Արցախի նախագահ Արայիկ Յարութիւնեանն անցած հինգշաբթի մեծ սխալ գործեց, երբ ենթարկւելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ճնշմանը, պաշտօնանկ արեց պետնախարար, միլիարդատէր գործարար Ռուբէն Վարդանեանին, որն իր հարստութիւնը ստեղծել էր Մոսկւայում։ Անցած սեպտեմբերին Վարդանեանը հրաժարւեց Ռուսաստանի քաղաքացիութիւնից եւ հաստատւեց Արցախում՝ յայտարարելով, որ ցանկանում է իր ժողովրդի կողքին լինել նրա ամենադժւարին պահին։ Իր տեղափոխութիւնից կարճ ժամանակ անց նախագահ Յարութիւնեանը նրան նշանակեց Արցախի պետնախարար։
ՅԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆԵԱՆ
«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ
Արցախի նախագահ Արայիկ Յարութիւնեանն անցած հինգշաբթի մեծ սխալ գործեց, երբ ենթարկւելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ճնշմանը, պաշտօնանկ արեց պետնախարար, միլիարդատէր գործարար Ռուբէն Վարդանեանին, որն իր հարստութիւնը ստեղծել էր Մոսկւայում։ Անցած սեպտեմբերին Վարդանեանը հրաժարւեց Ռուսաստանի քաղաքացիութիւնից եւ հաստատւեց Արցախում՝ յայտարարելով, որ ցանկանում է իր ժողովրդի կողքին լինել նրա ամենադժւարին պահին։ Իր տեղափոխութիւնից կարճ ժամանակ անց նախագահ Յարութիւնեանը նրան նշանակեց Արցախի պետնախարար։
Արցախի նախագահը չպէտք է հեռացնէր Վարդանեանին կամ պէտք է գոնէ մի փոքր սպասէր, որպէսզի չթւար, թէ նա այդքան արագ կատարում է Ալիեւի հրամանները։ Ցաւօք, Վարդանեանը պաշտօնանկ արւեց անմիջապէս այն բանից յետոյ, երբ Արդարադատութեան միջազգային դատարանը մեծացրեց ճնշումը Ադրբեջանի վրայ՝ նրա դէմ կայացրած որոշմամբ։
Ամօթալի է, որ վարչապետ Նիկոլ Փաշինեանի իշխող կուսակցութեան պատգամաւոր Գուրգէն Արսէնեանը, այս տարւայ փետրւարին խորհրդարանում արեց հետեւեալ դաւաճանական յայտարարութիւնը. «պէտք չէ երեք միլիոն հայերին վտանգի ենթարկել յանուն Արցախի»։ Երբեք լաւ գաղափար չէ, երբ դու եւ քո թշնամին միեւնոյն կողմում էք…
Վերջերս մի քանի ադրբեջանցի լրագրող եւ նոյնիսկ նախագահ Ալիեւը զրպարտեցին Վարդանեանին՝ նրան անւանելով «ռուսաստանցի օլիգարխ, յանցագործ եւ փողեր լւացող»։
2022 թւականի հոկտեմբերին Ալիեւը Վարդանեանի մասին անձամբ է բողոքել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին։ Պուտինն ասել է Ալիեւին, որ ինքը ոչինչ չգիտի Արցախում Վարդանեանի ներկայութեան եւ գործունէութեան մասին։
2022 թւականի նոյեմբերի 17-ին Արեւելեան գործընկերութեան հարցերով Եւրոմիութեան յատուկ բանագնաց Դիրկ Շիւբէլի հետ հանդիպման ժամանակ Ալիեւն ասաց, որ հրաժարւում է բանակցել Վարդանեանի հետ, որին նա անւանել է «Մոսկւայի էմիսարը» Ղարաբաղում։ Ալիեւը շարունակել է. «Մենք պատրաստ ենք խօսել… Ղարաբաղում ապրող հայերի հետ, այլ ոչ թէ նրանց հետ, որոնք ուղարկւել են Մոսկւայից՝ իրենց գրպաններում թաքցնելով ռուս ժողովրդից գողացւած միլիարդաւոր դոլարները, ինչպէս Վարդանեան անունով անձնաւորութիւնը, որը Մոսկւայից տեղափոխւել է այնտեղ շատ յստակ օրակարգով»։
2023 թւականի փետրւարի 18-ին Գերմանիայի Միւնխէն քաղաքում վարչապետ Փաշինեանի հետ պանելային քննարկման ժամանակ Ալիեւն ասաց, որ պատրաստ է գործնական շփում սկսել Ղարաբաղի շրջանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ. «Բայց մենք կարող ենք դա անել միայն այն ժամանակ, երբ Ռուսաստանի քաղաքացի, քրէական օլիգարխ, Եւրոպայում փողերի լւացմամբ զբաղւող Վարդանեանը հեռանայ մեր տարածքից»։ Ալիեւը յաւելել է. Վարդանեանը «արտահանւել է Ռուսաստանից՝ Ղարաբաղում առաջատար դիրք զբաղեցնելու համար։ Միգուցէ արտահանումը ճիշտ բառ չէ։ Ես կը նախընտրէի մաքսանենգ ճանապարհով բառը»։
Ալիեւի գործը չէ, թէ ով պէտք է ներկայացնի Արցախը բանակցութիւններում։ Դա Արցախի կառավարութեան որոշումն է։ Աւելի խելամիտ կը լինէր, որ Արցախի նախագահն ընդհանրապէս չհեռացներ Վարդանեանին, միայն այն բանի համար, որ Ալիեւին ցոյց տար, թէ ով է Արցախում որոշում կայացնում։
Առաջարկում եմ Վարդանեանին զրպարտութեան համար հայցեր ներկայացնել Մարդու իրաւունքների եւրոպական դատարան բոլոր նրանց դէմ, որոնք ստեր են տարածել իր մասին՝ ստիպելով սկանդալային ադրբեջանցի լրագրողներին եւ նախագահ Ալիեւին խոշոր տուգանք վճարել եւ հրապարակայնօրէն ներողութիւն խնդրել Վարդանեանից։
Վերջապէս, լաւ գաղափար չէ տրւել ձեր թշնամիների ճնշումներին, որոնցից նրանք միայն խրախուսւում են՝ ձեզանից հետագայ զիջումներ պահանջելու համար: Նրանց պահանջների ցանկն անվերջանալի է։
Ահա Արցախի եւ Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ներկայիս եւ հնարաւոր պահանջներից մի քանիսը.
- Ադրբեջանն իր անցակէտերը կը տեղակայի Լաչինի միջանցքում,
- ապագայ «Զանգեզուրի միջանցքը», որը Ադրբեջանը կապելու է Նախիջեւանին, կը ստանայ Լաչինի միջանցքի նման կարգավիճակ,
- Ադրբեջանը, հետագայ զիջումներ փնտրելով, նոյնիսկ Լաչինի միջանցքի բացումից յետոյ, հաւանաբար, կրկին արգելափակելու է այն,
- Այն բանից յետոյ, երբ կեղծ ադրբեջանցի բնապահպանները պահանջեցին ստուգել Արցախում գտնւող հանքերը, նրա ղեկավարներն անխոհեմաբար փակեցին հանքերը՝ այդպէս խրախուսելով ադրբեջանցիներին աւելի շատ զիջումներ պահանջելու, փոխարէնը ասելու՝ «դա ձեր գործը չէ», ինչը յանգեցրեց ադրբեջանցիների յաջորդ պահանջին, որ հայերը դադարեցնեն մետաղների արդիւնահանումը Արցախի հանքերից.
- Հետագայ հայկական զիջումներ որոնելով՝ ադրբեջանական ուժերը, հաւանաբար, կը գրաւեն Հայաստանի Հանրապետութեան աւելի շատ տարածքներ.
Նմանապէս, Թուրքիան զիջումների է ձգտելու Հայաստանից՝ պահանջելով՝
- ջնջել Անկախութեան հռչակագրից Հայոց Ցեղասպանութեան յիշատակումը «Օսմանեան Թուրքիայում եւ Արեւմտեան Հայաստանում»։ Եթէ ոչ, ապա Թուրքիան կը սպառնայ փակել Հայաստանի հետ սահմանը այն բացելուց յետոյ,
- դադարեցնել Հայոց Ցեղասպանութեան միջազգային ճանաչման քարոզարշաւը,
- ընդունել Թուրքիայի հետ գոյութիւն ունեցող սահմանները՝ հրաժարւելով Արեւմտեան Հայաստանի տարածքների նկատմամբ ապագայ պահանջներից,
- արգելել Թուրքիայի դրօշի այրումը Ապրիլի 24-ին,
- հրաժարւել Թուրքիայից Ցեղասպանութեան կորուստների փոխհատուցման ցանկացած պահանջից։
Հայաստանի եւ Արցախի ղեկավարները պէտք է հասկանան, որ ահաբեկչին գոհացնելը բերում է ոչ թէ խաղաղութեան, այլ աւելի շատ ահաբեկման։
Ցաւօք սրտի, չնայած Ալիեւի պահանջով Վարդանեանին զոհաբերմանը՝ ակնկալում էին, որ Ադրբեջանը դրա դիմաց կապաշրջափակի Լաչինի միջանցքը, միջանցքը փետրւարի 27-ի դրութեամբ դեռեւս արգելափակւած է: Նոյնիսկ փետրւարի 25-ին, Արցախի եւ Ադրբեջանի ներկայացուցիչների փակ հանդիպումից յետոյ, միջանցքը մնում է փակ։
Վարդանեանը յայտարարեց, որ չնայած աշխատանքից ազատւելուն՝ շարունակելու է ապրել Արցախում։ Յայտնի չէ, թէ նա ինչ դեր է կարողանում կամ ցանկանում խաղալ առանց պաշտօնական դիրքի։
Մնում է միայն մէկ առեղծւած։ Ի՞նչ էին անում նախագահ Յարութիւնեանը եւ պետնախարար Վարդանեանը փետրւարի սկզբին, երբ երկուսն էլ առանձին մեկնել էին Մոսկւա եւ մի քանի օրւայ ընթացքում վերադարձել Արցախ։ Ինչո՞ւ էին գնացել Մոսկւա, ո՞ւմ հետ են հանդիպել այնտեղ, ինչի՞ մասին են խօսել։ Ոչ մէկը ոչ մի խօսք չասաց այդ այցերի մասին։ Այս հարցերի պատասխանները կարող էին լրացուցիչ լոյս սփռել Վարդանեանի պաշտօնանկութեան վրայ։
Թարգմանութիւնը՝ Ռուզաննա Աւագեանի