Հա

Քաղաքական

19/03/2023 - 10:50

«Արցախն առանց Հայաստանի չեմ պատկերացնում». Ռուբէն Վարդանեան

Մարտի 18-ին Ստեփանակերտի Երիտասարդութեան պալատում կայացել է հանդիպում ԱՀ նախկին պետական նախարար Ռուբէն Վարդանեանի հետ: Հանդիպմանը, որին մասնակցում էին հասարակութեան տարբեր խաւերի ներկայացուցիչներ, քննարկւել է «Ինչպէ՞ս դառնալ առաջնորդ» թեման:

«alikonline.ir» - Մարտի 18-ին Ստեփանակերտի Երիտասարդութեան պալատում կայացել է հանդիպում ԱՀ նախկին պետական նախարար Ռուբէն Վարդանեանի հետ: Հանդիպմանը, որին մասնակցում էին հասարակութեան տարբեր խաւերի ներկայացուցիչներ, քննարկւել է «Ինչպէ՞ս դառնալ առաջնորդ» թեման: Տեղեկացնում է «Ապառաժ»-ը:

Ռ. Վարդանեանը նշել է, որ մեր մէջ որոշում չկայացնելու, պատասխանատւութիւն չվերցնելու միտում կայ: «Մեղադրում ենք մեր ծնողներին, որ ուղարկեցին մեր չուզած այն համալսարանը, ամուսնացանք մի մարդու հետ, որին չէինք հաւանում: Ցաւօք սրտի, վախենում ենք որոշում կայացնելուց: Այստեղից է գալիս գոյատեւելու ու ապրելու միջեւ ընտրութիւն կատարելը»,- ասել է նա: Նա շեշտել է, որ որոշում կայացնելու պատրաստ մարդիկ պէտք է պայքարեն, որ Արցախը չկործանւի. «Ինձ համար միեւնոյնն է՝ ես պաշտօնի եմ թէ ոչ, մենակ կը լինեմ, թէ ինձ կը միանան, բայց որոշում կայացնելուց յետոյ ամէն ինչ հեշտ է դառնում: Դժւար որոշում է, չկայ յետ դառնալու հնարաւորութիւն, այդ ճանապարհին հնարաւոր է զոհւես, բայց դա աւելի լաւ է, քան թէ կորցնես արժանապատւութիւնը կամ քո հայրենիքը»:

Ռ. Վարդանեանի խօսքով՝ պայքարը միայն զէնք վերցնելը չէ, պայքարել նշանակում է ամէն օր արթնանալ եւ հարցնել, թէ ինչ պիտի անեմ, ինչ կարող եմ անել Արցախի համար:

Նա զուգահեռներ է անցկացրել մէկ դար առաջ տեղի ունեցած իրադարձութիւնների հետ, նշել, որ Նժդեհը 100 տարի առաջ նոյն բաների մասին էր ասում, ինչպէս սկզբից մարդիկ իրեն չէին ընդունում, նրան էլ Երեւանից հրահանգում էին զէնքը վայր դնել:

Ռուբէն Վարդանեանը պատասխանել է ներկաների բազմաթիւ հարցերին, որոնք վերաբերում էին Արցախի ապագային, պայքարի ուղիներին, տարբեր հարցերի շուրջ նրա դիրքորոշմանը:

Անդրադառնալով Արցախի հետագայ կարգավիճակի մասին հարցին՝ նշել է, որ Արցախն առանց Հայաստանի չի պատկերացնում. «Իմ հասկացողութեամբ Արցախը Հայաստանի մարզ լինել չի կարող, կարող է լինել ֆեդերացիայի մէջ, յատուկ կարգավիճակում լինել: Բայց դա չի նշանակում, թէ Արցախը պիտի Հայաստանից առանձին լինի, պիտի գտնւի այն մոդելը, որը կը շեշտի Արցախի իւրայատուկ մշակութային, պատմական առանձնայատկութիւնը: Հայաստանը մեր մայր հայրենիքն է, բայց Հայաստան պետութիւնն ու իշխանութիւնը տարբեր բաներ են: 30000 տղաներ կամաւոր եկել են այստեղ կռւելու, մենք սա չենք կարող մոռանալ: Մենք պէտք է ազդենք, որ Հայաստանի դիրքորոշումը փոխւի Արցախի հարցում: Դա առանձին մեծ աշխատանք է: Դժւար, ծանր գործ է, բայց պէտք է աշխատենք»:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։