«Հրապարակ»-ի հարցազրոյցը Արցախի նախկին պետնախարար Ռուբէն Վարդանեանի հետ:
«alikonline.ir» - «Հրապարակ»-ի հարցազրոյցը Արցախի նախկին պետնախարար Ռուբէն Վարդանեանի հետ:
- Պետնախարարի պաշտօնից Ձեզ հեռացնելուց անցել է 20 օրից աւելի։ Թւում էր, թէ Ձեր հեռացումից յետոյ Ադրբեջանը գոնէ մասնակիօրէն կը բացի ճանապարհը, սակայն մինչ օրս դա տեղի չի ունեցել։ Ինչո՞վ էք դա բացատրում։ Այսօր ի՞նչ գնահատական կը տայիք Ձեր հեռացման քայլին։ Արդեօ՞ք փետրւարի 23-ին Ձեր ասածն ուժի մէջ է, թէ՞ այսօր այլ կերպ կը մեկնաբանէք Ձեր հեռացումը։
- Ես փետրւարի 23-ին էլ ասացի, որ ինձ պաշտօնից ազատելը ճիշտ քայլ չէ, քանի որ ինձ համար պարզ էր, որ այն չի լուծելու մեր առջեւ ծառացած խնդիրները եւ մարտավարական տեսանկիւնից սխալ է: Առաւել եւս, որ հանրութեան զգալի մասի մօտ համոզմունք կար, որ որոշումը նաեւ արտաքին պարտադրանքի արդիւնք էր։ Իմ գնահատականն այսօր էլ նոյնն է: Ինչ վերաբերում է Ադրբեջանի գործողութիւններին, ապա բոլորս շատ լաւ հասկանում ենք, որ խնդիրը ճանապարհը բացելը կամ չբացելը չէ: Ադրբեջանի իրական նպատակն Արցախում էթնիկ զտումն է: Ես անգամ չեմ ուզում արտաբերել ադրբեջանական կողմի տերմինը, որը նրանց իրական նպատակի հետ ոչ մի կապ չունի: Դա նրանք յատուկ են օգտագործում՝ նաեւ միջազգային հանրութեանը մոլորեցնելու համար: Եւ մեր գլխաւոր խնդիրը պէտք է լինի այն, թէ ինչպէս ենք դիմակայելու այդ մարտահրաւէրներին:
- Դուք աննահանջ պայքարի կողմնակից էք։ Ինչպէ՞ս էք գնահատում Ադրբեջանի պահւածքը եւ ի՞նչ լուծում էք տեսնում այս պահին։ Ձեր ասած պայքարը կոշտ մեթոդներ չի՞ ենթադրում։ Արդեօ՞ք բաց թողնւած հնարաւորութիւններ չկան բլոկադայի առաջին փուլում։
- Ես անկախ, արցախցիների ինքնորոշման իրաւունքի հիման վրայ կազմաւորւած՝ անվտանգ, ազատ, արժանապատիւ, հայկական Արցախի կողմնակից եմ: Իսկ դրա համար մենք չենք կարող ձեռքներս ծալած նստել, պէտք է պայքարենք: Պայքարը, նախեւառաջ, սեփական արժանապատւութիւնը պաշտպանելու պատրաստակամութիւնն է: Առիթներ ունեցել եմ ասելու եւ կը կրկնեմ. իմ ընկալումով պայքարը նշանակում է՝ գտնել մեր ամենախոցելի տեղերը եւ դրանք նւազագոյնի հասցնել, ինչպէս նաեւ գտնել մեր առաւելութիւններն ու դրանք ուժեղացնել: Ու սա պէտք է դառնայ մեր կեանքի գերակայութիւնը: Այսինքն, անենք քայլեր, որոնք մեզ աւելի ուժեղ են դարձնելու. դա նաեւ արդիւնաւէտ կառավարումն է, դա Արցախում անարդարութեան շատ սուր զգացողութեան յաղթահարումն է, որի ճանապարհը, իմ համոզմամբ, որոշումների ընդունման թափանցիկութիւնն է, դա ժողովրդի հաւատի ու վստահութեան վերականգնումն է ոչ միայն սեփական ուժերի, այլեւ՝ առաջնորդների նկատմամբ: Սրանք մեր ժողովրդի իմունիտետի բարձրացմանն ուղղւած քայլերն են: Մենք հիմա այնպիսի իրավիճակում ենք, որ մեզ այս ամէնն օդի պէս անհրաժեշտ է, քանի որ երբ մենք հոգեպէս ընկճւած ենք, չենք հաւատում ոչնչի, մեզ աւելի հեշտ է կոտրելը: Մեզ համար հիմա շատ կարեւոր է գաղափարի շուրջ համախմբելը: Երբ յստակ նպատակ ունես, գիտես յանուն ինչի ես պայքարում, դա մեծ ուժ է տալիս: Ես ուրախ եմ, որ իմ շփումները ղեկավար պաշտօնեաների, հանրութեան բոլոր շերտերի ներկայացուցիչների հետ օգնեցին սահմանել մեր «կարմիր գծերը»: Յուսով եմ, որ նախեւառաջ Արցախի ղեկավարութեան համար այդ «կարմիր գծերը» միշտ անխախտելի են լինելու։ Ու մենք հետեւողական ենք լինելու, որպէսզի յայտարարւած «կարմիր գծերը» պահպանւեն, քանի որ դրանց ցանկացած խախտում բերելու է հայկական Արցախի կորստի: Ինչ վերաբերում է բլոկադայի առաջին փուլին, ապա, բնականաբար, այն շատ բարդ էր` ցուրտ ձմեռ, գազամատակարարման եւ էլեկտրաէներգիայի անջատումներ, պարենային, առողջապահական ճգնաժամ, ամէն օր ի յայտ եկող նոր խնդիրներ, բայց չէի ասի, որ եղել են բաց թողնւած հնարաւորութիւններ: Բազմաթիւ նւիրեալ մարդկանց օրուգիշեր աշխատանքի շնորհիւ ոչ միայն յաջողւեց խուսափել կոլապսից, այլեւ համակարգային աշխատանք իրականացնել, օրինակ, ինւենտարիզացիա անել, հասկանալ՝ ինչ ունենք եւ ինչ չունենք, մի շարք ուղղութիւններով տւեալների բազաներ ստեղծել, որոնք, իհարկէ, թոյլ են տալու հետագայում աւելի արդիւնաւէտ կերպով ծրագրեր իրականացնել:
- Դուք ջանքեր գործադրեցիք՝ դիմելու միջազգային հանրութեանը, հեղինակաւոր լրատւամիջոցներին հարցազրոյցներ տւեցիք, եղաւ Հաագայի դատարանի որոշումը, սակայն իրավիճակը չփոխւեց։ Շարունակում էք մտածել, որ հարցի լուծումը միջազգային ճնշո՞ւմն է, թէ՞ մենք միայն մեզ վրայ պէտք է յոյս դնենք։
- Միշտ եմ ասել, որ առաջին հերթին, իհարկէ, մենք մեր յոյսը մեզ վրայ պէտք է դնենք ու աշխատենք բոլոր ուղղութիւններով: Նախ, մենք պէտք է պատրաստ լինենք պայքարի, ինքներս մեզնից կախւած ամէն ինչ անենք, ցոյց տանք աշխարհին, որ ողջ ուժով պայքարում ենք մեր կենսական նպատակի համար, յետոյ միայն աջակցութիւն ակնկալենք: Ձեռքերը ծալած նստողներին սովորաբար ոչ ոք չի ուզում օգնել: Օգնում են այն ժամանակ, երբ դու 100 տոկոսով ներդրւել ես արդէն: Համոզւած եմ, որ այսպիսի մտածելակերպ որդեգրելով, մենք շատ բանի կը հասնենք: Ես կտրականապէս չեմ ընդունում այն մօտեցումները, թէ մենք փոքր ենք, թոյլ ենք, չենք կարող: Սա ինձ համար անընդունելի է: Ընդհակառակը՝ ժողովրդին հաւատ ու վստահութիւն պէտք է ներշնչել ու ճիշտ առաջնորդել: Շրջափակման ժամանակ ես տեսայ եւ հիմա էլ տեսնում եմ, թէ որքան անկոտրում է արցախցին, ինչ ուժ ու տոկունութիւն ունի: Այսպիսի ժողովուրդ ունենալով՝ անհնար է չյաղթել: Ոգի ու կամք ունեցող, սեփական հողի վրայ իր ապրելու իրաւունքի համար պայքարող ժողովրդին անհնար է կոտրել: Իմ պաշտօնավարման ընթացքում մենք նախանշել էինք 6 ուղղութիւն, որոնցով արդէն նաեւ որոշակի քայլեր էինք սկսել անել: Դրանք էին՝ Արցախի սուբիեկտայնութեան, անվտանգութեան, պետական եւ ֆինանսական կառավարման, տնտեսութեան եւ ենթակառուցւածքների, սոցիալ-առողջապահական եւ կրթական, գաղափարախոսական-մշակութային ուղղութիւններով զուգահեռ աշխատանքները, որոնց իրականացումն ու սիներգիան յանգեցնելու են Արցախի դիմադրողականութեան բարձրացմանը: Այդ 3 ամիսների ընթացքում Արցախի վերաբերեալ եղել է մօտ 40 հազար հրապարակում, այդ թւում՝ միջազգային առաջատար լրատւամիջոցներում, աշխարհին հասցւել է, որ Արցախում ապրում է 120 հազար հայ (այլ ոչ թէ Ադրբեջանի կեղծ թւերը), դեկտեմբերի 25-ի հանրահաւաքի կադրերը տարածւել են աշխարհով մէկ, որին շուրջ 60 հազար մարդ էր մասնակցում: Դա, իհարկէ, ազդեցութիւն է ունեցել նաեւ միջազգային ասպարէզում: Ես հաւատում եմ միայն, որ իրավիճակը հնարաւոր է փոխել այս բոլոր ուղղութիւններով շատ լուրջ, պրոֆեսիոնալ, օրուգիշեր տքնաջան աշխատանքով, համահայկական ներուժի, մեր բարեկամների ներուժի ներգրաւմամբ: Մենք իսկապէս բարդ խնդրի առջեւ ենք, իսկ բարդ խնդիրները լուծման հեշտ ճանապարհներ չունեն:
- Ի՞նչ շփումներ ունէք այս պահին Արցախի իշխանութիւնների հետ, Ձեր ներկայութիւնն Արցախում նշանակում է նաեւ պետական կառավարմանը մասնակցութի՞ւն, թէ՞ Դուք միայն հանրային գործունէութիւն էք ծաւալում այս պահին։
- Անցած տարի մենք ստեղծեցինք «Արցախի անվտանգութեան եւ զարգացման ճակատ» շարժումը՝ Արցախի շուրջ մարդկանց ջանքերը կենտրոնացնելու համար, իսկ յետոյ հիմնւեց «Մենք ենք, մեր սարերը» տարածքային զարգացման գործակալութիւնը, որի միջոցով էլ հիմնականում իրականացնում ենք Արցախի աջակցութեան ծրագրերը: Այս ընթացքում գործակալութեան նւիրատուների աջակցութեամբ աւելի քան 4 մլն դոլարի ծրագրեր են իրականացւել հիմնականում երկու՝ ռազմավարական բնոյթի նախաձեռնութիւնների եւ հանրային նշանակութեան ծրագրերի ուղղութեամբ: Երկրորդ խմբի ծրագրերն ուղղւած են եղել ճգնաժամի պայմաններում Արցախի բնակչութեան առաջնահերթ խնդիրների լուծմանը: Արցախ տեղափոխւելու ժամանակ իմ նպատակներից մէկն այն էր, որ պետական-մասնաւոր համագործակցութեան արդիւնաւէտ մոդելը կեանքի կոչւի: Հիմա գործակալութեան կողմից պետութիւն-մասնաւոր գործընկերութեամբ մի շարք ծրագրեր են իրականացւում, որոնք վերաբերում են թէ՛ Արցախի պետական պահուստի համալրմանը, թէ՛ հեռահաղորդակցութեան ոլորտին, թէ՛ էներգետիկ անվտանգութեան առումով նոր հնարաւորութիւնների ստեղծմանն ու բնակարանային խնդիրների լուծմանը: Այս ծրագրերն իրականացնելու գործում մենք, իհարկէ, շարունակելու ենք համագործակցել պետութեան, տարբեր պետական մարմինների հետ, քանի որ մեզ համար ամենակարեւորն Արցախի զարգացումն ու անվտանգութիւնն է: Փոքր Արցախում մենք լուրջ մարտահրաւէրների առաջ ենք կանգնած: Դրանց դիմակայելը համակարգւած աշխատանք ու բոլոր ուժերի կենտրոնացում է պահանջում: Պէտք է ընդունենք, որ միայն կառավարութիւնն ի զօրու չէ իրականացնել այդ աշխատանքները. սա հնարաւոր է անել բոլոր՝ մասնաւոր, հանրային ռեսուրսների համախմբման, հայկական աշխարհի ներուժի ներգրաւման միջոցով: Ի դէպ, ուժերի կենտրոնացման լաւ օրինակ էր նաեւ Օպերատիւ շտաբը, որտեղ ընդգրկւած էին ոչ միայն գործադիրի, այլեւ օրէնսդիրի, հանրային ու մասնաւոր հատւածի ներկայացուցիչներ, որոնք իրենց ջանքերը միաւորել էին՝ ճգնաժամի ժամանակ արդիւնաւէտ լուծումներ գտնելու համար:
- Շատերը սպասում էին, որ Դուք տեղափոխւելու էք Հայաստան եւ այստեղ էք քաղաքական գործունէութիւն ծաւալելու։ Նման մտադրութիւն չունէ՞ք։
- Ես Արցախում եմ անցեալ տարւայ սեպտեմբերի սկզբից: Նման որոշում կայացրեցի, քանի որ հասկացայ, թէ որքան մեծ է Արցախը կորցնելու ռիսկը: Մենք պէտք է հասկանանք, որ Արցախի խնդիրը միայն արցախահայութեան խնդիրը չէ, այն ողջ հայկական աշխարհի խնդիրն է, ողջ հայութեան արժանապատւութեան հարցը: Պէտք է յստակ հասկանալ, որ Արցախը Հայաստանի անվտանգութեան եւ հետագայ զարգացման գրաւականը եւ բաղկացուցիչ մասն է։ Այս տեսանկիւնից եմ դիտարկում Արցախի նշանակութիւնը ողջ հայկական աշխարհի համար։ Ինքս ինձ համար որոշեցի, որ իմ ուժերի սահմաններում հնարաւոր եւ անհնար ամէն ինչ պէտք է անեմ, որպէսզի Արցախը հայկական մնայ, որովհետեւ ես չեմ ուզում լինել այն սերնդի ներկայացուցիչը, որը կորցնում է Արցախը: Իմ գերնպատակը սա է: Իմ բոլոր ուժերը կենտրոնացած են այդ ուղղութեամբ:
- Առաջիկայ խոշոր քաղաքական իրադարձութիւնը Երեւանի ընտրութիւններն են։ Կարծիք կայ, որ Երեւանում յաղթողի առաջ բացւելու է դէպի իշխանութիւն տանող ճանապարհը։ Բայց դրա համար հարկաւոր է, որ ընդդիմադիր դաշտը կոնսոլիդացւի եւ Երեւանում յաղթող թեկնածու առաջադրի։ Դուք դրա հնարաւորութիւնը տեսնո՞ւմ էք։ Արդեօ՞ք Մանէ Թանդիլեանը յաղթող թեկնածու է։ Երեւանում առաջադրւելուն Ձեզ ի՞նչն է խանգարում։
- Մենք կանգնած ենք Արցախը կորցնելու իրական վտանգի առջեւ: Մենք՝ բոլորս, ամէն ինչ պիտի անենք՝ դա թոյլ չտալու համար: Մնացած ամէն ինչ այս պահին անկարեւոր է թւում: Միեւնոյն ժամանակ ուժեղ, հզօր, լեգիտիմ եւ պրոֆեսիոնալ մարդկանցով համալրւած պետական ինստիտուտներն արդիւնաւէտ կերպով կը նպաստեն մեր նպատակների իրագործմանը։ Այս առումով Երեւանի աւագանու առաջիկայ ընտրութիւնները, իհարկէ, կարեւոր նշանակութիւն են ունենալու։ Կը գայ ժամանակը, եւ, համոզւած եղէք, կը լինեն նաեւ կոնկրետ պատասխաններ եւ լուծումներ»։