Հա

Քաղաքական

05/03/2023 - 08:50

Ադրբեջանը իրեն վեր է դասում միջազգային իրաւունքից եւ անարգում Աշխարհի Դատարանի կայացրած որոշումը. Արցախի ՄԻՊ-ը՝ Լաչինի միջանցքի վերաբերեալ Հաագայի դատարանի որոշման մասին

Ադրբեջանի կողմից 2022 թւականի դեկտեմբերի 12-ից մինչ օրս շարունակւող Արցախի անօրինական շրջափակումը հումանիտար ծանրագոյն հետեւանքներ է ստեղծում Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետութեան 120 հազար ժողովրդի համար՝ յանգեցնելով մարդկանց ամենատարրական իրաւունքների կոպտագոյն խախտումների, ներառեալ՝ պարենի, դեղորայքի եւ այլ կենսական ապրանքների սղութեան, էլեկտրամատակարարման ու գազամատակարարման խափանման եւ յարակից այլ պատճառներով։ Այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանեանը:

«alikonline.ir» - Ադրբեջանի կողմից 2022 թւականի դեկտեմբերի 12-ից մինչ օրս շարունակւող Արցախի անօրինական շրջափակումը հումանիտար ծանրագոյն հետեւանքներ է ստեղծում Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետութեան 120 հազար ժողովրդի համար՝ յանգեցնելով մարդկանց ամենատարրական իրաւունքների կոպտագոյն խախտումների, ներառեալ՝ պարենի, դեղորայքի եւ այլ կենսական ապրանքների սղութեան, էլեկտրամատակարարման ու գազամատակարարման խափանման եւ յարակից այլ պատճառներով։ Այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանեանը:

«Արցախի եւ Հայաստանի կողմից իրավիճակի մասին միջազգային հանրութեան պատշաճ իրազեկւածութեան ապահովման ուղղութեամբ իրականացւել են լայնածաւալ աշխատանքներ՝ համադրելով երկկողմ եւ բազմակողմ դիւանագիտութեան, միջազգային իրաւապաշտպան եւ լրագրողական համայնքների ներգրաւման հնարաւորութիւններն ու ջանքերը։

Այս ընթացքում Ադրբեջանի ապօրինի գործողութեան հասցէական դատապարտմամբ հանդէս են եկել բազմաթիւ երկրների գործադիր եւ օրէնսդիր մարմիններ, միջազգային կառավարական կազմակերպութիւնների՝ ինչպիսիք են ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, ԵՄ-ի ներկայացուցիչներ, միջազգային ազդեցիկ իրաւապաշտպան կազմակերպութիւնների՝ Human Rights Watch, Amnesty International, Freedom House, Lemkin Institute for Genocide Prevention-ի պատասխանատուներ եւ միջազգային հանրութեան այլ կառոյցներ ու դերակատարներ:

Այնուամենայնիւ, ի հեճուկս բոլոր յայտարարութիւնների, ադրբեջանական կողմը դիտաւորեալ ու անմարդկայնօրէն անտեսել է բոլոր կոչերն ու շարունակում է շրջափակման մէջ պահել Արցախի խաղաղ բնակչութեանը։

Իրավիճակի հանգուցալուծման եւ Արցախի ժողովրդի իրաւունքների պաշտպանութեան ապահովման համար՝ գործարկւել են միջազգային իրաւական մեխանիզմներ։

2022թ դեկտեմբերի 14-ին Հայաստանի Հանրապետութիւնը դիմել է Մարդու իրաւունքների եւրոպական դատարան՝ պահանջելով, միջանկեալ միջոցներ կիրառելով՝ պարտաւորեցնել Ադրբեջանին ապաշրջափակել «Լաչինի միջանցքը»։ ՄԻԵԴ-ը դեկտեմբերի 21-ի որոշմամբ մասնակի բաւարարել է Հայաստանի Հանրապետութեան պահանջը՝ միջանկեալ միջոցներ կիրառելով Ադրբեջանի նկատմամբ եւ պարտաւորեցնելով Ադրբեջանին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ եւ բաւարար միջոցները՝ ապահովելու «Լաչինի միջանցքով» Հայաստանում բժշկական օգնութիւն ստանալու կարիք ունեցող ծանր հիւանդ անձանց տեղաշարժը, ինչպէս նաեւ ճանապարհին անապաստան մնացած կամ ապրուստի միջոցների կարիք ունեցող անձանց անվտանգ տեղաշարժը:

2022թ․ դեկտեմբերի 29-ին՝ Հայաստանի Հանրապետութիւնը դիմել է ՄԱԿ-ի Արդարադատութեան միջազգային դատարան (Հաագա) Ռասայական խտրականութեան բոլոր ձեւերի վերացման մասին միջազգային կոնւենցիայի շրջանակներում քննւող «Հայաստանն ընդդէմ Ադրբեջանի» գործով կիրառել միջանկեալ միջոց եւ պահանջել Ադրբեջանից՝ դադարեցնել «Լաչինի միջանցքի» շրջափակումը եւ ապահովել միջանցքով մարդկանց, տրանսպորտային միջոցների եւ բեռների անխափան ու ազատ տեղաշարժը։ 2023 թւականի փետրւարի 22-ին Դատարանը որոշել է բաւարարել Հայաստանի պահանջը եւ պարտադրել Ադրբեջանին՝ ձեռնարկելու բոլոր միջոցները «Լաչինի միջանցքով» մարդկանց, տրանսպորտային միջոցների եւ բեռների անարգել տեղաշարժն ապահովելու համար։

Հարկ է յիշեցնել, որ ՄԱԿ Արդարադատութեան միջազգային դատարանի Կանոնադրութեան 60-րդ յօդւածի համաձայն՝ Դատարանի որոշումը վերջնական է եւ ենթակայ չէ բողոքարկման:

Հարկ է ընդգծել նաեւ, որ ՄԱԿ-ի կանոնադրութեան 94-րդ յօդւածի համաձայն՝ ՄԱԿ-ի իւրաքանչիւր անդամ պարտաւորւում է կատարել ԱՄԴ վճիռներն այն գործերով, որոնց մասնակից է հանդիսանում: Իսկ եթէ գործի մասնակից կողմը թերանում է իրականացնել դատարանի կայացրած վճռով իր վրայ դրւած պարտականութիւնները, միւս կողմը կարող է դիմել Անվտանգութեան խորհուրդ, որը անհրաժեշտ համարելու դէպքում կարող է յանձնարարականներ տալ կամ որոշել այն միջոցառումները, որոնց հարկաւոր է դիմել դատարանի վճիռն ի կատար ածելու համար։

Դատարանի որոշմանն անդրադարձել է ՄԱԿ-ի Գլխաւոր քարտուղարը՝ յայտարարելով, որ ԱՄԴ որոշումները պարտադիր են կողմերի կատարման համար ներառեալ որոշումը, որը վերաբերում է «Լաչինի միջանցքով» երկու ուղղութիւններով մարդկանց, տրանսպորտային միջոցների եւ բեռների անարգել տեղաշարժն ապահովելու միջոցառումներին:

Դատարանի վճիռը հրապարակւելուց յետոյ անցել է 10 օր, որի ընթացքում Ադրբեջանը որեւէ գործնական քայլ չի արել դրա կատարման ուղղութեամբ եւ, որպէս հետեւանք, մարդիկ շարունակում են ենթարկւել զրկանքների եւ տառապանքների, բախւել մարդու իրաւունքների համատարած խախտումների, այդ թւում՝ յունւարի 9-ից շարունակւող՝ Հայաստանից դէպի Արցախ էլեկտրամատակարարման դադարեցմանը ադրբեջանական վերահսկողութեան տակ գտնւող տարածքից։

Ադրբեջանը, իրեն վեր դասելով միջազգային իրաւունքից եւ օգտւելով անպատժելիութեան ստեղծւած իրավիճակից, շարունակում է անտեսել Դատարանի որոշումը՝ անարգելով Աշխարհի Դատարանի բարձր հեղինակութիւնն ու կայացրած որոշումը։

Ադրբեջանի նմանօրինակ անպատժելի վարքագիծը այլեւս լրջագոյն մարտահրաւէր է ոչ միայն Հայաստանի, Արցախի եւ տարածաշրջանի համար, այլեւ ողջ միջազգային համայնքի համար։ Այս իրավիճակի հանդուրժումն անդառնալի եւ հեղինակազրկող հարւած է տարիներ շարունակ հետեւողականօրէն զարգացած Մարդու իրաւունքների միջազգային ճարտարապետութեան եւ դրա երաշխաւորման համար ձեւաւորւած իրաւական մեխանիզմների համար։

Ադրբեջանի ապակառուցողական վարքագիծը արդէն որերորդ անգամ ապացուցւող փաստ է, որին միջազգային հանրութիւնը պէտք է պատասխանի յստակ ու գործնական հակադարձող քայլերով՝ պատժամիջոցներ կիրառելով Ադրբեջանի նկատմամբ եւ ամենաբարձր միջազգային մակարդակով Արցախի ժողովրդի ինքնորոշման իրաւունքի ճանաչումը դարձնելով հակամարտութեան կարգաւորման հետագայ գործընթացների հիմնական տարր»։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։