168 TV-ի «Ռեւիւ» հաղորդաշարի եթերում Արցախի ԱԺ «Արդարութիւն» խմբակցութեան պատգամաւոր Մետաքսէ Յակոբեանը կոչ արեց չնեղանալ որեւէ միջազգային երաշխաւորից, կամ Կլաարից՝ իր նման ձեւակերպումների համար։
«alikonline.ir» - Հարաւային Կովկասի հարցերով Եւրոմիութեան յատուկ բանագնաց Տոյւօ Կլաարը հարցազրոյց է տւել ադրբեջանական լրատւամիջոցներից մէկին, եւ, անդրադառնալով Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի փակման հարցին, նշել է. «Նախ, ես կարծում եմ, որ Լաչինի ճանապարհով փոխադրումների թափանցիկութեան ապահովման գաղափարը միանգամայն օրինական է, որովհետեւ մենք չենք ցանկանում, որ Լաչինի ճանապարհն օգտագործւի լարւածութիւնը մեծացնող բեռների համար, եւ օգտագործւի ռազմական կամ անօրինական նպատակներով»։
Հարաւային Կովկասի հարցերով Եւրոմիութեան յատուկ բանագնացի նման ձեւակերպումը հաւասարազօր է Ադրբեջանի դրած պահանջների բաւարարմանը, որովհետեւ Ալիեւը եւ այդ երկրի արտգործնախարարութիւնը մէկ անգամ չէ, որ խօսել են Լաչինի միջանցքում անցակէտեր դնելու իրենց պահանջի մասին։
168 TV-ի «Ռեւիւ» հաղորդաշարի եթերում Արցախի ԱԺ «Արդարութիւն» խմբակցութեան պատգամաւոր Մետաքսէ Յակոբեանը կոչ արեց չնեղանալ որեւէ միջազգային երաշխաւորից, կամ Կլաարից՝ իր նման ձեւակերպումների համար։
Ըստ Յակոբեանի՝ Արցախն ի՞նչ կարող է ուզել աշխարհից այն դէպքում, երբ Հայաստանի իշխանութիւնն է Արցախը յանձնում Ադրբեջանին։
«Համար մէկ խնդիրը Արցախի եւ Հայաստանի իշխանութիւնների հեռացումն է, այլ տարբերակ չկայ»,- պնդեց նա։
Անդրադառնալով Արցախի նախագահ Արայիկ Յարութիւնեանի՝ Արցախի Անվտանգութեան խորհրդում արւած այն առաջարկին, որ եթէ կը լինեն Արցախում մարդիկ, որոնք կը ցանկանան Ադրբեջանի վերահսկողութեան տակ ապրել, կարող են իրենց ցանկութիւնը բարձրաձայնել, Մետաքսէ Յակոբեանն ասաց.
«Երբ Արայիկ Յարութիւնեանը Արցախում ապրողներին առաջարկում է ցանկութեան դէպքում գնալ եւ ինտեգրւել Ադրբեջանին, դրանով փաստում է՝ իր համար Արցախի ինքնորոշման իրաւունքը կարմիր գիծ չէ։ Արայիկ Յարութիւնեանի երազանքը չի կատարւի. որեւէ մէկը չի գնայ Ադրբեջանի հետ ինտեգրման։ Նման բան յայտարարելն անթոյլատրելի է։ Երբ նման բան է ասում երկրի նախագահը, նշանակում է՝ կամ նրա գիտելիքները բաւարար չեն, կա՛մ նպատակ ունի մարդկանց մօտ ստեղծել տպաւորութիւն, թէ մարդիկ կան, որոնք ցանկանում են ապրել Ադրբեջանի վերահսկողութեան տակ։ Իրականում Արցախում նման մարդիկ չկան, ուստի, եթէ Արայիկ Յարութիւնեանը պատւէր է կատարում, ապա դա միանշանակ Հայաստանի իշխանութեան կողմից է, որովհետեւ Յարութիւնեանը քաղաքականապէս հեզութիւն է յայտնում Նիկոլ Փաշինեանին. օրինակ՝ Յարութիւնեանը շնորհակալութիւն է յայտնում Գերմանիայի կանցլերին՝ Արցախի ինքնորոշման իրաւունքի մասին խօսելու համար, բայց որեւէ բառ չի ասում դա չանող Փաշինեանին։ Կրկնում եմ՝ Արայիկ Յարութիւնեանը շարունակում է մնալ Նիկոլ Փաշինեանի կամակատարը»,- ասաց Յակոբեանը։
Աղաւնի Սուքիասեան