Հա

Քաղաքական

12/03/2023 - 13:50

«Եթէ դեռ փնտրում էք, թէ ով է Նիկոլին օգնել գալ իշխանութեան, նայէք, տեսէք, թէ ո՞ւմ էր դա ձեռնտու, ո՞ւմ շահերն է սպասարկում». Արտակ Զաքարեան

168.TV-ի՝ «Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սէյրանեանի հիւրը Հայաստանի հանրապետական կուսակցութեան (ՀՀԿ) Գործադիր մարմնի (ԳՄ) անդամ, պաշտպանութեան նախարարի նախկին առաջին տեղակալ Արտակ Զաքարեանն է։

«alikonline.ir» - 168.TV-ի՝ «Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սէյրանեանի հիւրը Հայաստանի հանրապետական կուսակցութեան (ՀՀԿ) Գործադիր մարմնի (ԳՄ) անդամ, պաշտպանութեան նախարարի նախկին առաջին տեղակալ Արտակ Զաքարեանն է։

Հարցազրոյցի հիմնական թէզերը՝ ստորեւ.

- Ցանկացած անգամ, երբ Սերժ Սարգսեանը հրապարակային խօսք է ասում, իշխանութիւններն իրենց ողջ քարոզչական ռեսուրսն ուղղում են նրա հնչեցրած մտքերը հերքելուն կամ շեղելուն:

- Կապիտուլացւած իշխանութեան, այս կառավարիչների համար նախագահի իւրաքանչիւր յայտարարութիւն լուրջ վտանգ է ներկայացնում։ Սերժ Սարգսեանն այնպիսի խնդիրների մասին է խօսում, որոնք վերաբերում են մեր հասարակութեան բոլոր անդամներին։

- Այս կառավարիչները սարսափում են բոլոր տեսակի բացայայտումներից եւ շատ զգայուն են յատկապէս ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսեանի խօսքի նկատմամբ։ Նոյն վարքը դրսեւորում են նաեւ ՀՀ առաջին եւ երկրորդ նախագահների հրապարակային խօսքի նկատմամբ, եւ սա հասկանալի է։

- Կեղծ թէզերը սրանց համար փրկօղակ են, որովհետեւ եթէ իրականութիւնը պատմեն, թէ իրականում ում էր ձեռնտու իշխանափոխութիւնը, եւ հետեւաբար՝ ովքե՞ր կարող էին սրանց իշխանութեան բերել, ժողովուրդը կապշի եւ վերջնականապէս կը հիասթափւի սրանցից եւ «յեղափոխութիւնից»:

- Գտել են կիսաընդդիմադիր կերպարներ եւ փորձում են շեղել հասարակական կարծիքը։ Նրանք էլ վեր են կենում, ասում, թէ իբր Սերժ Սարգսեանն է սրանց բերել իշխանութեան։

- Իսկ ո՞ւմ էր ձեռնտու Նիկոլին իշխանութեան բերելը. բնականաբար, ՀՀԿ-ին եւ Սերժ Սարգսեանին եւ արցախեան շարժման գաղափարներին բոլորովին դա ձեռնտու չէ՛ր։

- Ձախողել բանակցային գործընթացն ու պատերազմի արդիւնքում յանձնել Արցախը՝ ձեռնտու էր միայն թուրք-ադրբեջանական տանդեմին։ Նրանց է ձեռնտու նաեւ հիմա արեւմտեան գործօնի՝ մեր տարածաշրջանում հզօրացմանն ուղղւած Փաշինւանի ջանքերը։ Եթէ մարդիկ հասկանան՝ ովքեր են սրա շահառուները, կը հասկանան՝ ով իրականում բերեց Նիկոլին իշխանութեան, եւ ովքեր են նրան դեռ պահում իշխանութեան` ասելով, որ ՀՀ կառավարութիւնն իրենց գործընկերն է:

- Սերժ Սարգսեանը եթէ որեւէ մէկին իշխանութեան բերող լինէր, աշխարհաքաղաքական իրադարձութիւնների ֆոնին, յանուն արցախեան հիմնահարցի խաղաղ եւ հայանպաստ կարգաւորման՝ չէր որոշի շարունակել իր պաշտօնավարումը վարչապետի պաշտօնում։

- Եթէ այսպէս շարունակւի, սրանց վերջին արարը ՀՀ սուբիեկտայնութեան վերացումն է լինելու, բայց մենք թոյլ չենք տալու։

- Ո՞վ է այն ուժը, եւ ովքե՞ր են այն լիդերները, ովքեր Հայաստանին կը պաշտպանեն արհաւիրքներից ու պատերազմներից. ակնյայտօրէն դա Նիկոլը չէ։

- Եթէ մեր ժողովրդին անվտանգութիւն, պետութիւն, պաշտպանւածութիւն պէտք չէ, ուրեմն ապագայի մասին խօսելու ոչինչ չկայ։ Այստեղ հասարակութեան որոշելիքն է։ Հասարակութիւնն ունի գործիքներ։ ՀՀԿ-ին չեն ուզում, թող այլ լիդերներ, այլ ուժեր գտնեն, բայց իշխանափոխութիւնն անհրաժեշտութիւն է:

- Երբ Սերժ Սարգսեանն ասում է՝ «բանակցողը պէտք է փոխւի», սա հիմնական բանաձեւ է։ Մեզ պէտք է պրոֆեսիոնալ, ակտիւ, փորձւած բանակցող, ով կը կարողանայ արտաքին քաղաքականութեան միջոցով լուծել անվտանգութեան խնդիրը։ Ակնյայտ է, որ Նիկոլով դա չի ստացւում։ Ուզում են, թէ չէ՝ այլ հարց է, բայց փաստ է, որ չի ստացւում։

- Սերժ Սարգսեանի կառավարման տարիներին՝ 2008-2018թթ., միայն ՀՀ պետական բիւջէով, հանրագումարում ռազմական կարիքների համար յատկացւել է շուրջ 1 տրիլիոն 652 միլիարդ դրամ, որից ձեռք են բերւել նաեւ տարբեր նշանակութեան մեծ ծաւալի զէնք եւ զինամթերք: Բացի դրանից, եւս 96 միլիարդ դրամի (200 մլն ԱՄՆ դոլար ռուսական վարկ) տրամադրւել է սպառազինութիւն եւ տեխնիկա ձեռք բերելուն:

- Այս կառավարութեան ներկայացուցիչները շատ լաւ գիտեն՝ նախկինում ձեռք բերւած որքան զէնքի եւ զինտեխնիկայի մասին չի գրւել հրապարակային աղբիւրներում, բայց, իհարկէ, չեն ասի, որովհետեւ իրենց դա ձեռք չի տալիս։ Այլապէս հարց կառաջանայ, թէ ինչո՞ւ պարտւեցիք 44-օրեայ պատերազմում: Իրենք մանիպուլացնում են թւերը` յենւելով երեւի թէ Ստոկհոլմի խաղաղութեան հետազօտութիւնների (SIPRI) ինստիտուտի տւեալների վրայ, կամ այլ աղբիւրների, որը երբեք ամբողջական լինել չի կարող: Նոյնիսկ Ադրբեջանն է հրապարակային զարմացել, թէ որտեղի՞ց հայերին այսքան գումար` զէնքի եւ այսքան մեծ ամրաշինական եւ ինժեներապաշտպանական կառոյցների համար: Դա տարիների հետեւողական աշխատանքի եւ պաշտպանական ճիշտ քաղաքականութեան արդիւնք էր:

- Թող բարի լինեն եւ ասեն՝ պատերազմի առաջին օրերին հակառակորդի ռմբակոծութեան տակ ինչքա՞ն զէնք են թողել իրենց անկազմակերպւածութեան ու թափթփւածութեան արդիւնքում։ Այդ մասին պատերազմից յետոյ եղել են նաեւ ռուսական աղբիւրների հրապարակած վերլուծութիւններ:

- Սրանց կեղծիքն ու սուտը միայն ներքին լսարանի ու այն մարդկանց համար է, ովքեր չունեն հնարաւորութիւն ինտերնետում կարդալ իրականութիւնը։

- Իսկ որքա՞ն զինամթերք է ստացել Հայաստանը ժամանակին, նախկին իշխանութիւնների օրօք՝ որպէս ռազմատեխնիկական աջակցութիւն, որը փողով չի ձեռք բերւել, այլ ճիշտ համագործակցութեան արդիւնքում, ինչպէս նաեւ ՌԴ ներքին շուկայից` արտօնեալ պայմաններով: Դրանք անհերքելի փաստեր են:

- Բելառուսը եւս նախկինում ռազմատեխնիկական որոշ աջակցութիւն է ցուցաբերել Հայաստանին։

- Արդեօ՞ք մեր բանակում չկան այն սպաները, հրամանատարներն ու գեներալները, ովքեր տեսել են՝ որքան զէնք եւ զինամթերք է բերւել Հայաստան։ Իհարկէ կան, եւ շատերը գիտեն, որ իշխանութեան թէզերն ուղղակի մանիպուլեատիւ, կեղծ շահարկումներ են:

- 44-օրեայ պատերազմը շատ լուրջ ուսումնասիրութեան կարիք ունի՝ դասեր քաղելու համար, թէ ինչո՞ւ այսպէս եղաւ։

- Բանակն ունէր իր ժամ առ ժամ ֆիքսւած գործողութիւնների ծրագիրը. ինչո՞ւ չիրականացւեց պետութիւնը խաղաղից պատերազմական ռեժիմի տեղափոխելու եւ պատշաճ պաշտպանութիւն կազմակերպելու գործընթացը` մոբիլիզացիայից սկսած։

- Ինչո՞ւ չօգտագործւեց «Իսկանդեր»-ը. մեզ տրւած էր այն օգտագործելու հնարաւորութիւն, երբ Ֆրանսիան ու ՌԴ-ն յայտարարեցին, որ Թուրքիան ու Ադրբեջանը պատերազմական գործողութիւնների գօտի ահաբեկիչներ են տեղափոխել եւ օգտագործում են նրանց ռազմաճակատում։ Օրինակ, դա արդէն իսկ բաւարար հիմք էր «Իսկանդեր»-ն օգտագործելու համար, եթէ նոյնիսկ վախենում էին միջազգային հանրութիւնից։ Երկրորդ հանգամանքը, որ Ադրբեջանը տւել էր «Իսկանդեր» կիրառելու հնարաւորութիւն, այն էր, որ սկսեցին ռմբակոծել մեր խաղաղ բնակավայրերը, քաղաքացիական օբիեկտները` դպրոցներ, մանկապարտէզներ, հիւանդանոցներ, արգելւած զինատեսակներ եւ այլն։ Մենք իրաւունք ունէինք մեր ձեռքի տակ եղած բոլոր զէնքերն օգտագործել ինքնապաշտպանական նպատակով։

- «Իսկանդեր»-ի օգտագործման հրամանը պէտք է սկսւէր մէկ մարդուց՝ գերագոյն գլխաւոր հրամանատարից, որը դա չարեց կամ արեց շատ ուշ։ Յետոյ էլ ասացին, իբր 10%-ով է կրակել։ Ինչպէ՞ս կարելի է նման բան ասել:

- Որքան ես եմ տեղեակ, 44-օրեայ պատերազմի օրերին Ռուսաստանը ոչ միայն զէնք է տրամադրել, այլեւ իր ռազմաօդային ուժերը տրամադրել է զինամթերք տեղափոխելու համար։

- Ինչո՞ւ էին Հայաստանին ռազմաքաղաքական աջակցութիւն ցուցաբերում Սերժ Սարգսեանի, Ռոբերտ Քոչարեանի, Լեւոն Տէր-Պետրոսեանի կառավարման տարիներին, ինչո՞ւ միջազգային հանութիւնը լռեց 44-օրեայի ժամանակ, երբ ապրիլեան պատերազմում ուղիղ տեքստով քննադատում էին Ադրբեջանին։ Այդ հարցի հասցէատէրը Նիկոլ Փաշինեանն է։

- Հոկտեմբերի 10-ին, երբ առաջին անգամ Ադրբեջանի կողմից խախտւեց հրադադարի պայմանաւորւածութիւնը, ինչո՞ւ Հայաստանը չճանաչեց Արցախի անկախութիւնը։ Ինչո՞ւ չճանաչեց. այդ հարցի պատասխանը կը տայ այն հարցի պատասխանը, թէ ո՞վ եւ ինչի՞ համար է բերել Նիկոլին իշխանութեան։

- Ապրիլեան պատերազմի օրերին Արցախի ճանաչման հարցը դրւած էր մեր օրակարգում, եւ դա էր նաեւ պատճառներից մէկը, որ Ադրբեջանը շտապեց Մոսկւա՝ խնդրելով միջնորդել եւ կանգնեցնել պատերազմը։

- 2016թ. բեկումնային տարի էր Արցախեան բանակցային գործընթացի համար։

- Այո՛, 2018թ. Սերժ Սարգսեանն ասում էր՝ բանակցութիւնները փակուղում են, բայց ո՞ւմ մեղքով… Ադրբեջանի… Երբ ասում էր՝ բանակցութիւնները լաւատեսութիւն չեն ներշնչում, նա խօսում էր Ադրբեջանի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի յարաբերութիւնների մասին։ Ադրբեջանը հակադրւում էր Մինսկի խմբի առաջարկներին` ինքնորոշման իրաւունքի իրացման հարցում:

- Ինչպիսին էլ լինէին Արցախեան հանրաքւէի արդիւնքները, Մինսկի խումբն ու միջազգային հանրութիւնն ամբողջութեամբ ընդունելու էին դրա արդիւնքները` որպէս պարտադիր իրաւական ուժ ունեցող գործընթաց:

- Ըստ մամուլում շրջանառւած բաց աղբիւրների, միայն 2018թ. ԶՈՒ-ն ոչ մարտական պայմաններում ունեցել է 63 զոհ, 2019թ.-ին՝ 49, 2020թ.-ին՝ 100 (չհաշւած պատերազմը), 2021թ.-ին՝ 65, 2022թ. 9 ամիսների տւեալներով՝ 51, 2023թ.-ին՝ արդէն 20 զոհ, որից 15-ն Ազատ գիւղի կացարանում այրւած մեր տղաներն են:

- Ընդհանուր առմամբ Նիկոլ Փաշինեանի կառավարման 4 տարիներին ոչ մարտական պայմաններում ունեցել ենք 348 զոհ, Սերժ Սարգսեանի կառավարման 4 տարիների ժամանակ 256 զոհ է եղել (երբ ունէինք հսկայական առաջնագիծ)։ Խօսքը համեմատելի ժամանակահատւածի մասին է՝ 2018թ.-ից առաջ եւ յետոյ՝ 4 տարիների կտրւածքով։

- Տղե՛րք, մի հատ կողմնորոշւէք՝ ո՞նց էք պատկերացնում ձեր քաղաքականութիւնը։ Չի կարելի նոյն մարդուն «մեղադրել» տրամագծօրէն հակառակ բաների մէջ` եւ հող յանձնելու, եւ ոչմիթիզականութեան:

- Միջազգային ակտորները հասկանում են՝ ով ինչ է ասում, ով ուր է տանում։

- Պատերազմից յետոյ Ալիեւը բացայայտ սկսեց ծաղրել իմ պետութեան ղեկավարին, այսինքն՝ ինձ, մեզ՝ բոլորիս։ Հիմա այդ ծաղրանքի ենթարկւածին, նսեմացւած վիճակում ասում ենք՝ գնայ, մեր անվտանգութեան համար բանակցի։ Այդ բանակցողից ի՞նչ ակնկալել։ Նա էլ բանակցում է Ադրբեջանի տարածքային ամբողջականութեան ճանաչման թեմայով:

- ԱԽՔ Արմէն Գրիգորեանն ասում է՝ մենք ինքնորոշման իրաւունքի մասին չենք խօսում, որպէսզի մոբիլիզացնենք միջազգային հանրութեանը։ Ինչի՞ շուրջ ես մոբիլիզացնում։ Բոլորը կոչ են անում բացել միջանքը, բացո՞ւմ է Ադրբեջանը… Ո՛չ…

- Անվտանգութեան ամենակարեւոր երաշխիքը ինքնորոշումն է, կարգավիճակի հարցը. դրանից այն կողմ անվտանգութեան երաշխիք չկայ։

- Եթէ իրենք ընդունում են, որ քաղաքական իմաստով անմեղսունակ են, ես էլ ընդունում եմ, որ, այո՛, այս կառավարութիւնը մեղաւոր չէ։

- Սրանք կեղծիքն ու սուտն ամէն օր հրամցնում են հասարակութեանը, իսկ մենք մեր արածը մինչեւ վերջ չէինք կարողանում հասցնել, որովհետեւ պոպուլիստ չէինք։

- Սրանք իրենց ունեցած վստահութեան պաշարն օգտագործեցին՝ ի վնաս հասարակութեան։

- Մեզ սպասւում է աշխարհում որպէս վճռական մենակի կարգավիճակ։ Այսպէս շարունակւելու դէպքում յաջորդ վտանգի ժամանակ մեր կողքին ոչ ոք չի կանգնելու։

- ՀԱՊԿ-ը մեզ համար միշտ եղել է բարդ կառոյց, որովհետեւ 6 անդամ երկրներից 3+1-ը Ադրբեջանի հետ աւելի շատ ընդհանրութիւններ են ունեցել, քան մեզ հետ։ ՀԱՊԿ-ը մեզ համար ՌԴ-ի հետ ռազմատեխնիկական համագործակցութիւնը զարգացնելու բազմակողմ հարթակ էր։ Եթէ դու այդ հնարաւորութիւնները չես օգտագործում, դու ինքդ աշխատում ես քո դէմ։ Հիմա ՀԱՊԿ փոխնախագահի պաշտօնից հրաժարւելով՝ ո՞ւմ ես վատ վիճակի մէջ դնում։ Իհարկէ քեզ։ Դրանից ուրախացան այլ պետութիւնները։ Մի անգամ արդէն՝ կապւած Իւրի Խաչատուրովի հետ, Հայաստանին զրկեցին ՀԱՊԿ-ից օգուտ ստանալուց։

- Ինչո՞ւ այս իշխանութիւնները հրաժարւեցին ՀԱՊԿ-ի ռազմատեխնիկական աջակցութիւնից, երբ դրա կարիքը կար: Սա թերթի խմբագրութիւն չէ, մի ամբողջ պետութեան հարց է։ Դու կարող ես նեղացած լինել կառոյցից, բայց ինչո՞ւ չընդունել առաջարկւող աջակցութիւնը։

- Նիկոլն ու սրանց իշխանութիւնը յոյսն ո՞ւմ վրայ են դրել… Չկայ այդ մէկը։

- Փաստացի Հայաստանի արեւելեան սահմաններին կանգնած են նաեւ ռուսական ուժեր։

- Ռուսաստանի համար որքան վատ լինի, այնքան Արեւմուտքի համար՝ լաւ, ու նրանց համար կարեւոր չի՝ այդ ընթացքում Հայաստանը կը տուժի՞, թէ՞ ոչ։

- Սրանք նման են մի երեխայի, որի ձեռքին ինչ խաղալիք տալիս ես, քանդում, փչացնում է, որովհետեւ չգիտի՝ ինչպէս վարւի հետը։

- Ընդդիմութիւնը չի հրաժարւում Արցախեան պայքարից, կարեւորագոյն խնդիր է համարում Հայաստանի անվտանգային համակարգի առողջացումը։ Ընդդիմութիւնը խաղաղութեան համար այսպէս չէր բանակցի, դրան էլ ձեւ կայ:

- Ընդդիմութիւնը միշտ ասում է՝ օրակարգը սկսւում է իշխանափոխութիւնից։ Ընդդիմութիւնն ունի ե՛ւ բաւարար ինստիտուցիոնալ կապեր, ե՛ւ կադրեր՝ արագ ռեստարտ անելու համար այս իրավիճակը։ Քաղաքականութեան մէջ անհնարին ոչինչ չկայ, եթէ դու յստակ գիտես, թէ ինչ ես ուզում, գիտես՝ ինչպէս հասնել դրանց, եւ երեւոյթների մէջ կապը հասկանում ես։

- Այո՛, աւերել են, այո՛, կոռուպցիոն ռիսկերի մէջ են, բոլոր քաղաքական ռեսուրսները թուլացրել եւ փոշիացրել են, բայց լաւ կառավարման խնդիրը նւազ ռեսուրսներով արդիւնք ստանալն է։ Եւ դա հնարաւոր է անել:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։