Ադրբեջանի համար Լաչինի միջանցքի հարցը դարձել է շատ մեծ խնդիր. Ալիեւն, ըստ էութեան, յայտնւել է փակուղային վիճակում։ «Փաստինֆօ»-ի եթերում ասել է միջազգայնագէտ Գրիգոր Բալասանեանը։
«alikonline.ir» - Ադրբեջանի համար Լաչինի միջանցքի հարցը դարձել է շատ մեծ խնդիր. Ալիեւն, ըստ էութեան, յայտնւել է փակուղային վիճակում։ «Փաստինֆօ»-ի եթերում ասել է միջազգայնագէտ Գրիգոր Բալասանեանը։
Նրա դիտարկմամբ՝ Ադրբեջանը, փակելով Լաչինի միջանցքը, յոյս ունէր կարճ ժամանակահատւածում ստիպել հայկական կողմին՝ գնալ զիջումների եւ համաձայնւել ցանկացած պայմանների հետ։ «Արդէն տեւական ժամանակ է անցել, հայկական կողմը նշաններ ցոյց չի տալիս այդ պայմաններով միջանցքը բացելու ուղղութեամբ, եւ Ալիեւը այսօր յայտնւել է բաւականին անհասկանալի եւ յիմար իրավիճակում, որովհետեւ միջանցքի փակումը չեն ողջունել ոչ միայն ռուսական կողմը, այլեւ նոյն Եւրոպական Միութիւնը եւ Միացեալ Նահանգները»,- նշեց նա՝ ընդգծելով, որ Ալիեւի համար հիմա խնդիր է Լաչինի միջանցքը ե՛ւ բացելը, ե՛ւ չբացելը։
«Եւ այս պարագայում հայկական կողմը պէտք է շարունակի ճնշումները Ալիեւի վրայ, որպէսզի նա սեփական նախաձեռնութեամբ բացի միջանցքը՝ առանց հայկական կողմից լրացուցիչ զիջումներ կորզելու»,- նշեց նա։
Փորձագէտի դիտարկմամբ՝ Արցախի Հանրապետութեան տարածքում Ադրբեջանի վերջին դիւերսիան հերթական անգամ ապացուցեց այն թէզը, որ Ադրբեջանի հետ այս պահին գոնէ Խաղաղութեան պայմանագիր ստորագրելն անհնար է։ «Հայկական կողմը այս պահի դրութեամբ պէտք է ընդհանրապէս որեւէ բանակցութիւններ չվարի ադրբեջանական կողմի հետ, դուրս գայ այդ բանակցային գործընթացից այնքան ժամանակ, մինչեւ Ադրբեջանը չհասկանայ, որ նման վարքագծով չի կարելի եւ հնարաւոր չէ շարունակել բանակցութիւններ եւ ստորագրել Խաղաղութեան պայմանագիր»,- ասաց Գ. Բալասանեանը։