Ադրբեջանի զինւած ուժերը, հերթական անգամ ոտնահարելով 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ յայտարարութեամբ ստանձնած պարտաւորութիւնները, մարտի 25-ին Շուշի-Լիսագոր հատւածում խախտել են նոյն փաստաթղթով ամրագրւած շփման գիծը եւ որոշակի դիրքային առաջխաղացում ապահովել Արցախի Հանրապետութեան տարածքում: Տեղեկացնում է Արցախի տեղեկատւական շտաբը։
«alikonline.ir» - Ադրբեջանի զինւած ուժերը, հերթական անգամ ոտնահարելով 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ յայտարարութեամբ ստանձնած պարտաւորութիւնները, մարտի 25-ին Շուշի-Լիսագոր հատւածում խախտել են նոյն փաստաթղթով ամրագրւած շփման գիծը եւ որոշակի դիրքային առաջխաղացում ապահովել Արցախի Հանրապետութեան տարածքում: Տեղեկացնում է Արցախի տեղեկատւական շտաբը։
Արցախի Հանրապետութեան իշխանութիւնները եռակողմ յայտարարութեան դրոյթների հերթական կոպիտ խախտման մասին անմիջապէս տեղեկացրել են ՌԴ խաղաղապահ զօրակազմի հրամանատարութեանը՝ հաշւի առնելով տւեալ փաստաթղթով նրանց ստանձնած առաքելութիւնն ու գործառոյթները: Իշխանութիւնները ակնկալում են խաղաղապահ զօրակազմից գործնական քայլեր ձեռնարկել տւեալ խախտման հետեւանքների վերացման ու նոր խախտումների կանխարգելման նպատակով:
Արցախի իշխանութիւնները քանիցս յայտարարել են, որ դեկտեմբերի 12-ից մեկնարկած շրջափակման պայմաններում տւեալ լեռնային ճանապարհն օգտագործւում է Ստեփանակերտի եւ Շուշիի շրջանի չորս համայնքների միջեւ քաղաքացիական ու հրատապ հաղորդակցութեան կազմակերպման համար, ինչն իրականացւում է բարձր մեքենաներով՝ հաշւի առնելով տեղանքի խիստ բարդ ու վտանգաւոր ռելիեֆը:
Իսկ Պաշտպանութեան բանակի գոյութիւնն ու բնականոն գործունէութիւնը որեւէ վտանգ չի ներկայացնում որեւէ մէկի հանդէպ, քանի որ նախատեսւած է բացառապէս ինքնապաշտպանութեան համար՝ նկատի ունենալով Արցախի ժողովրդի ֆիզիկական գոյութեան ու անվտանգութեան դէմ ուղղւած իրական ու անմիջական վտանգներն ու սպառնալիքները: