Երբ ասում են, որ Փաշինեանը «պառակտեց հասարակութիւնը», դա ճիշտ է միայն մասամբ: Մինչեւ 2018 թւականը մեր հասարակութիւնն արդէն իսկ պառակտւած էր: Դրա ակտիւ մասը բաղկացած էր Տէր-Պետրոսեանին ատողներից (որովհետեւ «քանդեց գեոզալական երկիրը», ինչպէս նաեւ «ցուրտ ու մութ սարքեց»), Քոչարեանին եւ Սարգսեանին ատողներից (որովհետեւ թալանում էին), ինչպէս նաեւ այդ ատելութիւնը չկիսող մարդկանց ատողներից:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄԵԱՆ

Փաշինեանը, իշխանութեան գալու համար կարողացաւ ակումուլացնել, նպատակաուղղել այդ ատելութիւնը դէպի փողոց: Փողոցը յաղթեց: Դրանից յետոյ ատողների երկու խմբերին աւելացաւ երրորդը՝ Փաշինեանին ատողների խումբը, որովհետեւ իր քաղաքական անգրագիտութեամբ կամ գուցէ նախօրօք մտածւած ծրագիրն իրականացնելով, մահւան դուռը հասցրեց թէեւ ոչ «գեոզալական», բայց մինչեւ 2018 թւականը լաւ թէ վատ գոյութիւն ունեցող պետականութիւնը:
Ներկայ իշխանութեան համար կարեւորը ոչ թէ պետութեան համար արձանագրւող արդիւնքն է, այլ հասարակութեան կողմից իրենց գործունէութեան ընկալումը, սիրւած լինելը, քարոզչութիւնը, PR-ը: Եւ, միանգամայն ճիշտ զգալով, որ «նախկինների» հանդէպ ատելութիւնը գնալով մաշւում է, այսպէս ասած՝ «ժամկէտանց» է դառնում, իշխանութիւնը նոր յարմար թիրախ է ընտրել՝ Ռուսաստանը:
Այդ երկիրը, բնականաբար, դժգոհելու բազմաթիւ առիթներ է տալիս եւ իրականում իրեն չի դրսեւորում որպէս դաշնակից: Բայց կտրուկ հակառուսական քայլերը, կարծում եմ, պայմանաւորւած են ոչ թէ այդ խնդիրներով եւ նոյնիսկ ոչ այնքան Արեւմուտքի հաւանութեանն արժանանալու ձգտմամբ, որքան թշնամու նոր կերպար կերտելու ցանկութեամբ, որի վրայ կարելի է բարդել բոլոր նախորդ եւ ամենակարեւորը՝ առաջիկայ ռազմական, քաղաքական եւ դիւանագիտական պարտութիւնները: ՀԱՊԿ-ի դէմ հերթական դեմարշը նման չհաշւարկւած քայլերից է:
Իրականում շատ վտանգաւոր է, երբ երկիրը ղեկավարւում է սոցցանցային լայքեր հաւաքելու նպատակով եւ որեւէ թիրախի հանդէպ ատելութիւն բորբոքելու միջոցով: «Տեսէք, որքան «դուխով» ենք մենք եւ որքան հեռու ենք ուղարկում Ռուսաստանին»՝ այդ կեցւածքը կարող է ծափահարութիւներ եւ նոյնիսկ հրճւալից բացականչութիւններ առաջացնել: Բայց արդեօ՞ք այդ «դուխաւիկութեան» տակ սթափ հաշւարկ կայ:
Aravot.am