Արցախի ԱԺ խմբակցութիւնները յայտարարութիւն են տարածել, որում ասւում է.
«Մի քանի օրից կը լրանայ Արցախի Հանրապետութեան 120 հազար բնակչութեանը Ադրբեջանի կողմից շրջափակելու 100 օրը: Արհամարհելով Արցախի ապաշրջափակման վերաբերեալ Լահէի միջազգային դատարանի որոշումը` Ադրբեջանի ղեկավարութիւնն ուժի սպառնալիքով եւ կիրառմամբ շարունակում է Արցախը հայաթափելու քաղաքական ուղեգիծը:
«alikonline.ir»- Արցախի ԱԺ խմբակցութիւնները յայտարարութիւն են տարածել, որում ասւում է.
«Մի քանի օրից կը լրանայ Արցախի Հանրապետութեան 120 հազար բնակչութեանը Ադրբեջանի կողմից շրջափակելու 100 օրը: Արհամարհելով Արցախի ապաշրջափակման վերաբերեալ Լահէի միջազգային դատարանի որոշումը` Ադրբեջանի ղեկավարութիւնն ուժի սպառնալիքով եւ կիրառմամբ շարունակում է Արցախը հայաթափելու քաղաքական ուղեգիծը:
Արցախի Հանրապետութիւնն իրեն բռնակցելու մտադրութեան մէջ Ադրբեջանը չի խորշում հակամարդկային միջոցներից եւ ահաբեկչական գործողութիւններից: Բնական գազի եւ էլեկտրաէներգիայի մատակարարման խափանումները, խաղաղ բնակչութեան ահաբեկումն ու ազատ տեղաշարժի սահմանափակուները, իսկ վերջերս էլ՝ մարտի 5-ին, իրենց ծառայողական պարտականութիւնները կատարելու ժամանակ ոստիկաններին գնդակահարելու փաստը գալիս են ապացուցելու, որ նման պայմաններում անընդունելի են ուղիղ երկխօսութեան մասին խօսակցութիւնները:
Միեւնոյն ժամանակ, համոզւած ենք, որ ղարաբաղեան հակամարտութիւնը, որպէս միջազգային օրակարգի հարց, պէտք է լուծւի բանակցութիւնների միջոցով համապատասխան միջազգային կառոյցների միջնորդութեամբ ու երաշխիքներով, մասնաւորապէս, այդպիսի լիազօրութեամբ օժտւած Մինսկի խմբի համանախագահ երկրների ներգրաւմամբ:
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարութիւնը քարոզչական տարբեր հնարքներով ապատեղեկացնում է սեփական հանրութեանն ու միջազգային կառոյցներին՝ նպատակ ունենալով Արցախի ժողովրդի դէմ կիրառւող հումանիտար ճնշումների եւ ահաբեկումների պայմաններում պատրանք ստեղծել «խաղաղութեան դարաշրջանի» մասին:
Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովի խմբակցութիւնները, արտայայտելով ժողովրդի կամքն ու դիրքորոշումը, պահանջում են Հայաստանի Հանրապետութեան իշխանութիւններից հաւատարիմ մնալ ՀՀ Գերագոյն խորհրդի 1992 թ. յուլիսի 8-ի որոշմանը եւ կասկածի տակ չդնել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրաւունքը:
Արցախի խորհրդարանի բոլոր խմբակցութիւնները վերահաստատում են իրենց հաւատարմութիւնը մեր ժողովրդի կամքն արտայայտող հիմնարար փաստաթղթերին եւ շարունակելու են առաջնորդւել դրանցից բխող գաղափարներով եւ սկզբունքներով»:
«Ազատ հայրենիք ՔՄԴ» խմբակցութիւն «Միասնական հայրենիք» խմբակցութիւն «Արդարութիւն» խմբակցութիւն
«Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն» խմբակցութիւն «Արցախի ժողովրդավարական կուսակցութիւն»
խմբակցութիւն
13 մարտի, 2023 թ. ք. Ստեփանակերտ