Հա

Քաղաքական

07/03/2023 - 13:50

«Եթէ դուրս չգանք ազգային բարոյաքանդման այս վիճակից, թուրքերը մեզ յօշոտելու են»․ Վահէ Յովհաննիսեան

Tert.am-ը հրապարակում է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահէ Յովհաննիսեանի՝ «Դէպի մարդկանց հասարակութիւն» վերտառութեամբ յօդւածը.

«alikonline.ir» - Tert.am-ը հրապարակում է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահէ Յովհաննիսեանի՝ «Դէպի մարդկանց հասարակութիւն» վերտառութեամբ յօդւածը.

«Եթէ դուրս չգանք ազգային բարոյաքանդման այս վիճակից, թուրքերը մեզ յօշոտելու են։ Ուրիշ սցենար չկայ։

Ինչպէ՞ս պիտի դուրս գանք, ո՞ր նշաձողին պիտի ձգտենք։

Հասարակութիւնը, մարդը, քաղաքացին պիտի իր ամուր առնչութիւնը զգայ իր երկրին, իր երկրում կատարւողին, իր հայրենակիցների կեանքին։ Ընդհանուր խնդիրները, ընդհանուր ցաւը, ընդհանուր ուրախութիւնը. սրանք միաւորող գործօններ են, որոնք խօսում են հասարակութեան կենսունակութեան մասին։ Սրանք ինքնապաշտպանական գործառոյթ ունեն նաեւ. ինչպէս օրգանիզմը, որը ցաւի միջոցով ազդանշան է ստանում հիւանդութեան մասին, այդպիսով հնարաւորութիւն է ստանում՝ պաշտպանւել դրանից, այնպէս էլ հասարակութիւնը, որը սրութեամբ զգում ու արձագանքում է իր հայրենակիցների ցաւին, աւելի պատրաստ է վտանգին դիմակայելու, աւելի ամբողջական ու ամուր է, աւելի կենսունակ։

Եթէ ունենք վիրաւոր զինծառայող, ուրեմն վիրաւորւել ենք բոլորս։ Եթէ ունենք զոհ, ուրեմն գոնէ մէկ րոպէով բոլորս պէտք է զոհւենք։ Միայն այդպէս է հնարաւոր դառնալ լուրջ պետութեան լուրջ հասարակութիւն։ Միայն այդպէս է հնարաւոր գտնել վիրաւորներ, զոհեր չտալու լուծումները։

Հակառակ դէպքում ամէն ինչ կը դառնայ կարելի.

- Եռաբլուրը կը դառնայ ՄԻԱՅՆ զոհերի հարազատներինը:

- 15 զինւորի այրւելը կը դառնայ 2 օրւայ թեմա:

- Կամաւոր ճակատ գնալու ու զոհւելու կոչի հեղինակը կարող է անդարդ պեռաշկիով սելֆիներ անել՝ այն դէպքում, երբ իր կոչով մարդիկ իրօք գնացել ու զոհւել են։

- Ընդդիմութիւնը կարող է ամիսներով լռել, նոյնքան անդարդ մասնակցել ԱԺ քննարկումներին։

- Նիկոլի դէմ ցոյց անողը կարող է հանգիստ մտնել իշխանութիւն ու աշխատել Նիկոլի նկարի տակ։

- Արցախի շրջափակումը կարող է չնչին էմոցիա առաջացնել Մայր հայրենիքում։

- Կարելի է հանդուրժել նախագահ Վահագն Խաչատուրեանին:

- Եւ այլն՝ ըստ ճաշակի, ցանկը երկար է։

Ազգային բարոյաքանդման աղբիւրն են պարտութիւնը, իշխանութեան որակը եւ ընդդիմադիր առկայ ձեւաչափերի անկենսունակութիւնը։ Այս ցանկից առնւազ երկու կէտ կարելի է փոխել, եւ կը փոխւի վիճակը։

Թշնամին իրականում անպարտելի չէ, ամենակարող չէ, եւ որոշակի պայմաններում կարող է դադարել մեզ յօշոտել ու նստել բանակցային սեղանին։ Դրա առաջին պայմանը Հայաստանում հանրային տրամադրութիւնների կտրուկ փոփոխութիւնն է։

Ստեղծւելիք հնարաւոր նոր ձեւաչափերը, լիդերութեան նոր բովանդակութիւնը պէտք է լուծի այս խնդիրը. խօսել-խօսել-խօսել մարդկանց հետ։ Մարդկանց հասարակութիւնը պէտք է լինի էմպատիկ, առաջնորդութեան յայտ ներկայացրած շերտերը, գործիչները՝ սովորական մարդիկ, որոնք կը քայլեն փողոցներով, կը լինեն սրճարաններում, խանութներում, սովորական մարդկանց հետ կունենան ուղիղ շփումներ, ինտերակտիւ կապ ու կը համոզեն վերակենդանանալ՝ որպէս մարդկանց հասարակութիւն, որպէս արժանապատիւ ու պետութեան ունակ հասարակութիւն։ Այդ դէպքում մենք կունենանք խաղաղութիւն»։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։