Հա

Քաղաքական

16/03/2023 - 12:00

«Մի զարմացէք, Փաշինեանի արած «5-րդ շարասիւն» արտայայտութիւնն Ալիեւի ամենասիրած արտայայտութիւնն է». Արտեօմ Տօնոյեան

168.TV-ի՝ «Պրեսսինգում» Սաթիկ Սէյրանեանի հիւրն իրանագէտ Արտեօմ Տօնոյեանն է:

«alikonline.ir» - 168.TV-ի՝ «Պրեսսինգում» Սաթիկ Սէյրանեանի հիւրն իրանագէտ Արտեօմ Տօնոյեանն է:

Հարցազրոյցի հիմնական թէզերը՝ ստորեւ.

- Իրանի կողմից զօրաշարժերը, որպէս կանոն, կրում են նախազգուշական ուղերձներ, այդ թւում նաեւ՝ Հայաստանի եւ Ադրբեջանի համար: Սրան սովորաբար հետեւում է Իրանի դիրքորոշման յիշեցումը: Իրանը միշտ է ասում, որ հարեւան պետութիւնների սահմաններն իր համար կարմիր գիծ են, ու սա առաջին հերթին վերաբերում է Հայաստանին:

- Իրանական աղբիւրները յետպատերազմական շրջանում յաճախ են խօսում այն մասին, որ Իսրայէլն Արցախի օկուպացւած տարածքներում զինուժ ու սմարթ-աւաններ է տեղակայում:

- 44-օրեայ պատերազմից առաջ Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից մեր տարածաշրջան բերւած ահաբեկչական խմբերը դուրս չեն եկել, շարունակում են մնալ Արցախի Հանրապետութիւնից բռնազաւթւած տարածքներում: Սրա մասին նոյնպէս յաճախ է խօսւում իրանական մամուլում:

- Իրանի արտաքին քաղաքականութեան համատեքստում առանցքային է իր սահմանների անվտանգութեան խնդիրը: Այս պրագմատիկ իրողութիւնից է բխում Սաուդական Արաբիայի եւ Չինաստանի հետ նրա յարաբերութիւնների զարգացումը:

- Իրանը հակւած է Չինաստանի մասնակցութեան մակարդակը մեր տարածաշրջանում բարձրացնելուն:

- Իրանաադրբեջանական յարաբերութիւնները լարւած են աւելի, քան երբեւէ վերջին 20 տարիների ընթացքում. Ադրբեջանում խորանում է իրանաֆոբիան, կամ Ադրբեջանի իշխանութիւնները միտումնաւոր են դա խորացնում: Ամէն դէպքում Ադրբեջանում Իրանից վախ կայ:

- Ես ընդհանրապէս քիչ եմ համարում Իրանի դէմ պատերազմի վտանգը: Եղել են շատ աւելի լարւած իրավիճակներ, բայց պատերազմ տեղի չի ունեցել, օրինակ, երբ գերլարւած էին Իրան-Իսրայէլ եւ Իրան-ԱՄՆ յարաբերութիւնները: Այն երկրներում, որոնք կարող են հաւանական պլացդարմ դառնալ Իրանի դէմ պատերազմ սկսելու համար, բարենպաստ վիճակ չէ հիմա դա անելու համար: Միայն Ադրբեջանը որպէս պլացդարմ դիտարկելը քիչ է Իրանի դէմ պատերազմ սկսելու համար:

- Որպէս ՀՀ քաղաքացի՝ անհանգստացնում է այն իրավիճակը, որ ստեղծւել է մեր պետութեան ներսում եւ Հայաստանի սահմաններից դուրս: Դաշնակիցների հետ յարաբերութիւններում պարտադիր է ճիշտ կողմնորոշւելը: Շատ կարեւոր է թոյլ չտալ, որ աղետը տեղի ունենայ, քան թէ աղէտից յետոյ մեղաւորներ փնտրելը:

- Գուցէ մի օր էլ այս իշխանութիւնները բաց յայտարարութեամբ պահանջեն Հայաստանից ռուսական 102-րդ ռազմաբազայի դուրսբերումը, բայց հարցն այն է, թէ նման քայլի գնալու դէպքում ինչպիսի՞ անվտանգային երաշխիքներ կամ դաշնակցային այլընտրանքներ են առաջարկւում:

- Ակնյայտ է, որ ՀԱՊԿ-ի հետ որոշակի խնդիրներ կան, բայց դա չի նշանակում, որ եթէ դաշնակիցդ իր պարտաւորութիւնները չի կատարել, հարցի լաւագոյն լուծումը Դաշինքից դուրս գալն է: Սա մօտաւորապէս շանտաժի է նման: Եթէ դու ունես իրական երաշխիքներ, միգուցէ կարելի է այդ սցենարը քննարկել, բայց մենք մեր պատմութեան ընթացքում տեսել ենք, որ արեւմտեան ուժերը չեն արել այն, ինչ պէտք է անէին:

- ՔՊ-ն 2021թ. ընտրութիւններից առաջ ակտիւօրէն վարում էր խաղաղութեան դարաշրջան բացելու քարոզ, եւ երբ մասնագէտներն ասում էին, որ դա իլիւզիա է, մարդիկ չհաւատացին ու արտահերթ խորհրդարանական ընտրութիւններում կրկին ընտրեցին նրանց: Յետոյ Ադրբեջանը յարձակւեց Հայաստանի սուվերեն տարածքի վրայ, ու մինչ այժմ դուրս չեն եկել:

- Պէտք է տեսնել, թէ ինչ իրավիճակ է ստեղծւել յետխորհրդային այն հանրապետութիւններում, որոնք դուրս են եկել պայմանական ռուսական ազդեցութեան գօտուց:

- Մեր հարեւան Վրաստանում չկայ ռուսական բազա, ՌԴ-ի հետ չունի դաշնակցային յարաբերութիւններ, ՀԱՊԿ անդամ չէ, սակայն նա ՆԱՏՕ-ի անդամ էլ չէ: Նոյն իրավիճակն է Ուկրայինայի պարագայում: Այնպէս չէ, որ ՆԱՏՕ-ին անդամակցելը սեղանին դրւած տետրը վերցնելու պէս հեշտ բան է:

- Զուտ քաղաքակրթական առումով մենք աւելի մօտ ենք Իրանին, եւ որպէս իրանագէտ՝ կարծում եմ, որ լաւ կը լինէր, եթէ ՀՀ-ն պատերազմից յետոյ նոր անվտանգային համակարգ կառուցելիս դրա մէջ ներառէր նաեւ Իրանին: Դա նաեւ մեր շահերից է բխում:

- Նիկոլ Փաշինեանի՝ երէկ արած «5-րդ շարասիւն» արտայայտութիւնն Իլհամ Ալիեւի եւ Ադրբեջանի պրոիշխանական գործիչների ամենասիրած արտայայտութիւնն է։ Դա նրանք օգտագործում են՝ ըստ նպատակայարմարութեան։

- Եթէ «խաղաղութեան պայմանագիրը» դեռ չի ստորագրւում, ուրեմն կամ նոր կէտեր են աւելանում, կամ կայ մի կէտ, որը, այնուամենայնիւ, ընդունելի չէ հայկական կողմի համար։

- Երբ մի օր Ադրբեջանի հետ խաղաղութեան քարոզ ես անում, միւս օրն ասում ես, որ նոյն Ադրբեջանը քեզ ուզում է ցեղասպանել, դա չի ընկալւում ոչ արտաքին աշխարհի, ոչ ներսի՝ մեր հասարակութեան կողմից։ Նման պարագայում հայաստանեան հասարակութիւնն ինչպէ՞ս պիտի կողմնորոշւի։

- Իրանի համար Հայաստանի իշխանութիւնների վարած արտաքին քաղաքականութիւնը վստահելի չէ։

- Ադրբեջանն ուզում է Բերձորի միջանցքում ունենալ հսկիչ-անցագրային կէտ, եւ հիմա բոլոր գործողութիւնները միջանցքում ուղղւած են դրան։ Սա էլ պէտք է դիտարկել Ադրբեջանի պահանջած ինտեգրացիայի՝ նրանց պահանջների համատեքստում։

- Մարտի 3-ին Արեւմտեան Ադրբեջան կոչւող համայնքի վարչութեան նախագահ, պատգամաւոր Ազիզ Ալեքբերլին «Յաղթահարելով լեռները. խաղաղ եւ իրաւական վերադարձ դէպի Արեւմտեան Ադրբեջան» լսումների ժամանակ յայտարարել է.

«Մենք՝ որպէս Արեւմտեան Ադրբեջանի համայնք, նամակով դիմել ենք Եւրոպական Միութեան խորհրդի նախագահ Շառլ Միշէլին եւ ներկայումս Հայաստանում գործող Եւրոպական Միութեան առաքելութեանը։ Ներկայումս գրանցւած է 237 գիւղ, որոնք պատկանում են Արեւմտեան Ադրբեջանին, շուրջ 20 հազար ընտանիքի փաստաթղթեր են հաւաքւել»։

Այսինքն՝ Ադրբեջանը հետեւողական եւ կոնկրետ քայլեր է կատարում Հայաստանի միջազգայնօրէն ճանաչւած տարածքի դէմ:

Այս կապակցութեամբ Արտեօմ Տօնոյեանը նշել է.

«Այն, ինչ անում է ադրբեջանական կողմը, տրամաբանական է։ Երբ դու հրաժարւում ես Արցախից, համարում ես, որ ոչ թէ ինքնորոշման հարցն է կարեւոր, այլ արցախահայերի իրաւունքները, նման յայտարարութիւնները շատանալու են, որովհետեւ դու թոյլ ես տալիս, որ թշնամին համարի, որ խնդիրը վերջացած է, եւ տարածքն իրենցն է։ Եթէ տարածքն իրենցն է, նշանակում է՝ իրենց տարածքում ունեն 120000 հայ բնակչութիւն։ Եւ բնական է, որ ուզում են բալանսի բերել ու Հայաստանում եւս ադրբեջանցիներ տեղակայել ու ստեղծել Հայաստանում ադրբեջանական համայնք։ Հիմա արւում են դա ստեղծելու առաջին քայլերը»։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։