Հա

Քաղաքական

12/03/2023 - 14:25

Թաւշեայ անառակութեան նուրբ արւեստը

Մեր հանրային ու պետական կեանքի հիմնարար խնդիրների մեծ մասը պայմանաւորւած է բովանդակութեան եւ ձեւի խեղաթիւրման, դրանք մէկը միւսով փոխարինելու, ձեւը՝ որպէս բովանդակութիւն ներկայացնելու, իսկ բովանդակութիւնն անձեւ մատուցելու հետ։ Այդ երեւոյթն առկայ է անսահմանօրէն շատ ոլորտներում ու տիրոյթներում։ Բայց այդ անոմալիայի ամենակործանարար հետեւանքներն արտայայտւում են երկու առանցքային ուղղութիւններում՝ պետութեանը եւ քաղաքականութեանը վերաբերող հարցերում։

ՅԱՐՈՒԹԻՒՆ ԱՒԵՏԻՍԵԱՆ

 

Մեր հանրային ու պետական կեանքի հիմնարար խնդիրների մեծ մասը պայմանաւորւած է բովանդակութեան եւ ձեւի խեղաթիւրման, դրանք մէկը միւսով փոխարինելու, ձեւը՝ որպէս բովանդակութիւն ներկայացնելու, իսկ բովանդակութիւնն անձեւ մատուցելու հետ։ Այդ երեւոյթն առկայ է անսահմանօրէն շատ ոլորտներում ու տիրոյթներում։ Բայց այդ անոմալիայի ամենակործանարար հետեւանքներն արտայայտւում են երկու առանցքային ուղղութիւններում՝ պետութեանը եւ քաղաքականութեանը վերաբերող հարցերում։

Պետութեան նկատմամբ մեր պատկերացումները, պետութիւնից ունեցած ակնկալիքները, պետութեան հանդէպ պատասխանատւութիւնը եւ մնացեալ ամենայնը առաւելագոյն չափով գտնւում է ձեւի հարթութիւնում։ Մենք ծոյլ անտարբերութեամբ հետեւում ենք, թէ ինչպէս է ամէն օրւայ հետ նւազում, մաշւում Հայաստանի՝ որպէս պետական կազմաւորման բովանդակութիւնը՝ միեւնոյն ժամանակ անառողջ հրճւանք ապրելով, երբ, օրինակ, որեւէ միջազգային կառոյց Հայաստանի վերաբերեալ որեւէ ոչինչ չասող յայտարարութիւն է ընդունում։ Աւելի քան հինգ տարի է՝ պետութեան ֆիզիկական եւ հոգեւոր անվտանգութեան համակարգերը գործող իշխանութեան կողմից ենթարկւում են հետեւողական վարկաբեկման, արժեզրկման։ Բանակն ամէն օրւայ հետ վերածւում է անդէմ, անատամ միաւորի։

Պետութեան անվտանգութեան ապահովման գործառոյթ ունեցող միւս կառոյցները դեֆորմացւել-վերածւել են իշխանութեան անվտանգութիւնն ապահովող խմբակների։ Հայ Առաքելական Եկեղեցին իշխանութեան կողմից դասւել է գրեթէ ներքին թշնամիների շարքին։ Նոյն իշխանութիւնը խրախուսում է հայկական ինքնութեան դէմ ուղղւած ամենատարբեր նախաձեռնութիւնները։ Հայաստանը՝ վարւող արտաքին քաղաքականութեամբ, նմանւել է իշխանական քարոզչութեան կողմից երջանկութեան հոմանիշ հռչակւած անառակ կնոջ, որը պետական շահերը սպասարկում է, լաւագոյն դէպքում, ժամավարձի սկզբունքով, մէկին մի ծառայութիւն մատուցելուց յետոյ՝ յաջորդ պահին նետւելով դիմացինի գիրկը՝ միւս այսրոպէական խնդիրը լուծելու համար։

Այս եւ չթւարկւած հարիւրաւոր օրինակները վկայում են Հայաստանի՝ որպէս պետութեան, հայկական պետականութեան անդառնալի արժեզրկման մասին։ Ընդ որում, հայկական պետականութեան բովանդակութիւնը սպառւում է դրա ձեւական կողմի դրսեւորումների ճչացող աւելացմանը հակադարձ համեմատական արագութեամբ. իշխանութեան ֆորմալ ատրիբուտներն աւելանում ու աւելի գռեհիկ են դառնում՝ ճիշտ նոյն տեմպով, որով դեւալւացւում է հայկական պետականութիւնը։ Նիկոլ Փաշինեանի թիկնազօրը դրա ամենագրոտեսկային արտայայտութիւնն է։

Պետութեան ու պետականութեան բովանդակազրկումն օրգանական կապ ունի քաղաքականութեան արժեզրկման, քաղաքականութեան բովանդակութեան կորստի հետ։

Մենք ունենք քաղաքական համակարգ՝ մեծ հաշւով, միայն նոմինալ իմաստով. կայ իշխանութիւն, որը զբաղւում է հարկերի հաւաքմամբ եւ դրանք անիմաստ ծախսելով (եւ որը ցանկանում է ձերբազատւել մնացեալ բոլոր խնդիրներից, անվտանգային հարցերից, Արցախից եւ այլն, այդ գործով աւելի անկաշկանդ զբաղւելու համար), եւ տիտղոսային ընդդիմութիւն, որը մեծ հաշւով ցանկանում է իշխանութեան գալ՝ համոզելով, թէ աւելի լաւ կը ծախսի ամենատարբեր պատճառներով աւելացող հարկային եկամուտները։

Ընդհանուր առմամբ, սա է հայկական քաղաքական իրականութեան ստատուս-քւոն, իսկ երկու կողմերից հնչող յայտարարութիւնները, քննադատութիւնները, մեղադրանքները եւ մնացեալը սոսկ շղարշ են, որոնց նպատակն է «քաղաքական իմաստ» հաղորդել այս երկու մերկանտիլ մօտեցումներին։

Հայկական քաղաքականութեան բովանդակութիւնը դատարկ է գրեթէ այնքան, որքան բովանդակազերծ է պետութիւնն ու պետականութիւնը։ Ճիշտ է նաեւ հակառակը։ Իսկ դա վկայում է երկուսի միջեւ առկայ դիալեկտիկական կապի մասին։ Չի կարող լինել նորմալ, բովանդակ պետութիւն ու պետականութիւն՝ առանց գաղափարական, մրցունակ, մտքահէն քաղաքական համակարգի, եւ հակառակը՝ չի կարող կենսունակ քաղաքական համակարգ գործել՝ առանց կայացած, դիմադրողունակ պետականութեան։

Առաջին հայեացքից հակասական ու փոխբացառելի թւացող այս կապի առանձնայատկութիւնն այն է, սակայն, որ խելամիտ առաջնորդութեան դէպքում այդ կառուցակարգերը կարող են դառնալ փոխլրացնող։

Պետութեան ու պետականութեան կայացումը կարող է խթանել քաղաքական համակարգի բովանդակային զարգացումը, միւս կողմից՝ քաղաքական համակարգի իրական գաղափարայնացումը, ծրագրայնացումն ու մրցունակութիւնը կարող է ամրացնել պետութիւնն ու պետականութիւնը։ Բայց Հայաստանում դա տեղի չի ունենում շատ ճղճիմ պատճառներով. պետութիւնը մենաշնորհած խմբակը պետականութիւնն ամրացնելու նպատակադրում չունի, որովհետեւ դրա արդիւնքում կարող է կորցնել իշխանութիւնը, իսկ բոլոր նրանք, ովքեր զբաղւում են քաղաքականութեամբ, դա անելու շահագրգռւածութիւն չունեն մօտաւորապէս նոյն պատճառով, ինչ իշխանութիւնը։ Որովհետեւ բոլորին միաւորում է անյագուրդ նւիրւածութիւնը ձեւին եւ օրգանական ատելութիւնը բովանդակութեան նկատմամբ։

 

168.am

 

Յարակից լուրեր

  • Իշխանափոխութեան բանաձեւը․ լիդերութիւն՝ ընդդէմ լիդերի
    Իշխանափոխութեան բանաձեւը․ լիդերութիւն՝ ընդդէմ լիդերի

    Նիկոլ Փաշինեանի անձնական ու նրա իշխանութեան հաւաքական վարկանիշը հասել է պատմական մինիմումի, ինչի մասին են վկայում մի շարք սոցիոլոգիական հարցումներ։ Նրա վարկանիշն այլեւս ոչ թէ հանրային է, այլ բիւրոկրատական, քանի որ այն, ինչ մնացել է դրանից, մեծ հաշւով, զուտ պետական կառավարման համակարգի ռեսուրսն է, որին տիրապետում է ցանկացած իշխանութիւն։

  • Անջատում յանուն թրքութեան
    Անջատում յանուն թրքութեան

    «Ես իրաւասու եմ պաշտպանել միայն Հայաստանի Հանրապետութեան շահը, Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը թող իր ապագան որոշի»։ Եթէ 6 կամ 8 տարի առաջ Հայաստանի որեւէ պաշտօնեայ նման յայտարարութիւն անէր, նրա հետ լաւագոյն դէպքում տեղի կունենար այն, ինչ պատահեց գործող ԱԳ նախարար Արարատ Միրզոյեանին՝ 2020թ. նոյեմբերի 9-ին։ Բայց այսօր նման յայտարարութիւն է հնչում Հայաստանի նոյն արտգործնախարար Արարատ Միրզոյենի կողմից եւ հնչում է անհետեւանք։

  • Արիւնոտ ժպիտ, կամ՝ Նիկոլ Փաշինեանը՝ ցեղասպան եղբայրների ակումբում
    Արիւնոտ ժպիտ, կամ՝ Նիկոլ Փաշինեանը՝ ցեղասպան եղբայրների ակումբում

    Պատերազմից անցել է աւելի քան 2.5 տարի, Թուրքիան ոչ միայն որեւէ յայտարարութեամբ, որեւէ գործնական քայլով չի հերքել Նիկոլ Փաշինեանի գնահատականները, չի փարատել Ադրբեջանին աջակցելու ու հայերի ցեղասպանութիւնը 100 տարի անց շարունակելու մտահոգութիւնները, այլ շատ աւելի առարկայաբար, առանց աւելորդ ձեւականութիւնների, ապացուցել է Նիկոլ Փաշինեանի՝ 2020 թւականին տւած գնահատականների ճշմարտացիութիւնը։

  • Միակ շարժումը, որը կարող է փրկել պետութիւնը
    Միակ շարժումը, որը կարող է փրկել պետութիւնը

    Հարցը, թէ ինչո՞ւ է հայ հանրութիւնն անտարբեր պետութեան ու պետականութեան գահավիժման նկատմամբ, մեր իրականութեան ամենակարեւոր հարցադրումներից է, որի պատասխանը կարող է կանխորոշել հետագայ զարգացումները։ Այնպէս չէ, որ հասարակութիւնն անհաղորդ է Հայաստանի, Արցախի հետ կատարւողին եւ չի գիտակցում աղէտի խորութիւնը։ 

  • Հող յանձնողին յանձնենք փողին
    Հող յանձնողին յանձնենք փողին

    Առնւազն երկու տասնամեակ հայկական քաղաքական կեանքի հիմնական մեխանիզմներից մէկը խարսխւած էր արցախեան հարցի կարգաւորման գործընթացում զիջումների անթոյլատրելիութեան ու դրա համար հնարաւոր պատժի սպառնալիքի վրայ։

    Եթէ հակիրճ, քաղաքական կեանքն ընթանում էր «Հող յանձնողին յանձնենք հողին» պաթոսային կարգախօսով, որը, ի դէպ, ակտիւօրէն գեներացւում ու տարածւում էր մեծ մասամբ նրանց կողմից, ովքեր այսօր գտնւում են իշխանութեան մէջ։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։