Հա

Քաղաքական

12/03/2023 - 13:45

«Ռուսաստանի տարածաշրջանը լքելու դէպքում կարող էք ասել՝ բարի գալուստ «էրմենիստան»». Էդւարդ Շարմազանով

Պատմութիւն սովորէք որ յիմարաբար յոյս չդնէք Արեւմուտքի օժանդակութեան վրայ. մէկ անգամ արդէն Արեւմուտքը հրաժարւել է Հայաստանի մանդատից՝ կանաչ լոյս վառելով թուրքական արշաւանքի համար։

​​«alikonline.ir» - Էդւարդ Շարմազանովը ֆէյսբուքեան իր էջում գրում է․

«Պատմութիւն սովորէք որ յիմարաբար յոյս չդնէք Արեւմուտքի օժանդակութեան վրայ. մէկ անգամ արդէն Արեւմուտքը հրաժարւել է Հայաստանի մանդատից՝ կանաչ լոյս վառելով թուրքական արշաւանքի համար։

Հայաստանում գործող թրքահպատակ ռեժիմի քարոզչամեքենան փորձում է կեղծ թէզ շրջանառութեան մէջ դնել, թէ որքան Ռուսաստանն ուժեղ է, այնքան Թուրքիայի դերը կարեւորւում է։

Հետեւաբար, եթէ ռուսները թուլանան, Արեւմուտքը թոյլ չի տայ թուրքերի հզօրացումը։

Սա ոտքից գլուխ կեղծ թէզ է։

1917-ին Ռուսական կայսրութիւնը փլուզւեց, բայց Թուրքիան գրաւեց ոչ միայն Արեւմտեան Հայաստանը, այլ նաեւ հասաւ մինչեւ Ալեքսանդրապոլ եւ Ղարաքիլիսա, իսկ Բաթումի պայմանագրով Հայաստանին յատկացրեց ընդամէնը 10.000 քառակուսի կմ տարածք։

Եւ ինչպէս իրաւացիօրէն նշում էին ժամանակի գերմանացի պատմաբանները՝ հայերը Սեւանայ լճում լողալու տարածք ունէին, բայց չորանալու՝ ոչ։

Աւելին. 1920-ին ԱՄՆ-ն փաստացի հրաժարւեց իրեն յատկացւած Հայաստանի «մանդատից», որեւէ զինւոր չուղարկեց Հայաստանը պաշտպանելու եւ ընդամէնը հետեւում էր, թէ ինչպէս են թուրքերը գրաւում Արեւելեան Հայաստանը, որի արդիւնքում կնքւեց Ալեքսանդրապոլի խայտառակ պայմանագիրը/1920թ. դեկտեմբերի 2/:

Իսկ այդ պայմանագրով Հայաստանը փաստացի վեր էր ածւում «թուրքական վիլայէթի»։

Ո՞վ թոյլ չտւեց, որ Հայաստանը դառնայ «թուրքական վիլայէթ»։

Հաստատ ոչ Արեւմուտքը։

Հանրայայտ փաստ է, որ 1990-ականների սկզբին թուրքերը պատրաստ էին հարւածել նաեւ Հայաստանին, նոյնիսկ Թուրքիայի նախագահ Օզալը դիտարկում էր «մի քանի ռումբ պայթեցնել Հայաստանի տարածքում»:

Քննարկւում էր նաեւ Նախիջեւանից թուրքական ուժերի յարձակումը Հայաստանի վրայ, բայց դա թոյլ չտւեց Ռուսաստանը եւ անձամբ մարշալ Շապոշնիկովը 1992-ի մայիսի 20-ին՝ իր կտրուկ յայտարարութեամբ։

Արցախեան պատերազմի ժամանակ Ռուսաատանը մեզ մեծ ռազմական օժանդակութիւն է ցուցաբերել։

Իհարկէ եղել են նաեւ խնդիրներ, բայց թուրքական սպառնալիքի գլխաւոր զսպող ուժը Ռուսաստանն է։

44-օրեայ պատերազմի ժամանակ ո՞ւր էր Արեւմուտքը, ինչո՞ւ իր ՆԱՏՕ-ի դաշնակից Թուրքիայի ձեռքը չէր «բռնում»։

Ո՞վ կանգնեցրեց պատերազմը։

Արեւմուտքը, թէ՞ Ռուսաստանը։

Իսկ պատերազմն աւելի շուտ կը դադարէր, աւելի քիչ զոհերով ու աւելի լաւ պայմաններով, եթէ Փաշինեանն ընդունէր 2020-ի հոկտեմբերի 19-ի Պուտինի առաջարկը։

Այսօր ո՞ւմ զօքերն են Արցախի մնացած մասը պահում, որ ադրբեջանցիները չմտնեն Ստեփանակերտ։

Մի հատ ձեր Նիկոլին հարցրէք՝ եթէ ռուս խաղաղապահները չլինէին, վտանգ կա՞ր, որ ամբողջ Արցախն ու Հայաստանի մի մասը թուրք-ադրբեջանական զօրքերն օկուպացնէին։

Ուստի պարզ եւ յստակ է, Ռուսաստանի տարածաշրջանը լքելու դէպքում կարող էք ասել՝ բարի գալուստ «էրմենիստան»»։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։