168.TV-ի՝ «Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սէյրանեանի հիւրը քաղաքագէտ Ալէն Ղեւոնդեանն է:
«alikonline.ir» - 168.TV-ի՝ «Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սէյրանեանի հիւրը քաղաքագէտ Ալէն Ղեւոնդեանն է:
Զրոյցի ընթացքում քննարկւած հիմնական թեմաները՝ թէզերով.
- Իլհամ Ալիեւը հետեւողականօրէն, 2018-ից յետոյ շատ աւելի ակտիւ, պատրաստում է իր քայլերը յատկապէս քարոզչական բնագաւառում:
- Ալիեւը շրջանառութեան մէջ է դրել «Արեւմտեան Ադրբեջան» կոչւող ձեւակերպումը, որտեղ խորհրդային տարիներին ապրել են ծագումով ադրբեջանցի ՀԽՍՀ քաղաքացիները, յատուկ նպատակով, որ յետոյ ասի, թէ՝ այս պահին այդ տարածքները չենք ուզում, զիջում ենք, պայմանով, որ ստորագրւի խաղաղութեան փաստաթուղթը:
- «Արեւելեան Ադրբեջան» ձեւակերպումը շրջանառութեան մէջ դրեց Նիկոլ Փաշինեանը, ինչ անում են՝ երկուսով միասին են անում՝ ինքը եւ Ալիեւը միաժամանակ: Ակնյայտ է, որ Հայաստանը ադրբեջանական շահ է սպասարկում, դա գործող վարչապետի գործիքներից մէկն է:
- Այդուամենայնիւ կայ նպատակ՝ մինչեւ 1991 թւականը Հայաստանի տարածքում ապրող ադրբեջանցիներին յետ բերել: Իսկ ո՞վ է ապահովելու անվտանգութիւնը, որովհետեւ կոնֆլիկտ, վստահաբար, լինելու է: Որեւէ միջազգային կազմակերպութիւն չի վերցնի անվտանգութիւնն ապահովելու յանձնառութիւնը: Ադրբեջանը դիմում է ՄԱԿ-ին, բայց ՄԱԿ-ն չունի նման յանձնառութիւն, մնում է թուրքախօս երկրների կազմակերպութիւնը:
- Հայաստանը խճճւել է, դէ ֆակտօ վարչապետ Նիկոլ Փաշինեանն էլ է խճճւել՝ շատ լաւ հասկանալով, թէ ինչ է բերել պետութեան գլխին, ուզում է գալ զրոյական կէտին, բայց չգիտի՝ ինչ անել:
- 44-օրեայ պատերազմում մեր բանակը չի՛ պարտւել, քաղաքական որոշմամբ տարածքների յանձնում է տեղի ունեցել: Կար հողերը յանձնելու պլանաւորւած պրոցես, եւ հէնց դրա համար ռուսներն արագ խաղաղապահներ ուղարկեցին:
- Արցախի հերոսի կոչում ստացած գեներալնե՛ր, գիշերը հանգիստ քնո՞ւմ էք, ասելիք չունէ՞ք, պետութիւնը լռելո՞վ էք պահելու:
- Արցախի Հանրապետութեան նախագահ Արայիկ Յարութիւնեանն ԱԽ նիստում հնչեցրած յայտարարութեամբ փորձում էր ստեղծել մի պատկեր, որ արցախցիների գոնէ մի մասը հաշտւի ադրբեջանցիների հետ ապրելու մտքի հետ:
- Խնդիրն Արցախի մէջ չէ, խնդիրը տարածաշրջանից Ռուսաստանին դուրս մղելն է: Արեւմուտքին պէտք է, որ մենք կարողանանք Ռուսաստանի համար անկայունութեան մթնոլորտ ստեղծել:
- Խաղաղութեան պայմանագիր կոչւածը Հայաստանի գոյաբանական սպառնալիք ենթադրող փաստաթուղթ է:
- ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ, Հարաւային Կովկասում բանակցութիւնների հարցերով ԱՄՆ Պետդեպարտամենտի աւագ խորհրդական Լուիս (Լու) Բոնոն «Ազատութիւն» ռադիոկայանին տւած հարցազրոյցում ասել էր, թէ «Կայուն, երկարատեւ եւ հաւասարակշռւած խաղաղութեան պայմանագիր ունենալու համար այն պէտք է ներառի Լեռնային Ղարաբաղը: Եւ մենք յանձնառու ենք դա աւարտին հասցնել: Մենք գիտակցում ենք դրա կարեւորութիւնը»: Ի՞նչ նպատակ են հետապնդում, ի՞նչ ենթատեքստ կայ այստեղ: Ամերիկացիները Խաղաղութեան պայմանագրում Լեռնային Ղարաբաղը ներառելով՝ փորձում են կանխել «ռեստարտի» հնարաւորութիւնը, պայմանագրով Հայաստանը ճանաչելու է Ադրբեջանի տարածքային ամբողջականութիւնը, եւ եթէ հետագայում Հայաստանում իշխանափոխութիւն էլ լինի, ապա իրավիճակը փոխելու հնարաւորութիւն չի լինի:
- Նիկոլ Փաշինեանն ասում է՝ պատրաստ եմ յանձնել ամէն ինչ, այն, ինչ պայմանաւորւել ենք, միայն թէ կոնֆլիկտը չէսկալացւի, որովհետեւ հասկանում է, որ երկար չի կարողանալու այդ աթոռին մնալ եւ ինչ-որ կերակրով իր թիմակիցներին կերակրել:
- Նիկոլ Փաշինեան, դու ներուժ չես կուտակել, դու ասում ես՝ դուք մեծերով որոշէք, ես հաշտ ու խաղաղ կապրեմ:
- Մի օր էլ կարող է առհասարակ արգելւի Եռաբլուրի թեման, եւ Ադրբեջանն էլ այն ձեւակերպի օկուպացիոն ուժերի գերեզմանոց:
- Ադրբեջանը քաղաքացիական բնակավայրեր չի կառուցում, ստեղծում է բունկերներ. սարերի միջով թունել է բացում եւ մի օր էլ կարող է ասել, որ մեզ Զանգեզուրի միջանցք պէտք չի, որովհետեւ Հայաստանի տակով արդէն թունել ենք բացել դէպի Նախիջեւան:
- Հայաստանի վարչապետն ասաց՝ ես եւրոպացի դիտորդներին կանչում եմ այստեղ, որ հետեւեն ռուսական ռազմաբազայի եւ զօրքերի շարժին: Սա պետութի՞ւն է, թէ՞ հոգեբուժարան, ինչպէ՞ս կարող է երկրի ղեկավարը նման բան ասել:
- Փաշինեանը ատոմակայան գնաց, որովհետեւ Հայաստանում ապառուսաֆիկացում է, մենք ունէինք գործընկերներ Ռուսաստանի տեսքով, նաեւ համապարփակ տնտեսական եւ սոցիալական գործակցութիւն է, այսինքն՝ բիզնես: Հայաստանը ՌԴ-ից է ստանում միջուկային վառելիք: Հայաստանը ապառուսաֆիկացնելու համար անհրաժեշտ է, որ ռուսական բիզնեսը գնայ այստեղից, «Ռոսգոսստրախը» գնաց արդէն…
- Դաշնակցային ընկալումը մեզ մօտ ընտանեկան ընկալման է վերածւել:
- Թուրքիան կարող է վաղը յարձակւել Հայաստանի վրայ, եթէ ռուսական ռազմաբազան եւ ռուսական դրօշը չլինի Հայաստանում:
- Եթէ պետութիւնը կործանւում է, ընկնում է անդունդը, ապա քաղաքական ուժը բոլոր գործիքակազմը պէտք է օգտագործի պետութիւնը փրկելու համար:
- 2020-ի պատերազմի ժամանակ կար պլանաւորւած պրոցես, որ այդ պատերազմով ամբողջ Արցախի հարցը լուծւելու է, յանձնելու են, ռուսները հասկացան եւ դրա համար արագ խաղաղապահներ ուղարկեցին:
- Հանրապետութիւնում ադրբեջանական ազգանունով կարծեմ երեք հոգի բնակարան է վերցրել:
- Եթէ դու ուժեղ չես, ուժեղները քեզ հետ վարւում են այնպէս, ինչպէս ուզում են, իսկ դու դիմադրելու ցանկութիւն եւ հնարաւորութիւն չունես:
- Հայաստանը փորձելու են դարձնել ճակատ աշխարհաքաղաքական մեծ խաղերի մէջ: Պրոցեսը գնում է էսկալացիայի:
- Վրաստանի ընդդիմութիւն այսօր գնում է քաղաքացիական բախումների: Չնայած «Վրացական երազանք» կուսակցութիւնն «օտարերկրեայ գործակալների» մասին վիճայարոյց օրէնսդրական փաթեթը յետ է կանչել, ընդդիմութիւնը չի պատրաստւում հեռանալ Թբիլիսիի փողոցներից։ 2020 թւականի պատերազմում պարտութիւնից յետոյ մենք երկու անգամ խիստ կրիտիկական զանգւած ենք ունեցել փողոցում: Փողոց դուրս եկած Հայաստանի ընդդիմութեան մի մասը անհրաժեշտ չափով յաղթելու կամք չունեցաւ, չկար ազդեցիկ այն ֆիգուրան, որը համարձակ կասէր՝ գնալու ենք մինչեւ վերջ: Երբ հարցը վերաբերում է պետութեան փրկութեանը, բոլոր գործիքները պէտք է օգտագործել:
- Բանակցողն է պետութեան գոյութեան ամենամեծ սպառնալիքը: Բայց եթէ այդ մէկ հոգուն հանեցին, ո՞վ է լուծելու խնդիրը: ՀՀ նախկին երեք նախագահները համատեղ ասուլիսում հրապարակային պէտք է յայտարարեն, որ իրենք չեն լինելու:
- Հայաստանի երեք նախկին նախագահները՝ Լեւոն Տէր-Պետրոսեանը, Ռոբերտ Քոչարեանը, Սերժ Սարգսեանը, իշխանութեան մէջ եղած պետական գործիչներ են, իսկ Փաշինեանը՝ փողոցում, տանիքների վրայ քարոզչութիւն արած քաղաքական գործիչ, եւ երբեք չի կարող դառնալ պետական գործիչ:
- Երկրի առջեւ ծառացած խնդիրը հիմա կարող են լուծել ոչ թէ գաղափարականները, այլ տեխնոկրատները, ինչպէս, օրինակ՝ Վաչէ Գաբրիէլեանը, Վարդան Արամեանը… նրանք շատ լավ են հասկանում, թե երկիրն ինչ վիճակում է:
- Եթէ անգամ պատերազմ չեղաւ, ապա Հայաստանի թուրքերը երկիրը ներսից են վերցնելու: Այսօր արդէն Հայաստանում թուրքերը Կատարի գործարար արաբների անունով հեկտարներով հողատարածքներ են վերցրել մարզերում, ադրբեջանցու անունով անշարժ գոյքեր են ձեռք բերում…
- Մենք գտնւում ենք վատի, աւելի վատի եւ ցեղասպանւելու միջեւ, վիճակը չեմ սրում: