ՀՀ ԱԺ «Պատիւ ունեմ» խմբակցութեան պատգամաւոր Տիգրան Աբրահամեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է.
«alikonline.ir» - ՀՀ ԱԺ «Պատիւ ունեմ» խմբակցութեան պատգամաւոր Տիգրան Աբրահամեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է.
«ՌԴ ԱԳ նախարարի այցը Բաքու հասկանալի հետաքրքրութիւն է առաջացրել ե´ւ «Լաչինի միջանցքի» ճգնաժամի, ե´ւ ՀՀ-Ադրբեջան յարաբերութիւնների, ե´ւ տարածաշրջանային զարգացումների համատեքստում։
Որքան էլ ուշադրութիւն կայ Բաքւում Լաւրովի հնչեցւող յայտարարութիւնների եւ, մասնաւորապէս, նոյեմբերի 9-ի եռակողմ յայտարարութեան շրջանակներում միջանցքում անցակէտ նախատեսւած չլինելու շուրջ, դժւար է չյիշել 2020 թւականի յետպատերազմեան փուլում Ադրբեջանի պահւածքը:
Իսկ ինչի նոյեմբերի 9-ի փաստաթղթում գրւած է՞ր, որ Ադրբեջանը 2022-ի գարնանը, 2022-ի դեկտեմբերից մինչ այժմ պէտք է տարբեր միջոցներով խափանի ՀՀ-ից Արցախ գազամատակարարումը կամ 2023-ին ահաբեկչութեան միջոցով շարքից հանի ՀՀ-Արցախ էլեկրագիծը:
Միգուցէ եռակողմ փաստաթղթում ամրագրւած էր 2022-ի ապրիլին Փառուխ գիւղի, ապա Քարագլուխ լեռնաշղթայի նկատմամբ ադրբեջանական առաջխաղացումը կամ նոյն թւականի օգոստոսին մի քանի ռազմավարական բարձունքների նկատմամբ ադրբեջանական յարձակումները, որոնց հետեւանքով Արցախը ե´ւ մարդկային, ե´ւ տարածքային կորուստներ ունեցաւ:
Ադրբեջանը նոյեմբերի 9-ի եռակողմ յայտարարութիւնն իրականացնում է խիստ ընտրողաբար եւ փաստաթղթի դրոյթների պահպանման նկատմամբ վաղուց վստահութիւն չկայ:
Այնպէս որ, որեւէ երաշխիք չեմ տեսնում, որ միջանցքում անցակէտերի հարցը վերջնական դուրս կը բերւի օրակարգից, մանաւանդ, որ Ադրբեջանի նախագահը այն տարբեր ձեւակերպումներով շարունակում է պնդել:
Դեռ չեմ խօսում այն մասին, որ ներկայումս օրակարգում է նոյն միջանցքում ռենտգեն սարքի տեղակայման հարցը, որի մասին ամիսներ շարունակ բանակցում են Արցախի ու Ադրբեջանի իշխանութիւնների ներկայացուցիչները եւ որի մասին Բաքւում անուղղակի նշեց նաեւ ՌԴ ԱԳ նախարարը. սա եւս ամրագրւած չէր յայտնի փաստաթղթում»։