Հա

Քաղաքական

22/03/2023 - 12:40

«100-օրեայ շրջափակումը կրկին յիշեցնում է՝ Արցախի համար պայքարելու ենք միշտ, քանի կանք ու ապրում ենք»․ Ռուբէն Վարդանեան

Արցախի նախկին պետնախարար Ռուբէն Վարդանեանն իր ֆէյսբուքեան էջում գրում է.

«alikonline.ir» - Արցախի նախկին պետնախարար Ռուբէն Վարդանեանն իր ֆէյսբուքեան էջում գրում է.

«Ադրբեջանը հարիւր օր առաջ Արցախը Հայաստանին ու արտաքին աշխարհին կապող միջանցքը փակելով նպատակ ունէր մեկուսացնել մեզ` այստեղ ապրող հայերիս: Դա ճնշման գործիք էր մեզ խեղճացնելու, մեր կամքը կոտրելու ու Արցախից մեզ դուրս հանելու համար: Բայց Ադրբեջանը ոչ միայն չհասաւ իր նպատակին, այլեւ այդ քայլն ունեցաւ հակառակ արդիւնք: Դա սթափեցրեց մեզ բոլորիս, եկաւ յիշեցնելու, որ մենք, մեր բոլոր տարբերութիւններով հանդերձ, նոյն նպատակն ունենք՝ արժանապատիւ ու խաղաղ ապրել մեր հայրենիքում:

Այս 100-օրեայ շրջափակման ընթացքում կարող ենք արձանագրել հետեւեալը.

1. Դիմադրութիւն: Չնայած զրկանքներին ու ծանր ձմռանը՝ Արցախի ժողովրդի բացառիկ տոկունութիւնն ու անկոտրում կամքը ցոյց տւեց, որ իրենք պատրաստ են դիմադրել ճնշումներին ու շարունակել 35 տարի առաջ սկսւած պայքարը:

2. Համախմբում: Ճգնաժամը մեզ համար համախմբման իւրայատուկ ժամանակահատւած դարձաւ: Դեկտեմբերի 25-ի հանրահաւաքով ժողովուրդը ցոյց տւեց, որ պատրաստ է համախմբման:

3. Արժանապատիւ դիմակայում։ Մեր տղաները մարտի 5-ին արժանի հակահարւած տւեցին ադրբեջանական ահաբեկչական գործողութիւններին՝ ցոյց տալով, որ եթէ պայքարում ես ոգով ու կամքով, քեզ յաղթել հնարաւոր չէ։ Այդ արժանապատւութեան օրինակով մենք պէտք է առջանորդւենք։

4. Միջազգային ուշադրութիւն: Մենք կարողացանք գրաւել միջազգային հանրութեան, տարբեր երկրների եւ միջազգային կառոյցների ուշադրութիւնը, լսելի դարձնել Արցախի ձայնը աշխարհում:

5. Կողք կողքի, բայց ոչ միասին: Ադրբեջանի այս գործողութիւնները ցոյց տւեցին, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի ենթակայութեան ներքոյ: Արցախի կարգավիճակը պէտք է որոշւի այստեղ ապրող մարդկանց կամարտայայտման իրաւունքի իրացման հիման վրայ:

6. Սփիւռքի արձագանգ: Արցախի ուժը Հայկական աշխարհին ստիպեց աւելի մեծ ուշադրութիւն դարձնել Արցախին եւ տարբեր հարթակներում բարձրացնել Արցախի հարցը:

7. Արցախի հարցն Ադրբեջանի ներքին խնդիրը չէ: Ադրբեջանին չյաջողւեց հասնել իր ծրագրերի իրականացմանը եւ ցոյց տալ, որ Արցախի հարցն իր ներքին խնդիրն է:

8. Միջազգային դատապարտում: Միջազգային մի շարք կառոյցներ դատապարտեցին Ադրբեջանի գործողութիւնները, Մարդու իրաւունքների եւրոպական դատարանն ու ՄԱԿ-ի արդարադատութեան դատարանը որոշում կայացրեցին՝ պահանջելով անյապաղ վերականգնել Հայաստանի հետ կապը:

9. Ինւետարիզացիա: Ճգնաժամը թոյլ տւեց գնահատել մեր թոյլ կողմերը եւ հասկանալ, թէ ինչ է պէտք է անել՝ դրանք ուժեղացնելու համար:

10. Բացթողումներ: Ի յայտ եկաւ նաեւ «հարց լուծողներ» եւ «իրավիճակից օգտւողների» մի զանգւած, որոնք այդպէս էլ չգնահատեցին եւ չհասկացան իրավիճակի ողջ լրջութիւնը:

11. Խուսափում կոլապսից: Ծանր ձմռան, էներգետիկ ճգնաժամի, միւս բոլոր ոլորտներում առաջացած դժւարութիւնները հնարաւոր եղաւ յաղթահարել առանց կոլապսի:

100 օր առաջ սկսւած ու շարունակւող շրջափակումը մեզ կրկին յիշեցնում է՝ Արցախի համար պայքարելու ենք միշտ, քանի կանք ու ապրում ենք: Մեր ճանապարհը հեշտ չէ, բայց դա նաեւ մեզ սովորեցրել է լինել աներեւակայելի յամառ: Սա հերթական անգամ ցոյց տւեց նաեւ, որ արցախեան հարցը ոչ միայն Արցախում ապրող հայերի, այլ ողջ հայութեան հարցն է: Ես աւելի քան վստահ եմ, որ եթէ մենք գործենք Արցախ, Հայաստան, Սփիւռք միասնութեան մէջ՝ յստակ նպատակով ու տեսլականով, մեզ յաղթել ոչ ոք չի կարողանայ»:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։