1988-ին սկսւած արցախեան շարժումը ԽՍՀՄ ներսում լուծման տարբերակ ունէր, այն կարող էր լուծւել, քանի որ ԽՍՀՄ պատմութիւնն ունէր օրինակներ, երբ մի հանրապետութիւնից միւսին տարածքներ էին յանձնւում։ 1991-ի դեկտեմբերին Արցախի հարցը դարձաւ հայ-ադրբեջանական միջազգային հակամարտութիւն, եւ արդէն 1992-ին ԵԱՀԿ-ն սկսեց զբաղւել դրանով, բազմաթիւ հանդիպումներ եղան։ Սրանք եկան իշխանութեան, փոքրիկ ու կարճատեւ խաբկանքի շրջան ձեւաւորեցին, թէ իբր զրոյական կէտից են սկսում, կամ լուծումը պէտք է բաւարարի բոլոր կողմերին։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք յայտնեց ՀՀ ԳԽ եւ ԱԺ նախկին փոխնախագահ Արա Սահակեանը:
«alikonline.ir» - 1988-ին սկսւած արցախեան շարժումը ԽՍՀՄ ներսում լուծման տարբերակ ունէր, այն կարող էր լուծւել, քանի որ ԽՍՀՄ պատմութիւնն ունէր օրինակներ, երբ մի հանրապետութիւնից միւսին տարածքներ էին յանձնւում։ 1991-ի դեկտեմբերին Արցախի հարցը դարձաւ հայ-ադրբեջանական միջազգային հակամարտութիւն, եւ արդէն 1992-ին ԵԱՀԿ-ն սկսեց զբաղւել դրանով, բազմաթիւ հանդիպումներ եղան։ Ի վերջոյ, յանգեցին աւելի աշխատունակ ձեւաչափին՝ եռանախագահութեանը, եւ այս ամբողջ ընթացքում՝ 1992-ից մինչեւ 2020-ի գարուն, փորձ էր կատարւում կողմերի մօտեցումները մերձեցնելու, պատերազմը բացառելու։ Սրանք եկան իշխանութեան, փոքրիկ ու կարճատեւ խաբկանքի շրջան ձեւաւորեցին, թէ իբր զրոյական կէտից են սկսում, կամ լուծումը պէտք է բաւարարի բոլոր կողմերին։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք յայտնեց ՀՀ ԳԽ եւ ԱԺ նախկին փոխնախագահ Արա Սահակեանը:
«Այս ամենի նպատակը մեր գրեթէ երեսնամեայ պատմութեան ոչնչացումն էր, այլասերումն ու վարկաբեկումը, որի հիման վրայ արդէն կատարւում է ներկայիս գործը։ Այսինքն՝ սրանք ասում են, թէ իբր խնդիր՝ որպէս այդպիսին, գոյութիւն չունի, հակամարտութիւն չկայ, կան այնտեղ դեռեւս ապրող եւ գոյատեւող հայեր, որոնք սոցիալական, տնտեսական եւ մշակութային իրաւունքներ ունեն, ընդ որում՝ նոյնիսկ դրանով չեն զբաղւում։ Պէտք է արձանագրել, որ հինգ տարի առաջ սկսւած յեղափոխութիւնը հաստատուն քայլերով իրականացնում է իր առջեւ դրւած նպատակները։
Գունաւոր յեղափոխութիւնների շարքում մենք վերջինն ենք, մեզնից առաջ արաբական երկրներն էին կամ, օրինակ, Մոլդովան։ Սրանց բոլորի նպատակը եղել է այդ երկրներում ազգային-հայրենասիրական ուժերն ու կառավարութիւնները ոչնչացնելը, որոնք կարող էին կարծել, թէ այս միաբեւեռ աշխարհում իրենք ունեն իրենց տեղն ու ինքնատիպութիւնը, քաղաքական ուրոյն շահերն ու քաղաքակրթական եւ մշակութային կերպարը»,- ասաց ընդդիմադիր գործիչը:
«Յեղափոխութեան, ազատութեան, ժողովրդավարութեան, կոռուպցիայի դէմ պայքարի անւան տակ սկսւած մեծ շարժումը՝ կախւած տւեալ երկրի առանձնայատկութիւններից, նպատակ ունէր հլու-հնազանդ դարձնելու այն երկրները, որոնք ազգային նպատակ են հետապնդում։ Հայաստանում ազգային նպատակ կար՝ հարեւանութեամբ, այլ երկրի տարածքում կոմպակտ բնակւող հայութեան քաղաքական ինքնորոշման իրաւունքի իրացումը։ Այս պատկերը հարկաւոր էր միաբեւեռ աշխարհին՝ վերջնականապէս իր տիրապետութիւնը հաստատելու համար, պարզապէս Ռուսաստանը ոսկորի պէս մնաց կոկորդին։ Ռուսաստանում եւս փորձեր արւեցին բաւական համակրելի կերպարներով առաջ տանելու նորացման եւ ժողովրդավարացման գործընթացները, բայց այնտեղ դա չյաջողւեց։ Եթէ այնտեղ յաջողւէր, յաջորդը Չինաստանն էր լինելու»,- նշեց Սահակեանը:
Քաղաքական գործչի պնդմամբ՝ պէտք է հասկանալ՝ այս իրավիճակում ՀՀ իշխանութիւնները կը կարողանա՞ն իրենց մէջ ուժ գտնել՝ կանգնեցնելու այս ընթացքը. «Խնդրի արմատը Հայաստանում չէ, մեզ մօտ խամաճիկային կառավարութիւն է, որը կատարում է Արեւմուտքի պատւէրը եւ հիմա էլ փորձում է խորացնել այդ հակադրութիւնը։ Պէտք է յիշել արցախեան շարժման ակունքները՝ հասկանալու, որ պատմական կեղծարարութիւնն արմատից է գալիս։ Մեր սերնդի շարժումը, զոհողութիւնները ներկայացւում են՝ որպէս ագրեսիա։ Միւս կողմից՝ այլ կերպ չեն կարող արդարացնել իրենց կողմից այս զիջումները, նահանջը, հրաժարումը, ուրացումը, դաւաճանութիւնը։ Սա ազգային շահերի ուրացում է, եւ աշխարհում հիմա չկայ երկրորդ պետութիւն, որտեղ կառավարութիւնն արդէն հինգ տարի է՝ մեթոդաբար ուրացման քաղաքականութիւն է իրականացնում»:
«Ամենաազդեցիկ ահազանգը մեր՝ դեռեւս քնած շատ հայրենակիցներին Ալիեւն է տալիս։ Նա պարզ ասում է, թէ մեզ հետ ինչպէս է վարւելու։ Սա շատ մեծ ծրագրի փոքր տարրն է։ Ոչ մի զիջում մեզ խաղաղութիւն չի բերելու։ Մենք արմատական սխալ ենք կատարում, երբ պատերազմների շրջանում ոչ թէ յաղթանակից ենք խօսում ու յանուն յաղթանակի ենք պայքարում, այլ խաղաղութիւն ենք մուրում։ Թուրքիան ցանկանում է Ռուսաստանի հնարաւոր եւ մեզ համար ցանկալի յաղթանակի պայմաններում դառնալ բազմաբեւեռ աշխարհի բեւեռներից մէկը՝ թուրքալեզու պետութիւնների, թիւրքական աշխարհի առաջնորդը։ Նրա ճանապարհը մինչեւ Կենտրոնական Ասիա ու Արեւելեան Չինաստան՝ անցնում է Հայաստանով։ Մեր հրապարակախօսութեան մէջ միշտ էլ ասւել է, որ Հայաստանը սեպի պէս խրւած է թուրքական աշխարհում։ Այսօր մենք ոչ միայն սեպ ենք, այլեւ մեր առջեւ դրւած է այս սեպը ոչնչացնելու կամաւոր յանձնառութիւն»,- ամփոփեց Արա Սահակեանը:
Դաւիթ Սարգսեան