Հա

Քաղաքական

23/03/2023 - 08:30

Արամ Մանուկեանի ծննդեան 144-ամեակին նւիրւած ցուցահանդէս Ստեփանակերտում

Արամ Մանուկեանի  ծննդեան 144-ամեակի առթիւ Ստեփանակերտի մշակոյթի եւ երիտասարդութեան պալատում ցուցահանդէս է կազմակերպւել ԱՀ կրթութեան, գիտութեան, մշակոյթի եւ սպորտի նախարարութեան մշակութային ժառանգութեան եւ ժողովրդական արհեստների բաժնի կողմից:

«Ամէն ոք իր մասին է մտածում, իր երկրի սահմաններից այն կողմ եթէ նայող կայ, նայում է միայն յանուն իր շահերի: Ոչ ոք ոչ մի մարդ չի ուղարկի տաճկական ճակատ՝ տուն գնացող ռուսներին փոխարինելու: Եթէ ընդահուր ուժերով ճակատ պահելու խօսք է լինում, դա լոկ խօսք է՝ զուրկ իրական խօսքից ու անկեղծութիւնից: Հայերով ոչ ոք չի հետաքրքրւում շօշափելի օգնութիւն հասցնելու մտքով: Դրա հակառակը՝ կայ դաւադրական վերաբերմունք: Մենակ ենք եւ պէտք է ապաւինեք միայն մեր ուժերին՝ թէ ճակատը պաշտպանելու եւ թէ երկրի ներսը կարգ հաստատելու համար»:

Հայկական պետականութեան հիմնադիր, ՀՅԴ անդամ, ականաւոր պետական, քաղաքական, ռազմական գործիչ Արամ Մանուկեանի խօսքերն են, որոնք արդիական են նաեւ մեր օրերում: Նրա ծննդեան 144-ամեակի առթիւ Ստեփանակերտի մշակոյթի եւ երիտասարդութեան պալատում ցուցահանդէս է կազմակերպւել ԱՀ կրթութեան, գիտութեան, մշակոյթի եւ սպորտի նախարարութեան մշակութային ժառանգութեան եւ ժողովրդական արհեստների բաժնի կողմից:

Հայաստանի Առաջին Հանրապետութեան հիմնադիր հայր Արամ Մանուկեանի մասին խօսք է ունեցել ԱՀ ԿԳՄՍ նորանշանակ նախարար Նորայր Մկրտչեանը: «Հաղորդակցւելով նրա յիրաւի հերոսական կենսագործունէութեանը, որի աշխարհագրութիւնը ձգւում է Բաքւից մինչեւ Կարս, Վանից մինչեւ Երեւան, կարող ենք աներկբայօրէն հաստատագրել, որ Արամ Մանուկեանը մեզ եւ գալիք սերունդներին աւետել է մի մեծագոյն ազգային կենսաբարոյական նշանակութեան պատգամ՝ այն է ապաւինել միայն ու միայն մեր սեփական ուժերին, երբեք չվհատւել, շարունակել պայքարը՝ յանուն ազատութեան եւ անկախութեան՝ մինչեւ յաղթական աւարտ: Ասել է թէ՝ եթէ ուզում ես քո նւիրական հայրենիքում ապրել խաղաղ ու երջանիկ, եթէ ուզում ես տէրը լինել քո նախնիններից ժառանգած սրբութիւններին եւ սրբարաններին, ուրեմն յանուն այդ արժէքների պատրաստ եղիր կատաղի եւ անզիջում պայքարի: Եւ Արամ Մանուկեանը գործնականում երկու անգամ ապացուցեց Գ. Նժդեհի առաջ քաշած այն հիմնադրոյթի անառարկելի ճշմարտութիւնը, ըստ որի՝ մեզ անհրաժեշտ ուժը պէտք է փնտրել միայն մեր մէջ»,- նշել է նախարարը:

Նրա խօսքով՝ մտովի վերապրելով այդ անասելի ծանր, ճակատագրական, սպառնալիքներով ու զրկանքներով լի իրադարձութիւնները, կարող ենք վճռականօրէն բարձրաձայնել, որ այսօր ապրելով Արցախում, մեր մեծ սրբավայրում հերթական անգամ ի վիճակի ենք կերտել այն նոյն հրաշքը, որը ժամանակին կերտւել է Վանում, Սարդարապատում, Շուշիում:

Արամ Մանուկեան պետական, կուսակցական գործչի մասին ելոյթներով հանդէս են եկել ԱՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Լեռնիկ Յովհաննիսեանը, ՀՅԴ Բիւրոյի անդամ, ԱՀ ԱԺ ՀՅԴ խմբակցութեան պատգամաւոր Դաւիթ Իշխանեանը, ԱՀ ԿԳՄՍ նախարարութեան աշխատակազմի ազգային փոքրամասնութիւնների եւ կրօնի հարցերի բաժնի պետ Աշոտ Սարգսեանը:

Վերջինիս խօսքով՝ Արամ Մանուկեանն առաջին հերթին եղել է ՀՅ Դաշնակցութեան գործիչ եւ դա է պատճառը, որ մինչեւ հիմա Արամ Մանուկեանի անւան փողոց չունենք Ստեփանակերտում. «Ժամանակին, երբ ապամոնտաժւեց Լենինի արձանը, խնդիր առաջացաւ նաեւ Լենինի փողոցը վերանւանել: Այդ ժամանակ ես Արամ Մանուկեան ենթակոմիտէի նախագահն էի, առաջարկեցինք, որ Լենինի փողոցը վերանւանւի Արամ Մանուկեանի անունով, որովհետեւ Լենինը հանդիսանում էր Սովետական միութեան հիմնադիրը, իսկ Արամ Մանուկեանը՝ ազատ ու անկախ Հայաստանի հիմնադիրը: Բնականաբար այն ժամանկւայ ՀՀՇ-ի ներկայացոցիչները դէմ էին եւ նրանց կողմնակից էին նաեւ կոմունիստները: Որպէս միջանկեան տարբերակ առաջարկեցին «Երեւանեան փողոց» անւանումը, այնուհետեւ Վազգէն Սարգսեանի եղերական մահից յետոյ փողոցը կոչւեց նրա անունով: Այս պահին մենք մեր հանրապետութեան մայրաքաղաքում չունենք Արամ Մանուկեանի անունով փողոց»,- ասաց Աշոտ Սարգսեանը՝ առաջարկելով Զորգէ փողոցը վերանւանել Արամ Մանուկեանի անունով, նրա անւամբ զգօսայգի կառուցել:

Ցուցահանդէսը կը գործի երկու շաբաթ:

Arfd.am

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։