Հա

Քաղաքական

07/03/2023 - 13:35

Այս ճգնաժամի պայմաններում կարեւոր է ունենալ մի վայր, որը հնարաւորութիւն կը տայ համագործակցութեան մեխանիզմ գործարկել մասնաւոր եւ պետական հատւածների միջեւ. Ստեփանակերտում բացւել է «Մեր սարերը» կենտրոնը

Ստեփանակերտում բացւել է «Մեր սարերը» կենտրոնը, որը դառնալու է քննարկումների, բանավէճերի, նոր գաղափարների ու ծրագրերի ներկայացման վայր: Կենտրոնում տեղի են ունեցել առաջին քննարկումները՝ ներկայացւել է հաղորդակցութեան այլընտրանքային համակարգի ներդրման նոր ծրագիրը: Շրջափակման պայմաններում արցախցիները զրկւած են կենսական կարեւորութեան ռեսուրսներից, այդ թւում՝ որակեալ կապից: 

«alikonline.ir» - Ստեփանակերտում բացւել է «Մեր սարերը» կենտրոնը, որը դառնալու է քննարկումների, բանավէճերի, նոր գաղափարների ու ծրագրերի ներկայացման վայր: Կենտրոնում տեղի են ունեցել առաջին քննարկումները՝ ներկայացւել է հաղորդակցութեան այլընտրանքային համակարգի ներդրման նոր ծրագիրը: Շրջափակման պայմաններում արցախցիները զրկւած են կենսական կարեւորութեան ռեսուրսներից, այդ թւում՝ որակեալ կապից: «Մենք ենք մեր սարերը» տարածքային գործակալութեան կողմից պետական-մասնաւոր համագործակցութեամբ իրականացւող այս ծրագրի հիմնական նպատակը նոյնիսկ համացանցի արգելափակման պայմաններում բնակչութեան համար հաղորդակցութեան յուսալի ու որակեալ միջոցի ապահովումն է: Գրում է Tert.am-ը:

Գործակալութեան Արցախի նախագծերի ղեկավար Գրիգորի Մարտիրոսեանը ներկայացրել է ծրագրի ընթացքն ու նշանակութիւնն Արցախի բնակչութեան համար:

«Նպատակն է ունենալ այնպիսի համակարգ, որը նոյնիսկ ինտերնետային շրջափակման պայմաններում Արցախի բնակիչների համար հաղորդակցութեան այլընտրանքային եւ յուսալի միջոց կը դառնայ: Ծրագրի իրականացման արդիւնքում ակնկալում ենք, որ կապի բոլորովին նոր հնարաւորութիւններ կը ստեղծւեն Արցախի համար»,- ասել է Գրիգորի Մարտիրոսեանը։

Կենտրոնում կազմակերպւած միւս քննարկումը վերաբերել է Արցախի անվտանգութեան հարցերին, ներկայացւել է Highgate Consultancy սոցիոլոգիական ընկերութեան՝ 2022 թ․ դեկտեմբերին եւ 2023 թ. յունւարի վերջին եւ փետրւարի սկզբին Արցախում անցկացւած սոցիոլոգիական հետազօտութեան՝ անվտանգութեանը վերաբերող հատւածը: Հետազօտութիւնը բաւականին համապարփակ է եւ ներառում է այնպիսի թեմաներ, ինչպիսիք են Արցախի անվտանգութիւնը, քաղաքացիական մասնակցութիւնը պետական կառավարմանը, կանանց ներգրաււածութիւնը քաղաքական կեանքում, սփիւռքահայերի հետ փոխյարաբերութիւնները, ինքնութիւնն ու կրթութիւնը, սոցիալական հաւասարութիւնը եւ այլն: «Մենք ենք մեր սարերը» տարածքային գործակալութեան համահիմնադիր, Արցախի Հանրապետութեան նախկին պետնախարար Ռուբէն Վարդանեանը նշել է, որ ցանկացած ծրագիր իրականացնելուց առաջ շատ կարեւոր է հասկանալ ժողովրդի մօտեցումը, հիմնական մտահոգութիւններն ու խնդիրները, որպէսզի ծրագրերը լինեն թիրախային՝ ուղղւած նրանց կենսական խնդիրների լուծմանը: Այդ սկզբունքով է առաջնորդւում «Մենք ենք մեր սարերը» գործակալութիւնը:

Անդրադառնալով «Մեր սարերը» կենտրոնի գործունէութեանը՝ Ռուբէն Վարդանեանը նշել է, որ այն դառնալու է քննարկումների, բանավէճերի, նոր գաղափարների ու ծրագրերի ներկայացման, հասարակական, մշակութային, կրթական տարբեր միջոցառումների կազմակերպման ու անցկացման հարթակ: Քննարկումները հիմնականում երկու ուղղութիւն են ընդգրկելու՝ փորձագիտական, ռազմավարական վերլուծութիւններ եւ իրականացւող ծրագրերի ընթացքի ու արդիւնքների վերաբերեալ հաշւետւութիւններ։

«Այս ճգնաժամի պայմաններում կարեւոր է ունենալ մի վայր, որը հնարաւորութիւն կը տայ համագործակցութեան մեխանիզմ գործարկել մասնաւոր եւ պետական հատւածների միջեւ: Վստահ եմ՝ թէ՛ ներսում, թէ՛ դրսում միասնականութիւնը միակ ճանապարհն է, որը թոյլ կը տայ յաղթահարել այս մարտահրաւէրները»,- ասել է Ռուբէն Վարդանեանը:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։