Նիկոլ Փաշինեանի գոյութիւնը Հայաստանի իշխանութեան ղեկին ինդուլգենցիա է բոլորի համար՝ ցանկացած յանցանք գործելու ու պատասխանատւութեան չենթարկւելու իմաստով։ Իսկ «հայկական ժողովրդավարութիւնը», որ ժողովրդավարածաղրանք է, իրականում հրաշալի միջավայր է նմանների համար։
ՅԱՐՈՒԹԻՒՆ ԱՒԵՏԻՍԵԱՆ
Նախօրէին Յունաստանում տեղի ունեցած ողբերգական երկաթուղային վթարից յետոյ, որին զոհ էին դարձել 32 ուղեւորներ, այդ երկրի տրանսպորտի նախարար Կոստաս Կարմանալիսը հրաժարականի դիմում է ներկայացրել՝ յայտարարելով, որ իր վրայ է վերցնում կատարւածի քաղաքական պատասխանատւութիւնը։
Իրական ժողովրդավարական պետութիւններում, որոնցում գործում են պատասխանատւութեան ու հաշւետւողականութեան ոչ թէ բուտաֆորիկ, այլ կենսունակ մեխանիզմներ, սա ոչ թէ արտառոց երեւոյթ է, այլ միանգամայն օրինաչափ, բնականոն զարգացում։ Ի թիւս այլ գործօնների, նաեւ իրական պատասխանատւութեան գործուն ինստիտուտն է տարբերում կայացած ժողովրդավարութիւններին դրանց իմիտացիաներից։
Ցանկացած նման օրինակ հերթական անգամ պայթեցնում է Հայաստանի՝ «ժողովրդավարութեան բաստիոնի» փուչիկը։
Ընդամէնը մէկուկէս ամիս առաջ Գեղարքունիքի մարզի Ազատ գիւղի զօրամասում տեղի ունեցած ողբերգական հրդեհին զոհ դարձան 15 զինծառայողներ։ Պաշտպանութեան նախարար Սուրէն Պապիկեանը դէպքի վայր այցելեց հրդեհից յետոյ 3-րդ օրը:
Ոչ Փաշինեանը, ոչ նա չեն մասնակցել տղաների հոգեհանգստին: Ձեւի համար պաշտօնանկ արւեցին ու ձերբակալւեցին միջին մակարդակի կամ մի փոքր բարձր մի քանի զինւորականներ։ Բայց եթէ անգամ այդ պաշտօնեաները մեղաւոր էին, ապա նրանք կրում են տեղի ունեցածի սոսկ գործառնական, ոլորտային պատասխանատւութիւնը։ Որեւէ զինւորական, սակայն, չի կարող կրել բանակում կատարւող ողբերգութիւնների քաղաքական պատասխանատւութիւնը, որը պաշտպանութեան նախարարի՝ այդ պաշտօնում նշանակւած քաղաքական անձի պատասխանատւութեան տիրոյթում է։
Հայաստանում, սակայն, քաղաքական պատասխանատւութեան այդ դասական, դասագրքային մեխանիզմը չի գործում։ Ոչ միայն այն պատճառով, որ Հայաստանում քաղաքականութեամբ զբաղւողներն ու իշխանութիւն ունեցողները հեռու են դասականութիւնից ու չեն աղերսւել քաղաքականութեան դասագրքերին, այլ որովհետեւ նրանք իրականում թքած ունեն հաշւետւողականութեան ու պատասխանատւութեան վրայ։
Նրանց յուզում է ժողովրդավարութեան ոչ թէ բովանդակութիւնը, այլ դեկորացիան, որովհետեւ նրանք տեսնում են, որ աշխարհաքաղաքական նպատակներով իրենց իշխանութեանը քաջալերող ու «ժողովրդավարութեան առաջընթացով ոգեւորւող» արեւմտեան կառոյցներն ու երկրները գոհանում են ժողովրդավարութեան հէնց ձեւական կողմով՝ նոյնքան ու աւելի թքած ունենալով դրա գործառնական նշանակութեան վրայ։ Նաեւ այն պատճառով, որ բովանդակային ժողովրդավարութեան առկայութեան դէպքում Հայաստանը չէր ունենայ իշխանութիւն, որը սկուտեղի վրայ յանձնում է սեփական շահերը՝ արեւմտեան շոյանքներին արժանանալու ու այդպիսով՝ իշխանութիւնը պահպանելու համար։ Դրա համար էլ Յունաստանում տրանսպորտի նախարարը հրաժարական է տալիս, իսկ Հայաստանում՝ պաշտպանութեան նախարարը շարունակում է վայելել այն պաշտօնը, որի շնորհիւ ստորաքարշ մեծահարուստները նրան նւէրներ են մատուցում՝ էժան բնակարանների տեսքով։
Բայց Սուրէն Պապիկեանը, բացի բնակարանային հաճոյքներից, ունի եւս մէկ «պողպատեայ» արդարացում։
Նրա ղեկավարը՝ Նիկոլ Փաշինեանը, որեւէ պատասխանատւութեան չի ենթարկւել 5000-ից աւելի զոհերի, 10.000-ից աւելի հաշմանդամների պատճառ դարձած, իր կողմից հրահրւած 44-օրեայ պատերազմում կրած պարտութեան ու դրան յաջորդած մահաբեր արհաւիրքների համար։ Դա աչքի առաջ ունենալով՝ Սուրէն Պապիկեանը, պատմութեան ուսուցիչ լինելով հանդերձ, երեւի թւաբանական հաշւարկներ է անում՝ պարզելով, որ 15-ը քիչ է 5000-ից, հետեւաբար՝ ինքը կարող է շարունակել բնակարանի վերանորոգումը։
Նիկոլ Փաշինեանի գոյութիւնը Հայաստանի իշխանութեան ղեկին ինդուլգենցիա է բոլորի համար՝ ցանկացած յանցանք գործելու ու պատասխանատւութեան չենթարկւելու իմաստով։ Իսկ «հայկական ժողովրդավարութիւնը», որ ժողովրդավարածաղրանք է, իրականում հրաշալի միջավայր է նմանների համար։
168.am