Հա

Քաղաքական

04/03/2023 - 10:25

Տնտեսութիւնից գումարները հաւաքագրել են, բայց չեն կարողացել այդ գումարները ծախսել տնտեսութեան մէջ

Դոլար-դրամ փոխարժէքի վրայ իր ազդեցութիւնն է թողել պետութեան բիւտջետային քաղաքականութիւնը. «Երկիր մեդիայի» հետ զրոյցում ասաց ՀՅԴ Բիւրոյի տնտեսական հետազօտութիւնների գրասենեակի պատասխանատու, տնտեսագէտ Սուրէն Պարսեանը:

«alikonline.ir»- Դոլար-դրամ փոխարժէքի վրայ իր ազդեցութիւնն է թողել պետութեան բիւտջետային քաղաքականութիւնը. «Երկիր մեդիայի» հետ զրոյցում ասաց ՀՅԴ Բիւրոյի տնտեսական հետազօտութիւնների գրասենեակի պատասխանատու, տնտեսագէտ Սուրէն Պարսեանը:

«2022թ․-ի ընթացքում նախորդ տարւայ համեմատ հաւաքագրւել է մօտ 23-24 տոկոս աւելի շատ հարկեր եւ ճիշտ հակառակը 2022թ․-ի ընթացքում թերակատարւել է կապիտալ ծախսերի մօտաւորապէս 30 տոկոսը, նաեւ ընթացիկ ծախսերի մօտ 10 տոկոսը։ Ստացւել է իրավիճակ, երբ տնտեսութիւնից գումարները հաւաքագրել ենք, բայց չենք կարողացել այդ գումարները ծախսել տնտեսութեան մէջ։ Դա իր հերթին ազդում է դոլար-դրամ փոխարժէքի վրայ։ Միւս գործօնը, որ ազդել է դոլար-դրամ փոխարժէքի վրայ Կենտրոնական բանկի քաղաքականութիւնն է։ Կենտրոնական բանկը 2022թ․-ի ընթացքում պարբերաբար վերաֆինանսաւորման տոկոսադրույքը հասցրել է մինչեւ 10.75 տոկոսի։ Այդ տոկոսի բարձրացումը ուղղակիօրէն ազդում է դրամի արժէքի վրայ։ Դրամը թանկանում է ներքին շուկայում, հետեւաբար արժեւորւում է արտարժոյթի շուկայում։ Սա էլ իր ազդեցութիւնն է թողնում տնտեսական իրավիճակի վրայ»,- ասաց տնտեսագէտը:

Նրա խօսքով՝ 2022թ․-ի դեկտեմբերը մենք փակեցինք 4.1 միլիարդ դոլարի չափով միջազգային պահուստներով. «Սա բաւականին աննախադէպ ցուցանիշ է, մօտ 800 միլիոն դոլարով աւելացրել ենք, յունւարին այդ պահուստները կրճատւել են մօտ 400 միլիոն դրամով։ Սա կարող է իր ազդեցութիւնը թողնել: Վերջին շաբաթների ընթացքում դրամի շարունակւող արժեւորումը հասել է մինչեւ 386 դրամը։ Նման իրավիճակ ունեցել ենք նաեւ 2000-ականներին. Հայաստան գալիս էր մեծ քանակութեամբ գումար շինարարութեան ոլորտում, սրա արդիւնքում մեր դրամը հասաւ մինչեւ 300 դրամ։ 2008-ին, երբ անկում ունեցանք շինարարութեան ոլորտում գումարներ չհոսեցին մէկ օրւայ ընթացքում փոխարժէքը մօտաւորապէս 20-30 տոկոսով բարձրացաւ: Այս իրավիճակը կը շարունակւի պահպանւել այնքան ժամանակ, քանի դեռ դրսից դոլարային հոսքեր ունենք։ Իսկ այդ հոսքերը մօտակայ ամիսների ընթացքում կը պահպանւեն՝ պայմանաւորւած ռուս-ուկրայինական հակամարտութեան հնարաւոր սրացմամբ։ Եթէ այդ հակամարտութիւնը աւարտւի շուտ, ապա այս գործընթացը աւելի շուտ կը սառի, բայց մինչ այդ մենք բաւականին մեծ խնդիրներ կունենանք մեր տնտեսութեան մէջ, քանի որ դրամի այս արժեւորումից տուժում են մեր տեղական արտադրողները, տեղական մթերքները, արտադրանքը դառնում է թանկ եւ շուկայում կորցնում են իրենց մրցունակութիւնը։ Աւելացել է ներկրւող սննդամթերքի ծաւալները եւ դրան գումարած այն քաղաքացիները, ովքեր ապրում են դրսից ուղղարկւած փողերով, ապա նրանց կենսամակարդակը էականօրէն վատացել է։ Նրանք չեն կարող գնել նոյն քանակութեան ապրանքները հաշւի առնելով դոլար-դրամ փոխարժէքը, դրան գումարած ունենք նաեւ գնաճ։ Մի կողմից տուժում են գնաճից, միւս կողմից՝ դրամ դոլարի փոխարժէքից։ 2023թ․-ին կը պահպանւի դրամի այս արժեւորումը, քանի դեռ հակամարտութեան պատճառով չեն դադարել հոսքերը»,- ասաց նա:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։