Հարցազրոյց ՀՅԴ Բիւրոյի անդամ, Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովի «Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն» խմբակցութեան պատգամաւոր Դաւիթ Իշխանեանի հետ:
Հարցազրոյց ՀՅԴ Բիւրոյի անդամ, Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովի «Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն» խմբակցութեան պատգամաւոր Դաւիթ Իշխանեանի հետ:
- Արդէն երկու ամիս է, ինչ Արցախը շրջափակման մէջ է։ Այս աննախադէպ իրավիճակում ի՞նչ մթնոլորտ է Արցախում եւ ինչպիսի՞ն է ժողովրդի տրամադրութիւնը:
- Անցած երկու ամսւայ ընթացքում կուսակցական մարմինները եւ ԱՀ ԱԺ պատգամաւորները առիթներ ունեցել են անմիջականօրէն շփւելու ժողովրդի հետ եւ ստուգելու ժողովրդի ընդհանուր տրամադրութիւնն ու տրամադրւածութիւնը: Անշուշտ, բաւականին բարդ է իրավիճակը. 2020թ. նոյեմբերի 9-ից յետոյ պատերազմի ծանր հետեւանքների պայմաններում քաղաքական, տնտեսական, սոցիալական, ֆինանսական, բարոյահոգեբանական եւ ամենակարեւորը՝ անվտանգային առումներով Ադրբեջանը ձեռնարկում է հերթական քայլը, որն ունի յատուկ նպատակ՝ բարոյահոգեբանական ճնշում գործադրել եւ Արցախից ժողովրդին տարհանելու գաղափար սերմանել: Ժողովրդի տրամադրւածութիւնը շատ համահունչ է այն գաղափարներին ու նպատականերին, որոնք մենք նախանշել ենք 1988-ին, այն մօտեցումներին, որ վերջին 30 տարիներին տիրում էր ոչ միայն Արցախում, այլեւ ընդհանրապէս համայն հայ ժողովրդի մէջ: Շատ կարեւոր է, որ Սփիւռքի մեր հայրենակիցներին եւս փոխանցւի այս պատգամը եւ այստեղ տիրող տրամադրութիւնը. Արցախը շարունակում է պայքարը:
- Որքանո՞վ է Արցախի իշխանութիւններին յաջողւել ապահովել կենսագործունեութիւնը, ինչպէ՞ս են գործում պետական հիմնարկները, սպասարկման եւ միւս ծառայութիւնները:
- Սա սովորական իրավիճակ չէ, պէտք է հասկանալ, որ գտնւում ենք ոչ միայն պատերազմական, արտակարգ իրավիճակում, այլեւ այնպիսի իրավիճակում, որի մէջ կայինք 90-ական թւականների սկզբին: Յիշենք, որ 1990-ականներին Լեռնային Ղարաբաղը ամբողջապէս կտրւած էր մայր հայրենիքից, չկար ցամաքային կապ, մեր կապը մասամբ ապահովւում էր օդային ճանապարհով, աւելի ստոյգ՝ ուղղաթիռներով, իսկ այսօր օդային ճանապարհը փակ է, ցամաքային կապն ամբողջովին արգելափակել են Ադրբեջանի, այսպէս կոչւած, «էկոակտիւիստները» եւ ստեղծել նոր իրավիճակ:
Իշխանութիւնների ձեռնարկած քայլերի շնորհիւ հնարաւորութիւն է ընձեռւել նախ եւ առաջ ճշգրտել մեր ունեցած կարողութիւնները, մեր անվտանգային պարենային պաշարները, ռեսուրսները, ինչպէս նաեւ մշակել բաշխման համապատասխան մեխանիզմներ։ Սահմանած կտրոնային համակարգը մեղմել է ընդհանուր կացութիւնը եւ ստեղծել համակարգւած իրավիճակ: Թէեւ Կարմիր խաչի միջազգային կոմիտէի Արցախի գրասենեակի, ինչպէս նաեւ ռուս խաղաղապահների հետ վարած բանակցութիւնների շնորհիւ հնարաւորութիւններ են ստեղծւել, այդուհանդերձ շատ կարեւոր է ժողովրդի կողմից իրավիճակի ընկալման գիտակցութիւնը: Հաւանաբար մեր թշնամիները ակնկալում էին նաեւ ներքին սոցիալական ընդվզումներ, բայց Արցախի ժողովուրդն այս իրավիճակում եւս ի ցոյց դրեց իր իմաստութիւնը եւ այս ծանր պայմաններում խոր գիտակցումով մօտեցաւ իրավիճակին, նոյնիսկ իշխանութիւնների բացթողումներն ու որոշ վրիպումներ աննկատ մնացին: Ստեղծւել է կառավարելի կացութիւն, ընդհանուր մատակարարումները բաւարարում են բնակչութեան գոնէ նւազագոյն կենսական պահանջները:
- Ի՞նչ կարծիք ունէք Հայաստանի որդեգրած դիրքորոշման վերաբերեալ, ի՞նչ կարող էր անել եւ ի՞նչ պէտք է անէր Հայաստանի իշխանութիւնը:
- Վերջին չորս տարիներին առիթներ ունեցել ենք անդրադառնալու Հայաստանի իշխանութիւնների վարած քաղաքականութեանը։ Յետպատերազմեան շրջանում ակնյայտ էր, թէ ինչպիսի քաղաքական գիծ են ընդունել Հայաստանի իշխանութիւնները, ինչի հետեւանքով մենք յայտնւել ենք քաղաքական մեկուսացման մէջ: Անցած 30 տարիներին ԱՀ եւ ՀՀ համատեղ գործունէութեան շնորհիւ մենք կարողացել ենք ստեղծել մեզ համար կենսունակ պայմաններ: Յետպատերազմեան շրջանում առաւել անհրաժեշտ էր, որպէսզի ՀՀ իշխանութիւնները հոգածութիւն տածէին եւ նաեւ նոր քաղաքական վարքագիծ դրսեւորէին Արցախի ապագայի եւ այն հիմնախնդիրների նկատմամբ, որոնք ծառացած են մեր առջեւ: Ցաւօք սրտի, հակառակ գործընթացն է ընթացել եւ ընթանում. Հայաստանի իշխանութիւնները որոշ նիւթական եւ սոցիալական խնդիրների լուծման փաստերը ներկայացնելով որպէս Արցախի ժողովրդին եւ Արցախի ապագային միտւած հիմնական աջակցութիւն ու օժանդակութիւն՝ թիւր տպաւորութիւն են փորձում ստեղծել:
Արցախի հարցով կարեւոր են Հայաստանի իշխանութիւնների կողմից երկու ուղղութեամբ տարւող աշխատանքները՝ քաղաքական եւ անվտանգային: Անշուշտ, անվտանգային հարցերն առաջնային են:
Անվտանգային համակարգի մէջ մենք նախ եւ առաջ դիտարկում ենք Հայաստանի Հանրապետութեանը՝ որպէս Արցախի Հանրապետութեան եւ Արցախի ժողովրդի անվտանգութեան երաշխաւորի: Հայաստանը հրաժարւել է անվտանգային երաշխաւորի պարտականութիւնից: Այս մասին պաշտօնապէս չի յայտարարւում, չի բարձրաձայնւում, բայց իրականութիւնն այն է, որ Հայաստանը չի կատարում իր ստանձնած պարտաւորութիւնները, այն, ինչ ակնկալում ենք եւ այն, ինչ մեզ անհրաժեշտ է:
Իհարկէ, կան համագործակցութեան որոշակի դրսեւորումներ եւ համատեղ որոշ քայլեր, բայց սրանք բաւարար չեն, անհրաժեշտ է ամուր եւ միասնական անվտանգային համակարգ՝ իր բոլոր բաղադրիչներով, որը ստեղծւել էր տասնամեակների տքնաջան աշխատանքի շնորհիւ, այո՛, այն այսօր խոցւած է, անդամալոյծ, սակայն կարեւոր է գիտակցել, որ առանց այդ միասնական համակարգի մեր հայրենիքը խոցելի է լինելու: Այստեղ է Հայաստանի իշխանութիւնների հիմնական դերակատարութիւնը: Տեսնում ենք, թէ ինչպէս են իրենց որդեգրած անհասկանալի քաղաքական վարքագծով, հետեւողական քայլերով եւ տարբեր պատճառաբանութիւններով ամբողջապէս փլուզում երկրի անվտանգային համակարգը։
Յաջորդ խնդիրը քաղաքական պաշտպանւածութեան հարցն է, որի կարիքը զգում է Արցախի Հանրապետութիւնը եւ Արցախի ժողովուրդը: Հայաստանի իշխանութիւնները վարչապետի, ԱԳՆ, Անվտանգութեան խորհրդի քարտուղարի կամ խորհրդարանական դիւանագիտութեան մակարդակով չեն ստեղծում այն պայմանները, որոնց միջոցով Արցախը պէտք է հնարաւորութիւն ունենայ ներկայանալ միջազգային բեմահարթակում: Այստեղ եւս նկատելի է Հայաստանի իշխանութիւնների կողմից ոչ միայն պարտադրւած նահանջ, այլեւ միտումնաւոր յետքայլ: Ըստ իս՝ դրա մէջ ակնառու է Ադրբեջանի եւ Թուրքիայի ուղղակի եւ անուղղակի դերը։
- Ինչպէ՞ս էք վերաբերւում Հայաստանի վարչապետի այն յայտարարութիւններին, թէ Ադրբեջանն ու Արցախը միմեանց հետ պէտք է բանակցեն Արցախի հարցի վերջնական կարգաւորման եւ առհասարակ առկայ բոլոր խնդիրների շուրջ:
- 1994 թ. զինադադարի ստորագրումից յետոյ բանակցային գործընթացը վարւում էր եռակողմ ձեւաչափի՝ Արցախի, Հայաստանի եւ Ադրբեջանի ներկայացուցիչների շրջանակներում:
Ցաւօք սրտի, հետագայում փոխւեց այս ձեւաչափը, Արցախը դուրս մղւեց բանակցային գործընթացից եւ այն դարձաւ երկկողմ՝ որպէս Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցութիւնների գործընթաց:
Այնուհետեւ ականատես եղանք, թէ ինչպէս էր Ադրբեջանը ձգտում Ղարաբաղեան հակամարտութեան էութիւնը փոխել եւ այն դարձնել Հայաստան-Ադրբեջան համակարտութիւն: 2020թ. պատերազմից յետոյ դա յաջողւեց Ադրբեջանին։ Այնուամենայնիւ, խնդիրը Հայաստանի իշխանութիւնների մօտեցումն է, նաեւ այն, թէ ինչպիսի քաղաքական ուղղւածութիւն են որդեգրում Հայաստանի իշխանութիւնները:
2020թ. յետպատերազմեան շրջանում Հայաստանի իշխանութիւնները, ակնյայտօրէն քաղաքական նահանջ ապահովելով, փորձում են դէմ յանդիման թողնել Արցախին եւ Ադրբեջանին: Ադրբեջանը Արցախի իշխանութիւնների հետ ունեցած կենցաղային, յատկապէս կոմունիկացիաներին վերաբերող որոշակի շփումները փորձում է ներկայացնել որպէս ուղղակի երկխօսութիւն: Ուղղակի երկխօսութիւն կարող է լինել, եթէ քաղաքական հարթութեան մէջ, քաղաքական հարցերի շրջանակներում կայ հաւասարը հաւասարի հետ բանակցութիւն: Այս պայմաններում դժւար է միահաւասար սկզբունք ձեւակերպել եւ դրանով առաջնորդւել: Անգամ Հայաստանը եւ Արդբեջանը այդ սկզբունքով չեն կարողանում փոխյարաբերւել: Այնուհանդերձ ակնյայտ է, թէ ինչպէս է Հայաստանում իշխող համակարգը Արցախին ուղղակիօրէն մղում դէպի Ադրբեջան, ինչը նման է նրան, երբ զոհին ուղղորդում ես դէպի գազանը: Այսօր յայտնւել ենք հէնց այդ զոհի կարգավիճակում: Այդուամենայնիւ Ադրբեջանի հետ շփումներին եւ երկխօսելուն երբեք դէմ չենք եղել: Վերջին շրջանում նաեւ ունեցել ենք ներքին քննարկումներ, որոնց ընթացքում արձանագրել ենք, որ երկխօսելը նպատակայարմար է եւ այդ երկխօսութեան մէջ պէտք է դիտարկել ոչ միայն տնտեսական, սոցիալական ոլորտներին առնչւող խնդիրները, այլեւ մեր քաղաքական ապագային եւ մեր կարգավիճակին վերաբերող հարցերը: Մենք՝ որպէս ինքնուրոյն սուբիեկտ, դէմ չենք Արդբեջանի հետ երկխօսելուն, բայց շատ դժւար է այդ երկխօսութիւնը ծաւալել յատկապէս այն պայմաններում, երբ Հայաստանի իշխանութիւններն իրենց խօսոյթում Արցախը դիտարկում են որպէս Ադրբեջանի մաս: 1989թ. դեկտեմբերի 1-ի Հայկ. ԽՍՀ Գերագոյն խորհրդի եւ Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի որոշումը, ինչպէս նաեւ 1992թ. յուլիսի 8-ի Հայաստանի Գերագոյն խորհրդի որոշումները պէտք է լինեն մեր ապագայ կարգավիճակի հիմքը:
- Որքան էլ Ադրբեջանի եւ Հայաստանի իշխանութիւնները ցանկանան համոզել, թէ Արցախի հարցը լուծւած է, շահագրգիռ ուժերն ու նրանց ներկայացուցիչները ժամանակ առ ժամանակ յայտարարում են, որ հարցը փակւած չէ, եւ գոյութիւն ունի Արցախի կարգավիճակի խնդիր: Արցախի շրջափակումը, Ադրբեջանի իշխանութիւնների կողմից պարբերաբար կազմակերպւող զանազան սադրանքներն արդեօք չե՞ն փաստում, որ Ադրբեջանի կազմում արցախահայութիւնը ապագայ չի կարող ունենալ:
- 44-օրեայ պատերազմից յետոյ ադրբեջանական կողմն ակնյայտօրէն որդեգրել է մի քաղաքական գիծ, ըստ որի՝ այլեւս չկայ Ղարաբաղի հիմնահարց, այն լուծւած է, եւ այդ հիմնահարցի շուրջ որեւէ միջազգային քննարկում անիմաստ է: Հայկական կողմը պնդում է, որ այս հիմնահարցը հանգուցալուծւած չէ, ուստի Ղարաբաղի հիմնահարցի լուծման համար լրացուցիչ քննարկումներ կազմակերպելու եւ յաւելեալ միջազգային հարթակներ օգտագործելու անհրաժեշտութիւն կայ: Ղարաբաղի հիմնահարցով զբաղւող ԵԱՀԿ Մինսկի խումբը գրեթէ չկայ, այն անդամալոյծ վիճակում է, եթէ չասեմ՝ լուծարւած:
Այդ մասին պարբերաբար որոշ տեսակէտներ են ներկայացնում հէնց համանախագահող երկրների արտաքին գերատեսչութիւնների ներկայացուցիչները, երբեմն նաեւ առաջին դէմքերի մակարդակով լսում ենք տարբեր տեսակէտներ, բայց փաստն այն է, որ Մինսկի խմբի ձեւաչափն այսօր կենսունակ չէ եւ չի կարող ապահովել այն պահանջները, որոնք մենք ակնկալում էինք: Մենք որոշ փորձեր արել ենք՝ օգտագործելու միջազգային տարբեր հարթակները, ինչպիսիք են ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհուրդը, Եւրոխորհրդարանը, Եւրոմիութիւնը:
Մենք փորձում ենք աշխարհին ապացուցել, որ Արցախը չի կարող մնալ հայկական, եթէ այս տարածաշրջանում չլինի հայկական պետական համակարգ:
- Այսօր շատ է խօսւում համահայկական միասնականութեան ձեւաւորման, նաեւ հայկական եռամիասնութեան պայքարի նոր փուլ սկսելու մասին: Ո՞րն է այս հարցերի շուրջ Ձեր տեսակէտը, ի՞նչ տրամադրութիւններ կան արցախահայութեան մէջ:
- Ղարաբաղեան հիմնահարցի հանգուցալուծման առումով կարեւոր է ունենալ համահայկական ներքին միասնութիւն, ներքին համախոհ մթնոլորտ, նաեւ ձեւաւորւած միասնական օրակարգ: Հիմնական առանցքը հէնց Արցախն է, Արցախի իշխանութիւնների որդեգրած քաղաքական գիծը եւ մեր համահայկական ներուժը՝ ի դէմս Սփիւռքի: Եռամիասնութեան ձեւաչափը եւ եռամիասնութեան շրջանակում գործելու հնարաւորութիւնները տասնամեակներ ի վեր մեզ տւել են համապատասխան արդիւնքներ թէ՛ քաղաքական ոլորտում եւ թէ՛ տնտեսական կամ սոցիալական տարբեր խնդիրներում: Սակայն ինչպէս տեսնում ենք, 2018թ. Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխութիւնից, իսկ առաւել եւս 2020թ. 44-օրեայ պատերազմից յետոյ խախտւած է այս եռամիասնութիւնը։
Միասնութեան վերականգնման հարցում մեր կազմակերպութիւնը՝ ՀՅԴ-ն, պէտք է առանցքային դեր ունենայ: Շատ կարեւոր են այն ջանքերը, որոնք մենք գործադրում ենք Սփիւռք-հայրենիք միասնութիւնն ու Հայաստան-Արցախ-Սփիւռք եռամիասնութիւնը վերակագնելու համար:
Արցախում տիրող ներքին համախոհութեան մթնոլորտը կարող է լաւագոյն օրինակը լինել թէ՛ ՀՀ-ի, թէ՛ Սփիւռքի համար: Արցախում վերջին երկու տարիների ընթացքում այդ ամենի համար պարարտ հող ենք նախապատրաստել: Ստեղծւած նոր իրավիճակում յետպատերազմեան շրջանի բոլոր մանր խնդիրները մի կողմ դնելով, տարբեր քաղաքական ուժերին համախմբելով եւ իշխանութեանը աջակցելով առաջատարի դեր ստանձնելու հարցում՝ համախոհութեան մթնոլորտ է ապահովւել։ Կարեւոր է, որպէսզի սա գիտակցի իւրաքանչիւր հայ եւ հայկական կառոյց, եւ ի վերջոյ՝ Հայաստանի իշխանութիւնները: Սփիւռքում այդ առումով եւս պարարտ հող կայ, Սփիւռքը թէկուզեւ որոշակիօրէն հիասթափւած եւ յուսալքւած է 2020թ. պատերազմի ծանր պարտութիւնից յետոյ, այնուամենայնիւ նկատելի է որոշակի աշխուժութիւն եւ ակտիւութիւն: Մենք Արցախից այդ ազդակներն ուղարկում ենք, նախադրեալներ ենք ստեղծում, սակայն մեզ համար գլխաւոր խնդիրը Հայաստանն է եւ Հայաստանում ստեղծւած ներքին քաղաքական մթնոլորտը:
Մենք՝ որպէս ՀՅԴ Արցախի եւ ՀՅԴ համահայկական կառոյց, կարող ենք մեծ դերակատարութիւն ունենալ՝ մեր ընդհանուր ծրագրերով, նպատակներով, նաեւ հաւատարիմ մնալով մեր առաքելութեանը եւ մեր սկզբունքներին: Դաշնակցութիւնը միշտ կարողացել է կարեւորը երկրորդականից զանազանել եւ շատ դէպքերում միաւորողի դեր ստանձնել: Արցախն այս առումով որոշակի քայլեր պիտի նախաձեռնի։
Արցախում ծաւալւած քաղաքական զարգացումները վերջին մի քանի ամիսներին ստեղծում են այդ հնարաւորութիւնը, եւ այս ալիքը, որ նորից բարձրանում է Արցախում, կարող է դառնալ համահայկական միասնութեան հիմքը: Կարեւոր է ի մտի ունենալ այն, որ անցած տասնամեակներին մենք որդեգրել ենք Արցախի եւ Դաշնակցութեան բնական դաշնակիցներ լինելու գաղափարը: Այդ գաղափարը օգտագործելով՝ մենք կարող ենք ներազդել Հայաստանի ներքին կեանքի վրայ, այնտեղ եւս ստեղծել համապատասխան մթնոլորտ, իսկ Սփիւռքը հիմք ընդունելով այս դաշինքը եւ վերոնշեալ երկու կարեւոր ուժերի գործօնը՝ կարող է համապատասխան վարքագիծ դրսեւորել: Ի դէպ, այս ուղղութեամբ մենք ունեցել ենք ներքին քննարկումներ կուսակցութեան շրջանակներում, ինչպէս նաեւ Արցախի իշխանութիւնների, երկու վեհափառների, Հայկական բարեգործական ընդհանուր միութեան ղեկավար կազմի հետ: Մեզ անհրաժեշտ է այս քննարկումներին հաղորդակից դարձնել նաեւ ՀՀ իշխանութիւններին եւ ունենալ որոշակի հանգուցալուծում, որը կարող է լինել համահայկական համաժողովի միջոցով՝ եռամիասնութեան գաղափարի ձեւաչափով: Այդ համաժողովը կարող է լինել եռամիասնութեան վերականգման նոր սկիզբը, ինչպէս նաեւ ճշգրտել մեր հիմնական խնդիրները համատեղ գործունէութեան համար:
- Ուզում եմ անդրադառնալ նաեւ այն զարմանալի փաստին, որ նման դրամատիկ պայմաններում յայտնւած արցախահայութիւնը դրամահաւաք է իրականացնում երկրաշարժից տուժած սիրիահայութեանն օգնելու նպատակով։ Համոզւում ես, որ իսկապէս արտառոց ժողովուրդ ենք, երբ իրար հետ համեմատում ենք հայի այս տեսակը եւ ազգին պառակտած միւս տեսակը, որն այսօր ղեկավարում է Հայաստանը:
- Արցախի ժողովորդը միայն իր համար չէ, որ պէտք է մտահոգւած լինի, Արցախը տարիներ եւ տասնամեակներ զգացել է Սփիւռքի հոգածութիւնն իր նկատմամբ, Արցախը միշտ էլ գիտակցել է, թէ ինչպիսի ծանր պայմաններում են սփիւռքահայ մեր եղբայրները կազմակերպում իրենց նւիրահաւաքները, քաղաքական աջակցութիւն ցուցաբերում Արցախին եւ ըստ իս՝ որեւէ իրավիճակ, որեւէ մթնոլորտ չի կարող ազդել արցախցու հոգեբանութեան եւ վարքագծի վրայ: Այո՛, մենք գտնւում ենք շրջափակման մէջ, բայց մեր միտքն ու հոգին շրջափակւած չեն: Շատ կարեւոր է գիտակցել այդ ամէնը եւ փորձել այդ ազատութիւնն արտացոլել եւ տարածել նաեւ այլ միջավայրերում: Հզօր երկրաշարժից յետոյ մեր սիրիահայ եղբայրնեը գտնւում են ծանր վիճակում, ուստի անհրաժեշտ է ձեռք մեկնել նրանց որպէս միասնականութեան դրսեւորում:
Այո՛, այստեղ դժւար իրավիճակ է, բայց եղբօրդ օգնելու պատրաստակամութիւնը տասնամեակներ ի վեր մենք տեսել ենք եւ այս պայմաններում, անշուշտ, չէինք կարող անտարբեր մնալ: Դաշնակցութեան կառոյցը ՀՕՄ-ի միջոցով հանդէս եկաւ նման նախաձեռնութեամբ, որը բնականաբար ողջունեցին Արցախի իշխանութիւնները: ԱՀ իշխանութիւնների եւ ՀՕՄ-ի համատեղ ջանքերով է իրականացւում այդ նւիրահաւաքը: Յանուն ճշմարտութեան պէտք է ասել, որ Արցախի ժողովուրդը բարձր գիտակցութիւն ցուցաբերելով՝ իր ունեցածից մասնաբաժին է տալիս: Վստահ ենք, որ նման թէկուզ փոքր քայլերով մենք կարող ենք լաւագոյն օրինակը ցոյց տալ ոչ միայն մեր ժողովրդին, այլեւ ամբողջ աշխարհին: Շրջափակումը միայն կարելի է դիտարկել տնտեսական եւ սոցիալական բաղադրիչներով, բայց ազատութեան շրջափակում Արցախը չի զգացել եւ չի զգում, դրա լաւագոյն դրսեւորումներից մէկը սիրիահայութեանը ձեռք մեկնելն է եւ նրանց մեր ունեցածից մասնաբաժին տալը:
Հարցազրոյցը վարեց Տաթեւիկ Աղաջանեանը