Ադրբեջանը ահաբեկչական գործողութիւններով ցանկանում է պարտադրել իր օրակարգը, խաղաղութեան պայմանագրի իրեն ձեռնտու տարբերակը եւ ազատւել Արցախում ապրող հայերից։ Այս մասին News.am-ի հետ զրոյցում ասաց Արցախի ԱԺ «Արդարութիւն» խմբակցութիւն քարտուղար Մետաքսէ Յակոբեանը։
«alikonline.ir» - Ադրբեջանը ահաբեկչական գործողութիւններով ցանկանում է պարտադրել իր օրակարգը, խաղաղութեան պայմանագրի իրեն ձեռնտու տարբերակը եւ ազատւել Արցախում ապրող հայերից։ Այս մասին News.am-ի հետ զրոյցում ասաց Արցախի ԱԺ «Արդարութիւն» խմբակցութիւն քարտուղար Մետաքսէ Յակոբեանը։
«Ադրբեջանի արարքը պատերազմական լուրջ գործողութիւն էր, որը եռակողմ պայմանաւորւածութեան խախտում էր։ Նման գործողութիւնները պէտք է իրական ուշադրութեան արժանանան միջազգային հանրութեան կողմից, որովհետեւ ահաբեկչութիւնը կարող է դառնալ սովորական երեւոյթ արդէն բոլոր երկրների համար։ Իրենք երկու տարուց աւելի նման քայլերի են դիմում խուճապ տարածելու համար եւ տեսնում են, որ յաջողութեան չեն հասել ու հիմա այլ նպատակ ունեն՝ սպանել, ոչնչացնել, պատերազմի գնալ եւ այդ պատերազմով լուծել բոլոր քաղաքական խնդիրները։ Կարծում եմ՝ հիմա Ադրբեջանի հեռուն գնացող նպատակը պատերազմի հրահրումն է եւ նաեւ Հայաստանը»,- նշեց Մետաքսէ Յակոբեանը։
Պատգամաւորի կարծիքով՝ Լաչինի փակման հետեւանքով Արցախում առաջացած ճգնաժամը ոչ թէ հումանիտար է, այլ քաղաքական։ Այն պէտք է լուծւի Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան ձեւաչափով։
«Ադրբեջանը յստակ ցոյց է տալիս, որ իր համար ոչինչ են նոյեմբերի 9-ի փաստաթղթով ձեռք բերւած պայմանաւորւածութիւնները։ Եւ սա ապացուցելու կարիք էլ չկայ՝ մենք շատ պարզ լսում ենք Ադրբեջանի ծրագրերի մասին՝ ութ գիւղեր, Զանգեզուրի միջանցք եւ այլն»,- ասաց Յակոբեանը։
Յիեցնենք, որ մարտի 5-ի առաւօտեան Արցախի ՊԲ-ն հաղորդագրութիւն տարածեց՝ յայտնելով, որ ժամը 10։00-ի սահմաններում ադրբեջանական զինուժի դիւերսիոն խումբը «Խայփալու» կոչւող տեղանքում թիրախաւորել եւ կրակ է արձակել ՆԳՆ ոստիկանութեան անձնագրային եւ վիզաների վարչութեան անձնակազմի հերթափոխի մեքենայի վրայ։
Թշնամու գործողութիւնների հետեւանքով զոհւել են փոխգնդապետ Արմէն Մայորի Բաբայեանը, մայոր Դաւիթ Վալերիի Դանիէլեանը, լէյտենանտ Արարատ Թելմանի Գասպարեանը:
Լէյտենանտ Դաւիթ Աշոտի Յովսէփեանը ստացել է կրծքավանդակի հրազէնային վիրաւորում։ Վիրաւոր ոստիկանը վերակենդանացման բաժանմունքում է, նրա վիճակը կայուն ծանր է՝ թոյլ դրական դինամիկայով։