Աշխարհի տարբեր ծագերում ապրող մեր հայրենակիցների հայեացքն այժմ ուղղւած է երկրաշարժի հետեւանքով ծանր կացութեան մէջ յայտնւած Սիրիայի հայկական համայնքին: Միանալով ՀՕՄ-ի աշխարհասփիւռ միաւորներին եւ ողջ հայութեանն ուղղւած «Ձեռք ձեռքի մեր հայրենակիցների կողքին» կոչին՝ Հայ օգնութեան միութեան Արցախի միաւորն իր զօրակցութիւնն է յայտնում Սիրիայում ապրող մեր քոյրերին եւ եղբայրներին եւ միանում համահայկական օժանդակութեան աշխատանքներին։
«alikonline.ir» - Աշխարհի տարբեր ծագերում ապրող մեր հայրենակիցների հայեացքն այժմ ուղղւած է երկրաշարժի հետեւանքով ծանր կացութեան մէջ յայտնւած Սիրիայի հայկական համայնքին: Միանալով ՀՕՄ-ի աշխարհասփիւռ միաւորներին եւ ողջ հայութեանն ուղղւած «Ձեռք ձեռքի մեր հայրենակիցների կողքին» կոչին՝ Հայ օգնութեան միութեան Արցախի միաւորն իր զօրակցութիւնն է յայտնում Սիրիայում ապրող մեր քոյրերին եւ եղբայրներին եւ միանում համահայկական օժանդակութեան աշխատանքներին։ Այս մասին «Ապառաժ»-ի հետ զրոյցում նշեց Հայ օգնութեան միութեան Արցախի միաւորի ատենապետուհի Լիլիթ Մարտիրոսեանը։
Նա նշեց, որ չնայած շրջափակման ծանր պայմաններին` Արցախի կառավարութիւնը, համագործակցելով Հայ օգնութեան միութեան Արցախի մասնաճիւղի հետ, որոշում է կայացրել միանալ համահայկական օժանդակութեան աշխատանքներին՝ կազմակերպելով դրամահաւաք․ «Միայն մեր համազգային ամուր միասնականութեամբ ու միմեանց սատար կանգնելու անկեղծ ջանքերով է հնարաւոր յաղթահարել ինչպէս բնութեան արհաւիրքները, այնպէս էլ՝ արհեստածին մարտահրաւէրները։ Ձեր նւիրատւութիւնները ՀՀ դրամով կարող էք կատարել «Արցախբանկ»-ում բացւած հաշւեհամարին՝ 22300100156701»։
ՀՕՄ-ի Արցախի միաւորի ատենապետուհու խօսքով՝ ՀՕՄ-ը շրջափակման օրերին շարունակում է հաւատարիմ մնալ իր առաքելութեանը եւ փորձում է ամէն կերպ նպաստել սոցիալական, կրթական, առողջապահական եւ այլ ոլորտների զարգացմանը։ «Շրջափակման պայմաններում առաջին հերթին փորձել ենք ուրախացնել երեխաներին։ Քանի որ շրջափակման պայմաններում հնարաւոր չէր մեծ քանակութեամբ նւէրներ ձեռք բերել, օգտւել ենք պահեստներում առկայ խաղալիքներից, հագուստից, որոնք ուղարկում են ՀՕՄ-ի տարբեր մասնաճիւղերը։ Մեր միաւորը ԱՀ Ասկերանի շրջանի Խնապատ, Մարտունու շրջանի Խնուշինակ, Մարտակերտի շրջանի Մոխրաթաղ ու Գառնաքար համայնքների աշակերտների, Ասկերանի շրջանի Այգեստան համայնքի մանկապարտէզի մօտ 500 երեխաների համար ամանորեայ անակնկալ է պատրաստել: Նշւած համայնքների մանուկներն ու պատանիներն արժանացել են նւէրների»,- ասաց Լ․ Մարտիրոսեանը:
Լիլիթ Մարտիրոսեանը խօսեց մէկ այլ ծրագրի մասին, որի օգտակարութեան մասին եւս մէկ անգամ համոզւել են հէնց շրջափակման օրերին, երբ հոսանքի ու գազի յաճախակի անջատումներ էին լինում։
«Արցախի մի շարք համայնքներում 101 արեւային ջրատաքացուցիչներ են տեղադրւել զոհւած, հաշմանդամութիւն ունեցող, բազմազաւակ ընտանիքների համար։ Մի քանի սարքեր դեռեւս պիտի տեղադրւեն, ճանապարհի փակ լինելու պատճառով չեն հասել հասցէատէրերին»,- ասել է Լ․ Մարտիրոսեանը՝ յաւելելով, որ նախատեսւում է ծրագիրը շարունակել։
Յիշեցնենք, որ շրջափակման օրերին ՀՕՄ-ի Հայաստանի շրջանը շուրջ 10 տոննա պարենամթերք է հանձնել Արցախի Հանրապետութեան ներկայացուցչութեանը։ Այս մարդասիրական օգնութիւնը ռուս խաղաղապահների միջնորդութեամբ հասցւել է Արցախ:
ԱՀ սոցիալական զարգացման եւ միգրացիայի նախարարութեան կողմից այն տեսակաւորւում եւ տրամադրւում է սոցիալական որոշ խմբերի ներկայացուցիչների (4 եւ աւելի երեխաներ ունեցող ընտանիքներ, զոհւած եւ անյայտ կորած ազատամարտիկների ընտանիքներ, հաշմանդամութիւն ունեցող անձինք, պատերազմի մասնակիցներ) եւ նախարարութիւն դիմած սոցիալապէս անապահով ընտանիքներին:
Հայ օգնութեան միութեան Արցախի միաւորի ատենապետուհի Լիլիթ Մարտիրոսեանը հանդիպում է ունեցել ԱՀ սոցիալական զարգացման եւ միգրացիայի նորանշանակ նախարար Արմէն Մանգասարեանի հետ:
Արմէն Մանգասարեանը բարձր է գնահատել ՀՕՄ-ի հետ համագործակցութիւնը՝ նշելով, որ դեռեւս ԱՀ բնակարանային կոմիտէի ղեկավարի պաշտօնում առիթ է ունեցել ծանօթանալու ՀՕՄ-ի գործունէութեանը եւ պրակտիկ ու օպերատիւ գործելաոճին: Նա շնորհակալութիւն է յայտնել այս դժւար օրերին Արցախի կողքին գտնւող բոլոր կազմակերպութիւններին ու կառոյցներին, այդ թւում՝ ՀՕՄ-ին:
Լիլիթ Մարտիրոսեանի առաջարկով՝ Արցախ հասած օժանդակութիւնից կը յատկացւի նաեւ ՀՕՄ-ի Արցախի միաւորին դիմում ներկայացրած սոցիալապէս անապահով ընտանիքներին:
Տաթեւիկ Աղաջանեան