Հա

Քաղաքական

21/03/2023 - 14:00

Արցախը առանցք դարձնելը՝ անշրջելի հրամայական

Մի քանի օրից լրանում է Արցախի շրջափակման  100 օրը, իսկ մի քանի օր առաջ տօնեցինք ազատագրական պայքարի սկիզբն ազդարարող փետրւարեան զարթօնքի 35-ամեակը: Պայքարը շարունակւում է:

Մի քանի օրից լրանում է Արցախի շրջափակման  100 օրը, իսկ մի քանի օր առաջ տօնեցինք ազատագրական պայքարի սկիզբն ազդարարող փետրւարեան զարթօնքի 35-ամեակը: Պայքարը շարունակւում է:

Այս օրերի եւ այս տարիների ընթացքում շատ անգամներ առիթ է եղել խորհելու, վերաիմաստաւորելու համար պայքարի նպատակն ու ցանկալի վերջնաարդիւնքը: Յատկապէս դժւարին պահերին, երբ թւում է, թէ հաւաքական տոկունութիւնը տեղիք է տալիս, հարկ է մէկ անգամ եւս վերաթարմացնել մղիչ ուժը:

Իրոք, ո՞րն է մեր պայքարի ուղին, եթէ երկու բառով, ապա՝ ազգային-ազատագրական պայքարը: Ինչպէս իւրաքանչիւր ազգի, հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարի նպատակը իր հայրենիքում ազատ ու անկախ ապրելու, զարգանալու եւ ստեղծագործելու իրաւունքի իրացումն է: Իսկ այդ իրաւունքի իրացման անհրաժեշտ եւ անշրջադարձելի պայմանը սեփական կառավարման համակարգի՝ հայկական պետականութեան առկայութիւնն է:

Այս դիտանկիւնից Արցախեան ազատագրական պայքարը հայ ժողովրդի իղձերի իրականացման կարեւոր մի հանգրւան է, որը մեր, մեր հայրերի եւ մեր զաւակների արեամբ եւ քրտինքով միս ու արիւն է ստացել եւ դարձել համահայկական յաղթանակի, ազգային գաղափարի ներուժի սնուցման աղբիւր:

Այն, որ Արցախը վերջին 30 տարիների ընթացքում համայն հայութեան մտասեւեռման եւ համախմբման  խորհրդանիշն է եղել, անժխտելի է: Իսկ այն ապազգային հոսանքը, որը ցանկանում է առօրեայից հանել Արցախը եւ համահայկական օրակարգը ձեւավորել առանց Արցախի, այլ բան չէ, եթէ ոչ թշնամու ջրաղացին ջուր լցնել: Մի քաղաքականութիւն, որով այսօր զբաղւած են Հայաստանի իշխանութիւնները՝ Փաշինեանի գլխաւորութեամբ: Ապազգային են այն գաղափարները, որոնք սերմանում են այսօրւայ ՀՀ իշխանութիւնները. Հայաստանը միայն 29000 կմ չէ, Հայաստանը միայն Հայաստանում ապրող հայերի հայրենիքը չէ:

Հայկական կոչւող պետութիւնը պէտք է հոգայ ու տէրը լինի իր ազգային առաքելութեանը: Հայ ժողովուրդը հայկական պետութեանն է պատւիրակել իր իղձերի իրականացման առաքելութիւնը: Այս դրոյթն ամրագրւած է հայկական զոյգ պետութիւնների հռչակագրերում:

Շրջափակման 100 օրւայ շեմին, պայքարը խորհրդանշող դիմադրութեան, այս հանգրւանում՝ Արցախի շուրջ համահայկական համախմբումը, Արցախը առանցք դարձնելը, Արցախով հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարը մէկ անգամ եւս վերաիմաստաւորելը անշրջելի հրամայական  է:

 

«Ապառաժ»-ի խմբագրական

17 մարտի, 2023թ.

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։