Հա

Քաղաքական

25/03/2023 - 17:00

Փաշինեանի ստորագրելիք փաստաթուղթը պատերազմը չի կանխելու

Նիկոլ Փաշինեանը միայն տարածքներ յանձնելու դիմաց է ստանում իր իշխանութիւնը պահպանելու երաշխիքները, ուստի դրանով է պայմանաւորւած այն, որ մի կողմից՝ մենք տեսնում ենք Արցախի պաշտպանութեան հարցում Հայաստանի իշխանութեան բացարձակ անգործութիւնը, ինչը, սակայն, բացակայում է, երբ խօսքը վերաբերում է սեփական իշխանութեան պահպանմանը։

«alikonline.ir» - Նիկոլ Փաշինեանը միայն տարածքներ յանձնելու դիմաց է ստանում իր իշխանութիւնը պահպանելու երաշխիքները, ուստի դրանով է պայմանաւորւած այն, որ մի կողմից՝ մենք տեսնում ենք Արցախի պաշտպանութեան հարցում Հայաստանի իշխանութեան բացարձակ անգործութիւնը, ինչը, սակայն, բացակայում է, երբ խօսքը վերաբերում է սեփական իշխանութեան պահպանմանը։

Այս ամէնը գալիս է ցոյց տալու, որ նպատակ է դրւած՝ ամէն գնով պահպանել սեփական իշխանութիւնը, այդ նպատակով հասարակութեան մէջ սերմանելով «ցանկացած զիջում նոր պատերազմից խուսափելու համար» կործանարար թէզը։

168TV-ի «Ռեւիւ» հաղորդաշարի եթերում, անդրադառնալով Հայաստանի եւ Արցախի անվտանգային խնդիրներին եւ դրանց լուծման ուղղութեամբ Հայաստանի իշխանութեան որդեգրած եւ իրականացւող քաղաքականութեանը, նման տեսակէտ յայտնեց ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Քրիստինէ Վարդանեանը՝ ընդգծելով.

«Այստեղ է, որ մարդիկ պէտք է հասկանան՝ սպասւողը ոչ թէ խաղաղութեան, այլ կապիտուլեացիայի պայմանագիր է, պէտք է տեսնեն, որ սպասւողը ոչ թէ կանխելու է պատերազմը, այլ այն մօտեցնելու է մեզ դրան՝ մեզ համար աւելի անբարենպաստ պայմաններում։ Այս պայմանագրով պատերազմը լինելու է Երեւանին մօտ տարածքում»,- ասաց Վարդանեանը՝ ընդգծելով՝ Հայաստանում գործում է մի իշխանութիւն, որն Ադրբեջանի հետ գնում է ժողովրդի թիկունքում պայմանաւորւածութիւնների ձեռքբերման՝ հանրութիւնից թաքցնելով, թէ ինչ է իրականում բանակցում Ադրբեջանի հետ, մասնաւորապէս, խաղաղութեան պայմանագիր կոչւածի համատեքստում։

«Բազմաթիւ անգամներ հարց է տրւել պատկան մարմիններին, թէ ի՞նչ է պահանջում Ադրբեջանի ղեկավարը Հայաստանից, ասւել է՝ ներկայացրէ՛ք դրւած պահանջները, բայց չեն արել, բանակցութիւնների իրական բովանդակութիւնը լրիւ գաղտնի է, անգամ պատգամաւորների՝ այդ ուղղութեամբ արւող հարցումներն են մնում անպատասխան, որովհետեւ գիտեն, եթէ հանրութեանը ներկայացնեն այդ պահանջները, պարզ կը դառնայ, որ «Արցախը տանք, հանգիստ ապրենք» թէզը մեռելածին է, որովհետեւ Ադրբեջանը նոր պահանջներ է ներկայացնում Հայաստանին»,- ասաց Վարդանեանը։

Պատգամաւորի խօսքով՝ բաց աղբիւրներից յայտնի է դառնում, որ, օրինակ, Տաւուշի գիւղերը, Երասխն Ադրբեջանի պահանջների կիզակէտում են, աւելին՝ յայտնի է, որ Ադրբեջանը խօսում է ռեպարացիաների մասին, իսկ դա նշանակում է, որ Հայաստանի քաղաքացիները պէտք է գումար վճարեն Ադրբեջանին։

«Այս բաց աղբիւրներում եղած տեղեկութիւնները եւս մէկ անգամ հիմք են տալիս իշխանութեանը հարցնելու՝ լա՛ւ, ի՞նչ էք պայմանաւորւել փակ դռների յետեւում, չէ՞ որ Ադրբեջանի ղեկավարի պահանջները միայն Արցախը Ադրբեջանի կազմում թողնելու մասին չեն։ Հարց է առաջանում, իսկ Գորիս-Կապան ճանապարհը մնալո՞ւ է Ադրբեջանին։ Նշեմ, որ ՊՆ հարցում եմ ուղարկել Ադրբեջանի կողմից Հայաստանում օկուպացւած տարածքների վերաբերեալ, տրւած պատասխանում Ադրբեջանի կողմից օկուպացւած տարածքների մէջ Գորիս-Կապան ճանապարհի 20 կմ-ը չկայ։ Լա՛ւ, էլ ի՞նչ այդպիսի բարձր մակարդակի պայմանաւորւածութիւն կայ, որի մասին հանրութիւնը չգիտի»,- ասաց ընդդիմադիր պատգամաւորը՝ շեշտելով՝ Փաշինեանը պայմանաւորւածութիւնների է գնում թշնամու կողմից ուժի գործադրման արդիւնքում, իսկ նման պայմաններում ձեռք բերւած պայմանաւորւածութիւններն առոչինչ պէտք է ճանաչւեն։

«Փաշինեանն Ադրբեջանի հետ պայմանաւորւածութիւն է ձեռք բերել ռազմական ուժի կիրառման ուղղակի ներգործութեան տակ, իսկ դա առոչինչ է»,- խօսքը եզրափակեց Վարդանեանը։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։