Արցախի Հանրապետութեան պետնախարարի խորհրդական, ԱՀ Մարդու իրաւունքների նախկին պաշտպան Արտակ Բեգլարեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է.
«alikonline.ir» - Արցախի Հանրապետութեան պետնախարարի խորհրդական, ԱՀ Մարդու իրաւունքների նախկին պաշտպան Արտակ Բեգլարեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է.
«Ադրբեջանական իշխանութիւնների զեղծարարութիւններն այնքան պարզունակ ու անհիմն են, որ նոյնիսկ երեխան կարող է հասկանալ նրանց ստերը Արցախի ոստիկանների վրայ այսօրւայ (մարտի 5-ի, խմբ.) յարձակման վերաբերեալ:
1. Ոստիկանութեան ծառայողները դուրս էին եկել Ստեփանակերտից՝ Շուշիի շրջանի իրենց անցակէտում հերթափոխութիւնն իրականացնելու նպատակով, այնինչ ադրբեջանական կողմը պնդում է, որ նրանք Հայաստանից Արցախ էին գնում: Մեքենայի տեղաշարժի ուղղութիւնը յստակօրէն երեւում է ոստիկանութեան կողմից հրապարակւած տեսանիւթում:
2. Ուստի նրանք չէին կարող Հայաստանից Արցախ զէնք տեղափոխել, եթէ շարժւում էին հակառակ ուղղութեամբ:
3. Տեսանիւթը ցոյց է տալիս նաեւ ադրբեջանական զինծառայողները մեքենան բացելիս եւ փաստաթղթեր դուրս նետելիս, այնինչ նրանք փնտրում էին զէնքեր եւ չգտան:
4. Ոստիկանութեան կողմից հրապարակւած լուսանկարները ցուցադրում են վնասւած դատարկ մեքենան դէպքի վայրում, ինչը նշանակում է, որ մեքենայում բեռ չկար:
5. Ո՞վ կարող է պատկերացնել, որ զէնքերը տեղափոխւում են փոքր մարդատար մեքենայով, որում հազիւ ուղեւորներն են տեղաւորւում:
6. Տեսանիւթը ցուցադրում է նաեւ, թէ ինչպէս են ադրբեջանական զինծառայողները կրակում հեռւից եւ մօտենալով՝ կրակում կրկին նաեւ մեքենայի մէջ: Յստակ է, որ միայն վերադարձի ճանապարհին են նրանց ուղղութեամբ կրակում մեր մարտական դիրքից: Ուստի կեղծ են նաեւ ադրբեջանական այն պնդումները, որ առաջինը արցախեան կողմն է կրակել իրենց ուղղութեամբ:
7. Եթէ ըստ ադրբեջանական կողմի՝ առաջին կրակողը արցախեան կողմն էր, ապա ի՞նչ կասեն տեսանիւթի ապացոյցների մասին եւ ինչո՞ւ թիրախաւորւած մեքենան եւ երկու կողմերի զոհերն ու վիրաւորները գտնւում էին մեր վերահսկողութեան տակ գտնւող ճանապարհին՝ շփման գծից մօտ 1 կմ հեռաւորութեան վրայ:
8. Դժգոհելով իրենց կորուստներից՝ ադրբեջանական իշխանութիւնները միգուցէ սխալմամբ մտածում էին, թէ նման յարձակումն ու մեր քաղաքացիների սպանութիւնը համապատասխան արձագանք չէր ստանայ դէպքի վայրի յարակից արցախեան մարտական դիրքից: Այնինչ մենք լրիւ իրաւունքներն ունենք պաշտպանելու մեր քաղաքացիներին ադրբեջանական յանցագործութիւններից ու ցեղասպանական գործողութիւններից:
Սա ադրբեջանական ալիեւեան ռեժիմի էթնիկ զտման քաղաքականութեան յստակ շարունակութիւն է՝ 84-օրեայ շրջափակմանը զուգահեռ:
Ադրբեջանը ոչ միայն չի կատարել ՄԱԿ-ի Արդարադատութեան միջազգային դատարանի՝ փետրւարի 22-ի որոշումը մարդկանց, մեքենաների ու բեռների համար Լաչինի միջանցքի բացման վերաբերեալ, այլեւ՝ այսպիսի ագրեսիւ գործողութիւններով վատթարացնում է հումանիտար ճգնաժամն Արցախում:
Ի դէպ, ՄԱԿ-ի դատարանը մերժել է ադրբեջանական դիմումը հայկական ականների վերաբերեալ՝ արձանագրելով, որ բաւարար ապացոյցներ չկան դրանց վերաբերեալ:
Ադրբեջանի ալիեւեան բռնապետական ռեժիմը պէտք է պատժւի միջազգային հանրութեան կողմից այս եւ նախորդ յանցագործութիւնների, այդ թւում՝ շրջափակման համար, այլապէս նրանք աւելացնում են ագրեսիւութեան մակարդակը եւ պատրաստւում են նոր ու աւելի դաժան յանցագործութիւններ կատարել մարդկութեան եւ Արցախի ժողովրդի դէմ:
Յ.Գ. Խորին վշտակցութիւնս զոհւած ոստիկանների հարազատներին եւ շուտափոյթ բուժում վիրաւոր ոստիկանին»: