներքին վարչատարածքային բաժանմամբ բռնակցւել է Խորհրդային Ադրբեջանին՝ նոյնիսկ այդ պայմաններում ունենալով ինքնավար մարզի կարգավիճակ։ Արցախի անկախացման հիմքում ընկած խորհրդային օրէնքները համապատասխանել են միջազգային իրաւունքի նորմերին՝ ընձեռելով ժողովուրդների ինքնորոշման հաւասար իրաւունք։ Արցախի անկախացման փաստական հիմքերը եղել են ոչ միայն Արցախի էթնիկ, տարածքային, սոցիալ-մշակութային, տնտեսական, պատմական ինքնուրոյնութիւնը, այլ առաջին հերթին նրա ժողովրդի՝ Ադրբեջանի կողմից ցեղասպանութեան չենթարկւելու գոյաբանական անհրաժեշտութիւնը։ Միջազգային հանրութիւնը երբեք չի արտայայտել իրաւաքաղաքական դիրքորոշում առ այն, որ Արցախը պէտք է ներառւի Ադրբեջանի կազմում, իսկ 2007թ․ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջարկւել է, եւ 2009թ․ Հայաստանի եւ Ադրբեջանի կողմից որպէս բանակցային հիմք են ընդունւել Մադրիդեան սկզբունքները, որոնցով տարածքային ամբողջականութեան սկզբունքի հետ միասին որպէս բանակցային հիմք հաստատւում էր ժողովուրդների ինքնորոշման իրաւունքը։ Արցախի Հանրապետութեան կայացման միջազգային իրաւական հիմքերն անառարկելի են, եւ նրանցից որեւէ նահանջ անթոյլատրելի է։

- Արցախի հարցը հայութեան գոյութենական խնդիրների փաթեթից դուրս դիտարկելը անթոյլատրելի է։ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելը, առաւել եւս դա իրաւաբանական ինչ-որ փաստաթղթով ամրագրելը, Արցախի ինքնորոշման իրաւունքի իրացման պայքարից հրաժարւելը ոչ թէ կերաշխավորի Հայաստանի Հանրապետութեան տարածքային ամբողջականութիւնը եւ Հայաստանի Հանրապետութեան բնակչութեան ֆիզիկական անվտանգութիւնը, այլ ճիշտ հակառակը՝ կը դառնայ հայոց պետականութեան կործանման, հայ ժողովրդի ցեղասպանման գործընթացին անշրջելիութիւն հաղորդող հերթական ողբերգական հանգրւանը, քանզի Ադրբեջանը չի թաքցնում իր ցեղասպան նկրտումները ոչ միայն Արցախի, այլեւ Հայաստանի Հանրապետութեան նկատմամբ, եւ իր բազմաթիւ ատելապաշտ գործողութիւններով ու հռետորաբանութեամբ մերժում է հայ ժողովրդի գոյութեան բուն իրաւունքը սեփական պատմական հայրենիքում։

- Արցախի Հանրապետութեան միջազգային ճանաչման քաղաքական, դիւանագիտական մեխանիզմներն ու հնարաւորութիւններն ամենեւին սպառւած չեն։ Իրաւաքաղաքական տեսանկիւնից սնանկ են իշխանական քարոզչամեքենայի կողմից սփռւող այն պնդումները, թէ իբր անկախացումից ի վեր, դեռեւս 1991թ. դեկտեմբերի 21-ի Ալմա-Աթայի հռչակագրով Հայաստանը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականութիւնը՝ ներառելով Արցախը վերջինիս կազմում։ Նոյն կերպ կեղծ ու անհիմն են այն պնդումները, թէ միջազգային հանրութիւնը Արցախը տեսնում է Ադրբեջանի կազմում։ Միջազգային հանրութիւնը մեզ չի շտապեցնում Ադրբեջանի հետ կնքել այնպիսի «խաղաղութեան պայմանագիր», որին յաջորդելու են Ադրբեջանի նոր ագրեսիան, անհիմն տարածքային պահանջները, աննկարագրելի ծաւալի ռեպարացիաները, որոնց գինը պէտք է վճարի ողջ հայ ժողովուրդը եւ որոնց արդիւնքը դառնալու է Հայաստանի Հանրապետութեան ինքնիշխանութեան կորուստը եւ փաստացի կործանումը։ Մինսկի խմբի համանախագահ պետութիւնները, թէեւ ունեն աշխարհաքաղաքական լուրջ տարաձայնութիւններ, այնուամենայնիւ ԼՂ խնդրի կարգաւորման հարցում մինչ օրս էլ պահպանում են ընդհանուր, միջազգային իրաւունքի սկզբունքների վրայ հիմնւած հաւասարակշռւած դիրքորոշում, եւ համանախագահ բոլոր երեք պետութիւններն էլ 2020թ․ 44-օրեայ պատերազմից յետոյ յստակ դիրքորոշում են յայտնել առ այն, որ Արցախի կարգավիճակի հարցը փակւած չէ։ Բերձորի միջանցքի շրջափակման վերաբերեալ բազմաթիւ պետութիւնների եւ միջազգային կառոյցների յայտարարութիւնները եւս ապացուցում են, որ միջազգային հանրութեան համար ընկալելի է, որ Արցախի ինքնորոշումն ամենեւին էլ անջատողականութեան հարց չէ։ Այն տարբերւում է տարբեր քաղաքակիրթ երկրներում ժամանակ առ ժամանակ ծագող ազգային ինքնորոշման իրաւունքի իրացման նախաձեռնութիւններից․ սա ֆիզիկական գոյատեւման, ցեղասպանութիւնը կանխելու միակ իրատեսական փրկութեան ուղին է։ Միջազգային դերակատարների համար ընդունելի ու հասկանալի կը լինեն նաեւ Հայաստանի Հանրապետութեան կողմից ներկայացւող բոլոր այն բանակցային նախապայմանները (Շուշիի, Հադրութի, Արցախի Հանրապետութեան այլ տարածքների դէօկուպացիա, փախստականների վերադարձ, միջնորդային առկայ ձեւաչափի վերականգնում կամ նոր ձեւաչափի ստեղծում, 2020թ․ նոյեմբերի 9-ի յայտարարութեամբ Ադրբեջանի ստանձնած պարտաւորութիւնների կատարում եւ այլն), որոնք կը չէզոքացնեն բանակցային գործընթացը նոր կապիտուլեացիոն ակտով դադարեցնելու Ադրբեջանի նկրտումները։ Հայաստանի Հանրապետութիւնը նաեւ հնարաւորութիւն ունի միջազգային դատական ատեաններում բազմաթիւ գործերով Ադրբեջանին պատասխանատւութեան կանչել՝ կատարած ռազմական, ցեղասպան ու այլ մարդատեաց յանցագործութիւնների համար, դրանով է՛լ աւելի ամրապնդելու սեփական բանակցային դիրքերը։ Հայկական սփիւռքն այսօր էլ ունի չիրացւած լոբբինգային մեծ հնարաւորութիւններ, սակայն Հայաստանի Հանրապետութեան գործող իշխանութիւնների ուղեգիծը հակասում է նաեւ սփիւռքահայ կառոյցների գործունէութեան շարունակական տրամաբանութեանը եւ զրկում նրանց անհրաժեշտ արդիւնաւէտութիւնից, ինչպէս նաեւ խզում առաջացնում օտարերկրեայ դիւանագիտական որոշումների ընդունման կենտրոններում՝ միասնական հայկական դիրքորոշումն ընկալելու հարցում։

- Արցախի Հանրապետութեան միջազգային ճանաչմանն աջակցելը՝ Հայաստանի Հանրապետութեան հետ վերամիաւորւելու հեռանկարով, Հայաստանի Հանրապետութեան իշխանութիւնների սահմանադրական պարտականութիւնն է։ Այն բխում է ՀՀ Անկախութեան հռչակագրից եւ Սահմանադրութիւնից։ Սահմանադրական այս պարտականութիւնից փաստացի հրաժարւելը ոչ միայն անօրինական է, այլ նաեւ դաւաճանութիւն է հայ ժողովրդի կենսական շահերի նկատմամբ եւ անխուսափելիօրէն յանգեցնելու է իրաւական եւ քաղաքական պատասխանատւութեան։

- Արցախի Հանրապետութեան միջազգային ճանաչման համար պայքարը հայ ժողովրդի առանցքային առաքելութիւնն է։ Այդ պայքարը պէտք է նոր շունչ ստանայ, դուրս բերւի ներքաղաքական հակասութիւնների եւ աշխարհաքաղաքական նախընտրութիւնների տրամաբանութիւնից։ Այսօր երիտասարդ սերնդի զգալի մասի մօտ դրսեւորւող անտարբերութիւնը Արցախի ճակատագրի նկատմամբ պէտք է եւս յաղթահարւի, այն պէտք է անմիջաբար կապւի քաղաքացիական պատասխանատւութեան եւ կենսունակ հայրենիք ունենալու հրամայականի հետ։ Թէ՛ համակազմակերպիչները, եւ թէ՛ նրանց գաղափարները կիսող բոլոր կառոյցները ուղիղ պարտականութիւն ունեն՝ վերականգնելու մեր երիտասարդութեան վճռականութիւնը ազգային-ազատագրական պայքարը տրամաբանական աւարտի հասցնելու նկատմամբ եւ պարտաւոր են հնարաւոր առաւելագոյնն անել՝ ներգրաւելու մեր երիտասարդութեանն այդ պայքարում։

Ելնելով վերոնշեալից՝

- վճռական ենք՝ հասու բոլոր միջոցներով Հայաստանի Հանրապետութեան գործող իշխանութիւններին հետ պահելու Արցախի հարցում վարւող հակաօրինական եւ կործանարար քաղաքականութիւնից,

- ՀՀ գործող իշխանութիւններից պահանջում ենք յստակօրէն հրաժարւել Արցախը որեւէ կերպ Ադրբեջանի կազմում ճանաչելու վերաբերեալ ցանկացած փաստաթուղթ ստորագրելուց,

- այս առումով ակնկալում ենք հայրենիքի ճակատագրով մտահոգ մեր բոլոր հայրենակիցների եւ կազմակերպութիւնների աջակցութիւնը, եւ Հայաստանի, Արցախի եւ սփիւռքահայ բոլոր հասարակական ու քաղաքական ուժերին կոչ ենք անում միասնական ճակատ ձեւաւորել Արցախի Հանրապետութեան միջազգային ճանաչման օրակարգի շուրջ։

 

«Համախմբում» շարժում «5165 շարժում»

«Արար» հիմնադրամ

«Ջենեսիս Արմենիա» հիմնադրամ

«Այլընտրանքային նախագծեր» խումբ

Քաղաքագէտների հայկական ասոցիացիա

«Կոնցեպտուալ հարթակ» նախագիծ

Գիւմրու «Ազգային արժէք ակումբ»

 

Յարակից լուրեր

  • Շւեդիայի եւ Գերմանիայի հայ համայնքների խորհուրդների յայտարարութիւնները
    Շւեդիայի եւ Գերմանիայի հայ համայնքների խորհուրդների յայտարարութիւնները

    Շւեդիայի եւ Գերմանիայի հայ համայնքի խորհուրդները հանդէս են եկել Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովին զօրակցող, ինչպէս նաեւ Փաշինեանի՝ մայիսի 22-ի յայտարարութիւնը դատապարտող յայտարարութիւններով։

  • Միակ շարժումը, որը կարող է փրկել պետութիւնը
    Միակ շարժումը, որը կարող է փրկել պետութիւնը

    Հարցը, թէ ինչո՞ւ է հայ հանրութիւնն անտարբեր պետութեան ու պետականութեան գահավիժման նկատմամբ, մեր իրականութեան ամենակարեւոր հարցադրումներից է, որի պատասխանը կարող է կանխորոշել հետագայ զարգացումները։ Այնպէս չէ, որ հասարակութիւնն անհաղորդ է Հայաստանի, Արցախի հետ կատարւողին եւ չի գիտակցում աղէտի խորութիւնը։ 

  • «Փաշինեանի ստորագրութեամբ է Արցախը յայտնւել այս իրավիճակում. հիմա փորձում է ձեռքերը լւանա՞լ». Դաւիթ Գալստեան
    «Փաշինեանի ստորագրութեամբ է Արցախը յայտնւել այս իրավիճակում. հիմա փորձում է ձեռքերը լւանա՞լ». Դաւիթ Գալստեան

    «Արցախում իրավիճակը նոյնն է. շուրջ 6 ամիս է՝ շրջափակման մէջ ենք, եւ գնալով աւելի ցայտուն են դառնում խնդիրները: Ունենք էլեկտրաէներգիայի հետ կապւած խնդիրներ, Սարսանգի ջրամբարն արդէն դատարկւում է, դա նոյնպէս բնապահպանական աղէտ է, եւ, ցաւօք, օրւայ իշխանութիւնները չեն կարողանում այդ մասին իրականութիւնը ներկայացնել միջազգային հանրութեանը, որ՝ եթէ այս շրջափակման սկիզբը իբր բնապահպանական խնդիրներն էին, ապա այսօր իրականում մենք ունենք բնապահպանական խնդիր՝ կապւած Սարսանգի ջրամբարի հետ»,- 168TV-ի «Ռեւիւ» հաղորդման ընթացքում ասաց Արցախի ԱԺ «Արդարութիւն» խմբակցութեան ղեկավար Դաւիթ Գալստեանը՝ շեշտելով՝ Ադրբեջանի նպատակը մէկն է՝ հայաթափել Արցախը:

  • Հող յանձնողին յանձնենք փողին
    Հող յանձնողին յանձնենք փողին

    Առնւազն երկու տասնամեակ հայկական քաղաքական կեանքի հիմնական մեխանիզմներից մէկը խարսխւած էր արցախեան հարցի կարգաւորման գործընթացում զիջումների անթոյլատրելիութեան ու դրա համար հնարաւոր պատժի սպառնալիքի վրայ։

    Եթէ հակիրճ, քաղաքական կեանքն ընթանում էր «Հող յանձնողին յանձնենք հողին» պաթոսային կարգախօսով, որը, ի դէպ, ակտիւօրէն գեներացւում ու տարածւում էր մեծ մասամբ նրանց կողմից, ովքեր այսօր գտնւում են իշխանութեան մէջ։

  • «Մի պահ յիշէք, որ Արցախում արդէն շուրջ վեց ամիս շարունակւող շրջափակման պայմաններում 30 հազար երեխայ է ապրում». Ռուբէն Վարդանեան
    «Մի պահ յիշէք, որ Արցախում արդէն շուրջ վեց ամիս շարունակւող շրջափակման պայմաններում 30 հազար երեխայ է ապրում». Ռուբէն Վարդանեան

    Արցախի Հանրապետութեան նախկին պետական նախարար Ռուբէն Վարդանեանը ֆէյսբուքեան իր էջում գրել է․

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։