Ստացւում է, որ 30 տարւայ պետականութեան պատմութիւնը մեզ չի՞ տւել ոչինչ. ոչ՝ պետական մտածողութիւն, ոչ՝ պետական ինստիտուտներ, ոչ՝ անհատներ, ոչ՝ բովանդակութիւն։ Հնարաւոր չէ հաւատալ դրան։ Չի կարող նման բան լինել։
«alikonline.ir» - «Այլընտրանքային նախագծեր» խմբի համահիմնադիր Վահէ Յովհաննիսեանը իր յօդւածում գրում է.
«Երէկւայ ասուլիսից մի բան պարզ դարձաւ. Հայաստանը կանգնած է մեծ փորձութեան եւ մեծ ռազբորկայի շեմին։
Անհաւանական է, բայց՝ փաստ. 100 տարւայ պատմութիւնը մեր աչքի առաջ կրկնւում է։ Մեզ էլի սպառնում է ֆիզիկական վտանգ, մեր պետականութիւնը հարցականի տակ է։
Անհաւանական է, բայց՝ փաստ. սա տեղի է ունենում մեր նոյն սխալների պատճառով։ Մենք աղէտի սպասում ենք այնպէս, ինչպէս այլ ժողովուրդներ՝ օդանաւակայաններում ինքնաթիռի են սպասում։ Ուղղակի սպասում ենք։
Ստացւում է, որ 30 տարւայ պետականութեան պատմութիւնը մեզ չի՞ տւել ոչինչ. ոչ՝ պետական մտածողութիւն, ոչ՝ պետական ինստիտուտներ, ոչ՝ անհատներ, ոչ՝ բովանդակութիւն։ Հնարաւոր չէ հաւատալ դրան։ Չի կարող նման բան լինել։
Կայ տպաւորութիւն, որ ոչ մի բան ժողովրդի վրայ չի ազդում։ Մահերը, հազարաւոր զոհերը, իր տնից 2 ժամւայ հեռաւորութեան վրայ կռիւը. ոչինչ չի ազդում։ Իշխանաւորների կոռուպցիոն պատմութիւնները, վեր խոյացող առանձնատներն ու լկտի պահւածքը չեն ազդում։
Շրջափակւած Արցախը չի ազդում։ Ռուսաստանի հետ յարաբերութիւնների արհեստական սուր վատացումը չի ազդում, Ռուսաստանի՝ բաց տեքստով զգուշացումը, թէ՝ նման երկրները կորցնում են պետականութիւն, չի ազդում, Ուկրայինայի կադրերը չեն ազդում։
Նման պետական եւ հոգեբանական փոսում յայտնւած ժողովուրդները սովորաբար ծանր գին են վճարում։ Բայց նոյնիսկ սա´ լաւ չի հասկանում ժողովուրդը, չի հասկանում, որ դա իր, իր ընտանիքի աղէտն է լինելու, այլ ոչ թէ՝ ինչ-որ վերացական Հայաստանի եւ վերացական ժողովրդի։
Միւս կողմից՝ բոլոր սոցհարցումներից ակնյայտ է դառնում, որ Հայաստանում կայ մտածող-մտահոգ շերտ եւ ճիշտ աշխատելու դէպքում՝ կոնսոլիդացիոն մեծ ռեսուրս։ Ուրեմն կայ հնարաւորութիւն՝ աղէտը կասեցնելու համար։ Պէտք է հնարաւորինս ճիշտ պատկերացնենք զարգացումները եւ ճիշտ կազմակերպենք աշխատանքը։
Եւս մէկ զարգացում, կարծես թէ, լինելու է անխուսափելի՝ «Մեծ ռազբորկան»։ Երէկւայ ասուլիսում Փաշինեանը, սովորութեան համաձայն, նորից կեղծեց մեր ընդհանուր պատմութեան որոշ դրւագներ։ Պատմութեան ամբողջական կեղծումից խուսափելու ու նաեւ ինքներս մեր հանդէպ աւելի անկեղծ լինելու համար պիտի սկսենք մեծ խօսակցութիւն, որ պատասխանենք կարեւոր հարցերի. ինչո՞ւ այսպէս եղաւ, ինչո՞ւ 30-ամեայ երրորդ հանրապետութիւնը փլուզւեց այսքան արագ, այսքան հեշտ ու այսքան ծանր գնով։ «Մեծ ռազբորկան» պիտի ներառի թէ´ մինչեւ 2018-ը, թէ´ 2018-ից յետոյ, թէ´ նոյեմբերի 9-ից յետոյ ընկած ժամանակահատւածները։ Սրանից խուսափել կարծես թէ հնարաւոր չի լինելու, որովհետեւ գինը չափազանց թանկ է եղել՝ հայրենիքի կորուստ ու ահռելի զոհեր։ Այս մեծ խօսակցութեան նախաձեռնողը պէտք է լինի հէնց այն մտահոգ-մտածող շերտը, Հայաստանի վերականգնման նոր իշխանութիւնը, որը պէտք է ստանձնի երկրի վերականգնման գործը։ Սա կօգնի՝ լինել առաւելագոյնս օբիեկտիւ եւ ազնիւ՝ իրար հանդէպ, խուսափել մեղքերն անվերջ իրար վրայ բարդելու արատաւոր շրջանից, ու միասին աշխատել՝ առանց աւելորդ, անիմաստ բարդոյթների»։