Մարտի 2-ին եւ լոյս 3-ի գիշերը Արցախի Հանրապետութեան Ասկերանի, Մարտակերտի եւ Մարտունու շրջանների օկուպացւած տարածքներում տեղակայւած ադրբեջանական զինուժի ստորաբաժանումները խախտել են 2020 թւականի նոյեմբերի 9-ի եռակողմ յայտարարութեամբ հաստատւած հրադադարը։
«alikonline.ir» - Մարտի 2-ին եւ լոյս 3-ի գիշերը Արցախի Հանրապետութեան Ասկերանի, Մարտակերտի եւ Մարտունու շրջանների օկուպացւած տարածքներում տեղակայւած ադրբեջանական զինուժի ստորաբաժանումները խախտել են 2020 թւականի նոյեմբերի 9-ի եռակողմ յայտարարութեամբ հաստատւած հրադադարը։ Այս մասին յայտնում են ԱՀ ԱԳՆ-ից։
«Խստօրէն դատապարտում ենք ադրբեջանական կողմի սադրանքները, որոնք իրականացւել են Արցախում ՌԴ խաղաղապահ զօրախմբի հրամանատարի միջնորդութեամբ տեղի ունեցած Արցախի Հանրապետութեան եւ Ադրբեջանի Հանրապետութեան ներկայացուցիչների հերթական հանդիպումից անմիջապէս յետոյ։
Արցախի ապօրինի շրջափակումն անյապաղ վերացնելու անհրաժեշտութեան համատեքստում հումանիտար եւ ենթակառուցւածքային հարցերով կողմերի միջեւ կայացած քննարկումների ֆոնին, Ադրբեջանի գործողութիւններն ակնյայտօրէն վկայում են Լաչինի միջանցքի ապաշրջափակման վերաբերեալ իր՝ այդ թւում նաեւ Արդարադատութեան միջազգային դատարանի որոշումից բխող յանձնառութիւններն անվերապահօրէն կատարելու չկամութեան մասին։
Այս առումով անհրաժեշտ ենք համարում, որպէսզի միջազգային հանրութիւնը շարունակի Ադրբեջանի վրայ ճնշման գործադրման կոնկրետ միջոցների իրականացումը՝ զսպելու վերջինիս ապակառուցողական գործողութիւններն ու մտադրութիւնները, որոնք միտւած են հարցերն ուժային ճանապարհով լուծելուն»,- ասւում է հաղորդագրութիւնում։