Ռուսաստանի հետ Թուրքիայի քաղաքականութիւնը, որ վարում էր Էրդողանը կը փոխւի։ Այստեղ կայ նաեւ անձնական գործօնը, որովհետեւ Էրդողանի եւ Պուտինի միջեւ յարաբերութիւնները բաւական սերտ էին, որն իր ազդեցութիւնն էր ունենում նաեւ քաղաքկանութեան վրայ։
«alikonline.ir» - Ռուսաստանի հետ Թուրքիայի քաղաքականութիւնը, որ վարում էր Էրդողանը կը փոխւի։ Այստեղ կայ նաեւ անձնական գործօնը, որովհետեւ Էրդողանի եւ Պուտինի միջեւ յարաբերութիւնները բաւական սերտ էին, որն իր ազդեցութիւնն էր ունենում նաեւ քաղաքկանութեան վրայ։ Այս մասին Yerkir.am-ի հետ զրոյցում ասաց թուրքագէտ Ռուբէն Սաֆրաստեանը։
«Քըլըչդարօղլուի հետ կապւած նման հանգամանք գոյութիւն չունի։ Նրա քաղաքականութիւնը մասնաւորապէս Ուկրայինայի պարագայում կը լինի արեւմտամէտ, բայց կտրուկ փոփոխութիւն Էրդողանի մշակած քաղաքականութեան մէջ չի լինի։ Աւելի դանդաղ Թուրքիան կը սկսի հեռանալ Ռուսաստանից եւ կը մօտենայ Արեւմուտքին»,- ասաց նա։
Թուրքագէտը նշեց, որ նա ներկայացնում է ժողովրդի «Հանրապետական» կուսակցութիւնը, որը Թուրքիայի հիմնադիր քաղաքական ուժն է եւ նա է հիմանդրել հայ ժողովրդի նկատմամբ այն քաղաքական դիրքը, որ մենք հիմա տեսնում ենք, դա ժխտողականութիւն է Ցեղասպանութեան խնդրում, դա ճնշումների հարկադրման քաղաքականութիւն է Հայաստանի նկատմամբ։ Այդ քաղաքականութիւնը կը շարունակւի։ Այն պահանջները, որ Թուրքիան ներկայացնում է Հայաստանին կը պահպանւեն։ Սրանից մօտ մէկ ամիս առաջ Ահմեդ Աուդօղլուն եւ ընդդիմադիր 6 կուսակցութիւններից մէկի ղեկավարը յայտարարեցին, որ հիմա ամենալաւ պահն է Հայաստանի վրայ ճնշում գործադրելու եւ Հայաստանից զիջումներ ստանալու։ Այդ ճնշումների մօտեցումը կը պահպանւի։ Գուցէ շարունակւի աւելի փափուկ ուժի միջոցով։ Ինչ վերաբերւում է Ցեղասպանութեան մօտեցմանը, նրա մօտ կայ հետեւեալ տեսակէտը, որ 1915թ․-ը պէտք է դիտարկել որպէս հայերի եւ թուրքերի հաւասար տանջանքների, տառապանքների շրջան։ Այդ մօտեցումը, որ ժամանակին առաջ էր քաշել Էրդողանը, շարունակում է Քըլըչդարօղլուն, հիմա էրդողանը հրաժարւել է այդ մօտեցումից։ Փորձում էր արտաքուստ մի քիչ մեղմել, բայց հիմա էլ նման բաներ չի ասում, իսկ Քըլըչդարօղլին նման բաներ դեռ ասել է մի քանի տարի առաջ»,- ասաց նա։
Հարցին, թէ ինչու Ստամբուլի եւ Անկարայի քաղաքապետերը չդիտարկւեցին որպէս միասնական թեկնածու, ոորվհետեւ Ստամբուլի քաղաքապետի հանդէպ համակրանքը աւելի մեծ է հանրութեան շրջանում, թուրքագէտը պատախսանեց․
«Նրա թեկնածութիւնը հարցականի տակ էր, որ կը հասցնեն, որովհետեւ նրա դէմ դատական գործ կայ, մեղադրանք է ներկայացւած, 2 տարի 7 ամսւայ ազատազրկման գործ կայ, որը բողոքարկւել է, բայց երբ կը լինի այդ դատական նիստը պարզ է։ Եթէ նիստը չլինի բողոքարկելու վերաբերեալ, ապա նա չի կարող մասնակցել ընտրութիւնների, այդ իսկ պատճառով նրա թեկնածութիւնը շատ ռիսկային էր։ Անկարայի քաղաքապետն էլ բաւական մեծ հեղինակութիւն ունի, բայց նա դեռ որպէս քաղաքական գործիչ ապագայ ունի։ Նրան պահում են ապագայի համար»,- ասաց թուրքագէտը։