Հա

Քաղաքական

09/03/2023 - 12:55

Քաղաքացիական պայմանագրի այլասերումը․ որոշները՝ ընդդէմ բոլորի

Քաղաքացիական պայմանագրի գաղափարը, որն ընկած է նոր ժամանակների պետութիւնների ճարտարապետութեան հիմքում, արտայայտում է տւեալ տարածքում ապրող բոլոր քաղաքացիների համաձայնութիւնը՝ այս կամ այն կերպ իրենց կեանքը կազմակերպելու հարցում։ Այդ գաղափարի հեղինակ Հոբսն այն հիմնաւորում էր պարզորոշ կերպով՝ քաղաքացիական պայմանագիրը եւ որպէս դրա հետեւանք առաջացող պետութիւնն անհրաժեշտ է, որպէսզի հասարակութեան մէջ չգործի «բոլորն ընդդէմ բոլորի» (bellum omnium contra omnes) բանաձեւը։ Հետեւաբար՝ մարդիկ պէտք է կնքեն քաղաքացիական պայմանագիր, որպէսզի դրա հիման վրայ գոյացող պետութիւնն աշխատի՝ «որոշները բոլորի համար» սկզբունքով։

ՅԱՐՈՒԹԻՒՆ ԱՒԵՏԻՍԵԱՆ

 

Քաղաքացիական պայմանագրի գաղափարը, որն ընկած է նոր ժամանակների պետութիւնների ճարտարապետութեան հիմքում, արտայայտում է տւեալ տարածքում ապրող բոլոր քաղաքացիների համաձայնութիւնը՝ այս կամ այն կերպ իրենց կեանքը կազմակերպելու հարցում։ Այդ գաղափարի հեղինակ Հոբսն այն հիմնաւորում էր պարզորոշ կերպով՝ քաղաքացիական պայմանագիրը եւ որպէս դրա հետեւանք առաջացող պետութիւնն անհրաժեշտ է, որպէսզի հասարակութեան մէջ չգործի «բոլորն ընդդէմ բոլորի» (bellum omnium contra omnes) բանաձեւը։ Հետեւաբար՝ մարդիկ պէտք է կնքեն քաղաքացիական պայմանագիր, որպէսզի դրա հիման վրայ գոյացող պետութիւնն աշխատի՝ «որոշները բոլորի համար» սկզբունքով։

Քաղաքացիական պայմանագիրը՝ որպէս պետութեան կազմաւորման հիմնաքար, իհարկէ, իդէալական մոդել չէ, եւ պատահական չէ, որ պետութեան մասին իր հիմնարար աշխատութիւնը Հոբսը կոչել է ծովային հրէշի անունով՝ «Լեւիաթան»։ Բայց իդէալական չլինելով հանդերձ, քաղաքացիական պայմանագիրը մարդկանց գոյակցութիւնն ապահովելու այն ձեւն է, որից աւելի լաւը մարդկութիւնը դեռեւս չի գտել։ Հետեւաբար՝ բոլոր ժողովուրդների, հասարակութիւնների խնդիրը ոչ թէ քաղաքացիական պայմանագրին այլընտրանքային կեցութիւն փնտրելն է, այլ դրա արդիւնքում գոյացող հրէշին՝ Լեւիաթանին զսպելը, ինչն էլ յատկապէս ժողովրդավարական պետութիւններում կատարւում է քաղաքական, հանրային, քաղաքացիական վերահսկողութեան ամենատարբեր համակարգերի, հակակշիռների, զսպումների, հաշւետւողականութեան, պատասխանատւութեան ինստիտուտների գործադրման միջոցով։

Կան էմպիրիկ տւեալներով ապացուցւած բազմաթիւ տեսութիւններ, թէ ինչպէս է հանրային արդիւնաւէտ վերահսկողութիւնը ամենակուլ Լեւիաթանին ստիպում գործել ի շահ հասարակութեան, եւ հակառակը, ինչպիսի դեսպոտային դրսեւորումներ է ստանում այն՝ հակակշիռների ու հաշւետւողականութեան բացակայութեան պայմաններում։ «Նեղ միջանցք» աշխատութեան մէջ մեր հայրենակից Տարօն Աճեմօղլուն իր գործընկերների հետ նշում է, որ պետութեան դեսպոտացման եւ անարխիայի կամ պետութեան բացակայութեան միջակայքում կայ փոքր, նեղ միջանցք, որում՝ հանրային արդիւնաւէտ մոբլիլիզացիայի եւ վերահսկողութեան դէպքում պետութիւնը կարող է գործել ի շահ քաղաքացիների։ Հակառակ դէպքում այն կամ դառնում է հրէշ, կամ հաստատւում է անիշխանութիւն։

Քաղաքական հակակշիռների ու հանրային վերահսկողութեան համակարգերի գործառութային չգոյութեան պայմաններում Նիկոլ Փաշինեանը Հայաստանը դուրս է հանել այդ միջանցքից եւ հաստատուն քայլերով գնում է պետութեան դեսպոտացման ճանապարհով։ Լայն իմաստով, նա կարողացել է յանձնել Լաչինի միջանցքը նաեւ, իսկ գուցէ առաջին հերթին՝ այն պատճառով, որ մենք՝ որպէս հասարակութիւն, իրեն ենք յանձնել այն միջանցքը, որում գտնւելով միայն պետութիւնը կարող էր չվերածւել հրէշի։

Բայց դա արդէն տեղի է ունեցել, եւ հիմա Հայաստանը՝ որպէս քաղաքացիական պայմանագրի վրայ հիմնւած կազմաւորում, ամէն օրւայ հետ աւելի դեսպոտային է դառնում։ Գործնականում այլասերւել է քաղաքացիական պայմանագրի հիմքում դրւած գլխաւոր գաղափարը եւ «բոլորը բոլորի դէմ» սցենարը կանխելու փոխարէն՝ հիմա Հայաստանում գործում է «որոշները բոլորի դէմ» մեխանիզմը՝ ի դէմս Նիկոլ Փաշինեանի իշխանութեան մի քանի տասնեակ կամ հարիւր ներկայացուցիչների՝ մի կողմից, եւ միլիոնաւոր մարդկանց՝ միւս կողմից։ Իսկ այն, որ դա տեղի է ունենում «Քաղաքացիական պայմանագիր» հնչեղ անունը կրող խմբակի կողմից, ընդամէնը լիրիկական ողբերգականութիւն է։

 

168.am

 

Յարակից լուրեր

  • Իշխանափոխութեան բանաձեւը․ լիդերութիւն՝ ընդդէմ լիդերի
    Իշխանափոխութեան բանաձեւը․ լիդերութիւն՝ ընդդէմ լիդերի

    Նիկոլ Փաշինեանի անձնական ու նրա իշխանութեան հաւաքական վարկանիշը հասել է պատմական մինիմումի, ինչի մասին են վկայում մի շարք սոցիոլոգիական հարցումներ։ Նրա վարկանիշն այլեւս ոչ թէ հանրային է, այլ բիւրոկրատական, քանի որ այն, ինչ մնացել է դրանից, մեծ հաշւով, զուտ պետական կառավարման համակարգի ռեսուրսն է, որին տիրապետում է ցանկացած իշխանութիւն։

  • Անջատում յանուն թրքութեան
    Անջատում յանուն թրքութեան

    «Ես իրաւասու եմ պաշտպանել միայն Հայաստանի Հանրապետութեան շահը, Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը թող իր ապագան որոշի»։ Եթէ 6 կամ 8 տարի առաջ Հայաստանի որեւէ պաշտօնեայ նման յայտարարութիւն անէր, նրա հետ լաւագոյն դէպքում տեղի կունենար այն, ինչ պատահեց գործող ԱԳ նախարար Արարատ Միրզոյեանին՝ 2020թ. նոյեմբերի 9-ին։ Բայց այսօր նման յայտարարութիւն է հնչում Հայաստանի նոյն արտգործնախարար Արարատ Միրզոյենի կողմից եւ հնչում է անհետեւանք։

  • Արիւնոտ ժպիտ, կամ՝ Նիկոլ Փաշինեանը՝ ցեղասպան եղբայրների ակումբում
    Արիւնոտ ժպիտ, կամ՝ Նիկոլ Փաշինեանը՝ ցեղասպան եղբայրների ակումբում

    Պատերազմից անցել է աւելի քան 2.5 տարի, Թուրքիան ոչ միայն որեւէ յայտարարութեամբ, որեւէ գործնական քայլով չի հերքել Նիկոլ Փաշինեանի գնահատականները, չի փարատել Ադրբեջանին աջակցելու ու հայերի ցեղասպանութիւնը 100 տարի անց շարունակելու մտահոգութիւնները, այլ շատ աւելի առարկայաբար, առանց աւելորդ ձեւականութիւնների, ապացուցել է Նիկոլ Փաշինեանի՝ 2020 թւականին տւած գնահատականների ճշմարտացիութիւնը։

  • Միակ շարժումը, որը կարող է փրկել պետութիւնը
    Միակ շարժումը, որը կարող է փրկել պետութիւնը

    Հարցը, թէ ինչո՞ւ է հայ հանրութիւնն անտարբեր պետութեան ու պետականութեան գահավիժման նկատմամբ, մեր իրականութեան ամենակարեւոր հարցադրումներից է, որի պատասխանը կարող է կանխորոշել հետագայ զարգացումները։ Այնպէս չէ, որ հասարակութիւնն անհաղորդ է Հայաստանի, Արցախի հետ կատարւողին եւ չի գիտակցում աղէտի խորութիւնը։ 

  • Հող յանձնողին յանձնենք փողին
    Հող յանձնողին յանձնենք փողին

    Առնւազն երկու տասնամեակ հայկական քաղաքական կեանքի հիմնական մեխանիզմներից մէկը խարսխւած էր արցախեան հարցի կարգաւորման գործընթացում զիջումների անթոյլատրելիութեան ու դրա համար հնարաւոր պատժի սպառնալիքի վրայ։

    Եթէ հակիրճ, քաղաքական կեանքն ընթանում էր «Հող յանձնողին յանձնենք հողին» պաթոսային կարգախօսով, որը, ի դէպ, ակտիւօրէն գեներացւում ու տարածւում էր մեծ մասամբ նրանց կողմից, ովքեր այսօր գտնւում են իշխանութեան մէջ։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։