Արդէն երկու ամիս է, ինչ Ադրբեջանի իշխանութիւնները փակել են Արցախը Մայր Հայաստանին կապող, այս պահին գործող միակ ճանապարհը՝ օկուպացւած Բերձորի շրջանով անցնող, այսպէս կոչւած, Լաչինի միջանցքը։ Ստեղծւած իրավիճակը բազում անհանգստութիւններ է պատճառում ոչ միայն Արցախին, այլեւ Ադրբեջանին, որի իշխանութիւնները երկու ամիս շարունակ ստիպւած են դիմակայել միջազգային տարբեր հարթակներից հնչող քննադատութեանը։
ՀՐԱՆՏ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐԵԱՆ
Արդէն երկու ամիս է, ինչ Ադրբեջանի իշխանութիւնները փակել են Արցախը Մայր Հայաստանին կապող, այս պահին գործող միակ ճանապարհը՝ օկուպացւած Բերձորի շրջանով անցնող, այսպէս կոչւած, Լաչինի միջանցքը։ Ստեղծւած իրավիճակը բազում անհանգստութիւններ է պատճառում ոչ միայն Արցախին, այլեւ Ադրբեջանին, որի իշխանութիւնները երկու ամիս շարունակ ստիպւած են դիմակայել միջազգային տարբեր հարթակներից հնչող քննադատութեանը։ Փակ ճանապարհը մեծ խնդիր է նաեւ Ռուսաստանի համար, որը փաստօրէն չի կարողանում կատարել իր ստանձնած միջազգային պարտաւորութիւններն ու ապահովել Լաչինի միջանցքի անխափան գործունէութիւնը։
Որքան էլ պարադոքսալ հնչի, Արցախի ճանապարհի փակ լինելը ամենաքիչը պաշտօնական Երեւանին է յուզում։ Հայաստանի իշխանութիւններն ամենաբարձր մակարդակով յայտարարում են, որ, այսպէս կոչւած, Լաչինի միջանցքը Ռուսաստանի պատասխանատւութեան գօտում է, եւ որ Հայաստանն այդտեղ անելիք չունի։ Աւելին, Հայաստանի իշխանութեան ներկայացուցիչներն Արցախը Ադրբեջանի մաս են ճանաչում եւ նշում, որ այնտեղ բնակւող 120.000 մարդկանց պատճառով չեն կարող վտանգել Հայաստանի 3 միլիոն բնակչութիւնը։
ՀՀ իշխանութիւնների այս բացառիկ ցինիզմը, ցաւօք, արդէն սովորական է դարձել Հայաստանի եւ Արցախի քաղաքացիների համար։ Մեր հանրութիւնը չի ընդդիմանում Փաշինեանի կառավարութեան սոյն քաղաքականութեանն ու գործելաոճին՝ կարծես խաչ քաշած լինելով այս իշխանութիւնների վրայ։ Արտասահմանում հայկական պետականութեան գործառոյթները ստանձնել է Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը, որի կառոյցները շարունակ ակցիաներ են իրականացնում Եւրոպայի, ԱՄՆ-ի եւ Մերձաւոր Արեւելքի տարբեր քաղաքներում՝ պահանջելով իրենց կառավարութիւններից ճնշում գործադրել Ադրբեջանի վրայ եւ բացել Արցախի ճանապարհը։
Իսկ ահա Արցախում բաւական հետաքրքիր եւ յուսադրող գործընթացներ են սկսւել։ Չնայած այն հանգամանքին՝ որ հայկական երկրորդ պետութիւնը գտնւում է հումանիտար աղէտի եզրին, արցախահայութիւնը դիմադրելու եւ թշնամուն ոչինչ չզիջելու որոշում է կայացրել։ 2022թ․ դեկտեմբերի 25-ին Ստեփանակերտում համաժողովրդական մեծ հանրահաւաք է տեղի ունեցել, որի ընթացքում տեղի բնակիչները յստակ բարձրաձայնել են Ադրբեջանի ճնշումներին դիմակայելու իրենց որոշման մասին։ Արցախում ստեղծւել է օպերատիւ շտաբ, որը հնարաւորութիւնների սահմաններում բաւական արդիւնաւէտ է լուծում շրջափակման մէջ յայտնւած բնակչութեան խնդիրները։
Սոյն տարւայ յունւարի 18-ին համացանցում լուրեր տարածւեցին այն մասին, որ Արցախում տեղակայւած ռուս խաղաղապահների միջնորդութեամբ յունւարի 15-ին կամ 16-ին հանդիպել են ԼՂՀ եւ Ադրբեջանի ներկայացուցիչները եւ քննարկել, այսպէս կոչւած, Լաչինի միջանցքի բացման հնարաւորութիւնը1։ Ըստ տարածւած լուրերի՝ որոնք հետագայում հաստատւել են նաեւ պաշտօնական Ստեփանակերտի կողմից, Արցախի կողմից սոյն հանդիպմանը մասնակցել է նախագահ Արայիկ Յարութիւնեանը, իսկ Ադրբեջանի կողմից՝ գլխաւոր շտաբի պետի տեղակալը, ՆԳ նախարարն ու եւս մէկ ներկայացուցիչ կառավարութիւնից։ ՌԴ ԱԳ նախարար Սերգէյ Լաւրովը, խօսելով այս հանդիպման արդիւնքների մասին, ասուլիսի ժամանակ յայտարարել է, որ ըստ իրեն՝ առաջիկայում Լաչինի միջանցքի հարցը կը լուծւի2։ Սակայն աւելի ուշ յայտնի դարձաւ, որ ադրբեջանական կողմն այդ հանդիպման ընթացքում կոնկրետ պահանջներ է դրել Արցախի իշխանութիւնների առջեւ։ Ըստ ոչ պաշտօնական տեղեկութիւնների՝ խօսքը վերաբերում է հետեւեալ հինգ պահանջներին՝
1. Արցախի պետնախարար Ռուբէն Վարդանեանի պաշտօնանկութիւն,
2. Ադրբեջանական պոստերի պարտադիր տեղակայում Ստեփանակերտի մօտակայքում,
3. Գորիս-Ստեփանակերտ ճանապարհին տեսահսկող եւ ռենտգեն նկարահանման սարքերով յագեցած ադրբեջանական անցակէտերի տեղադրում,
4. Արցախի ամբողջական զինաթափում,
5. Կաշէնի հանքի փակում3
Ադրբեջանական կողմի այս պահանջներից իւրաքանչիւրը մեծ սպառնալիք է Արցախի ոչ միայն ինքնուրոյնութեան պահպանման, այլեւ ընդհանրապէս հայկական մնալու համար։ Չնայած Արցախի իշխանութիւնների որոշ ներկայացուցիչներ պատրաստակամութիւն են յայտնել կատարելու Ադրբեջանի պահանջները՝ այնուամենայնիւ, գերակշռող է դարձել այն դիրքորոշումը, որ թէեւ մեծ զոհողութիւնների գնով, բայց պէտք է շարունակել Արցախի անկախութեան համար մղւող պայքարը։ Ի վերջոյ ստեղծւել է մի իրավիճակ, որը բոլոր դժւարութիւններով հանդերձ, ամէն դէպքում նաեւ հնարաւորութիւններ է ստեղծում հայկական երկրորդ պետութեան համար։
Փորձենք անդրադառնալ դրանցից մի քանիսին։
Յայտնի ճշմարտութիւն է, որ ադրբեջանա-արցախեան հակամարտութիւնն ընթանում է ոչ միայն տեղում՝ այսպէս ասած, հողի վրայ, այլեւ քաղաքական, քարոզչական եւ միջազգային տիրոյթներում։ Ադրբեջանի իշխանութիւնները տարիներ շարունակ, յատկապէս՝ 2020-ի պատերազմի աւարտից յետոյ բոլոր հնարաւոր հարթակներում զարգացնում էին այն թէզը, իբր Ադրբեջանի կազմում Արցախի հայութիւնը նոյն իրաւունքներն ու հնարաւորութիւններն է ունենալու, ինչ Ադրբեջանի միւս քաղաքացիները։ Պաշտօնական Բաքուն փորձում էր ներկայանալ իբրեւ հանդուրժող, արցախահայութեան հետ հաշտութիւն փնտրող եւ նրանց համար լաւ ապագայ կերտող երկրի իշխանութիւն, որն արդէն օրակարգ էր բերել հայերի «ռեինտեգրացիայի» գործընթացը։ Սակայն Արցախի վերջին երկու ամիսների շրջափակումը, այնտեղ մատակարարւող էներգակիրների պարբերական արգելափակումը, քաղաքացիական ենթակառուցւածքների վրայ իրականացւող յարձակումները, դրան զուգահեռ ընթացող քաղաքական ու հոգեբանական ճնշումները, ինչպէս նաեւ ռազմական ուժով շարունակ սպառնալը լաւագոյն ձեւով բացայայտում են Բաքւի իշխանութիւնների եւ ընդհանրապէս ողջ Ադրբեջանի ընդգծւած հայատեաց բնոյթը։
Արցախի իշխանութիւնները, ինչպէս նաեւ Հայաստանի մտահոգ քաղաքացիներն ու Սփիւռքի հայկական կառոյցները հրաշալիօրէն կարողանում են հասցնել այդ ուղերձը միջազգային հանրութեանը։ Հիմա այլեւս պատրանքներ չկան, նոյնիսկ ընդգծւած պրոադրբեջանական գործիչները խոստովանում են, որ Ադրբեջանի նպատակն Արցախը հայաթափելն է։ Եւ եթէ արցախահայութեան ու Սփիւռքի ջանքերին միանար նաեւ Հայաստանի Հանրապետութիւնը, ապա այս հարցում հնարաւոր էր շօշափելի յաջողութիւններ ունենալ։
Թշնամական երկրորդ կարեւոր թէզը, որն այս օրերին ջախջախւում է Արցախում, հետեւեալն է՝ իբր Լեռնային Ղարաբաղի խնդիրն արդէն լուծւած է, եւ հակամարտութիւն այլեւս գոյութիւն չունի։ Սա Ալիեւի յաճախակի արւող յայտարարութիւններից է։ Վերջինս պատեհ եւ անպատեհ առիթներով մշտապէս ասում է, իբր 2020-ի պատերազմի ընթացքում իրենք լուծել են «Ղարաբաղի հարցը» եւ նման հարց այլեւս գոյութիւն չունի։ Նման յայտարարութիւններով Ալիեւը փորձում է քաղաքական ուղիներով վերահսկողութիւն հաստատել ողջ Արցախի նկատմամբ եւ ի վերջոյ իսկապէս լուծել այդ խնդիրը յօգուտ Ադրբեջանի։
Մինչդեռ միջազգային հանրութիւնն այս երկու ամիսների ընթացքում տեսաւ, որ Արցախի հարցը ոչ միայն շարունակում է գոյութիւն ունենալ, այլեւ լարւելու եւ տարածաշրջանում ապակայունութեան նոր մթնոլորտ ստեղծելու ներուժ ունի։ Հետեւաբար նաեւ անտեղին են այն բոլոր յայտարարութիւնները, թէ որեւէ միջնորդութեան կամ, առաւել եւս, խաղաղապահ առաքելութեան խնդիր չկայ։ Ճիշտ հակառակը՝ հէնց հիմա է անհրաժեշտ վերսկսել քաղաքական պրոցեսը եւ կրկին փորձել օրակարգ բերել Արցախի կենսական շահերից բխող խնդիրները։
Երրորդ կարեւոր խնդիրը, որն այս պահին դրական ընթացք է ստացել, սերտօրէն փոխկապակցւած է նախորդ երկու կէտերի հետ։ Խօսքը վերաբերում է միջազգային ասպարէզում Արցախի սուբիեկտայնութեան վերականգնմանը։ Ադրբեջանի հետ հակամարտութեան այս ընթացքը թոյլ է տալիս Արցախի իշխանութիւններին հաղորդակցութեան ուղիղ միջոցներ ստեղծել արտաքին աշխարհի հետ եւ ամենամեծ լսարաններ ունեցող լրատւամիջոցների եթերներից խօսել առկայ խնդիրների մասին։ Միեւնոյն ժամանակ արեւմտեան բազում երկրների քաղաքական գործիչներ եւ նոյնիսկ խոշոր կառոյցներ սկսել են պաշտպանել Արցախի շահերը, դատապարտել Ադրբեջանի ագրեսիւ եւ հակամարդկային քաղաքականութիւնն ու լուծումներ փնտրել Արցախի համար։
Այս երեք կարեւոր հարցերը, որոնք ակտիւօրէն շրջանառւում են Արցախի շրջափակման հետեւանքով, ունեն իրենցից բխող բազում ենթահարցեր, որոնք նոյնպէս շատ կարեւոր են հայկական երկրորդ պետութեան համար։ Դրանցից է, օրինակ, Արցախում տեղակայւած ռուսական խաղաղապահ զօրախմբի առաքելութեան ժամկէտների երկարաձգումը 2025-ից յետոյ։ Սա նոյնպէս այն մարտահրաւէրներից է, որը շատ օրհասական է Արցախի համար։ Ցաւօք, 44-օրեայ պատերազմից յետոյ ԼՂՀ-ն կորցրել է իր անվտանգութիւնն ինքնուրոյն եւ լիարժէք ապահովելու կարողութիւնը։ Այս հարցում չափազանց մեծ է ռուս խաղաղապահների դերը, որոնց ադրբեջանական կողմն ամէն գնով ցանկանում է հեռացնել Արցախից 2025թ.։
Արցախում խաղաղապահների առաքելութիւնը շարունակելու համար անհրաժեշտ են հիմնաւորումներ։ Այսինքն՝ պէտք է լինի այնպիսի իրավիճակ, որի առկայութեան դէպքում խաղաղապահների դուրսբերումն Արցախից պարզապէս անհնարին կը լինի։ Ըստ ամենայնի՝ կը լինի պատերազմի վերսկսման եւ մեծ արիւնահեղութեան իրական վտանգ։ Արցախի շրջափակումը վկայում է այն մասին, որ խաղաղապահների հեռանալուց յետոյ Ադրբեջանը կընտրի հէնց այդ ուղին։ Եւ սա կարեւոր հիմք է՝ պնդելու, որ ռուս խաղաղապահները չեն կարող դուրս բերւել Արցախից։
Այս հարցը եւս մէկ նրբութիւն ունի, որին պէտք է զգոյշ վերաբերւել։ Խօսքը վերաբերում է Արցախում կոնֆլիկտայնութեան աստիճանի պահպանման անհրաժեշտութեանը։ Այո՛, ստեղծւած իրավիճակում այդ կոնֆլիկտայնութիւնն անհրաժեշտ է հէնց հայկական կողմին։ Միայն կոնֆլիկտայնութեան համապատասխան մակարդակի պահպանման դէպքում հնարաւոր կը լինի լուծել վերոնշեալ բոլոր խնդիրներն անգամ այն բանից յետոյ, երբ յանկարծ ադրբեջանցիները առանց որեւէ պայմանների, բացեն Արցախի ճանապարհը։
Վերոյիշեալ բոլոր դրոյթները նաեւ վկայում են այն մասին, որ Արցախի խնդրում հայ ժողովուրդը պայքարի ու դժւարութիւնների երկար ճանապարհ ունի անցնելու։ Այս հարցում մենք պէտք է առաւելագոյն չափով անկեղծ լինենք ժողովրդի հետ եւ նախապատրաստենք նրան այդ դժւարութիւններին։ Գիտեմ, որ սրա մէջ լաւատեսութիւն քիչ կայ, բայց այլընտրանքը ազգային ողբերգութիւնն է։ Ուստի պէտք է պատրաստւել երկարատեւ պայքարի։ Այդ ռեսուրսը մեր ժողովուրդն ու պետութիւններն ունեն։ Սա մի գործ է, որը յիրաւի պէտք է արւի։ Անհրաժեշտ է դիմանալ եւ յաղթել։
_________________________________
Յղումներ
1. https://www.24news.am/news/267602, (մուտք՝18.01.2023):
2. https://www.interfax.ru/world/881245, (մուտք՝18.01.2023):
3. https://www.pastinfo.am/hy/news/2023/01/18/4wg8nldgt/1520321, (մուտք՝18.01.2023):