Հիմա իշխանութիւնը կրկնում է այն բոլոր գնահատականները եւ տեսակէտները, որոնք ընդդիմադիրներն արել են «Դիմադրութիւն» շարժման ժամանակ եւ դրանից յետոյ։
«alikonline.ir» - Հիմա իշխանութիւնը կրկնում է այն բոլոր գնահատականները եւ տեսակէտները, որոնք ընդդիմադիրներն արել են «Դիմադրութիւն» շարժման ժամանակ եւ դրանից յետոյ։ Այս մասին News.am-ի հետ զրոյցում ասաց «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Ագնեսա Խամոյեանը։
«Նիկոլ Փաշինեանը, թէեւ արդէն հինգ տարի է՝ իշխանութիւն է, սակայն իրեն պահել է դասական ընդդիմադիրի նման։ Պատգամաւոր Նիկոլ Փաշինեանի եւ վարչապետ Նիկոլ Փաշինեանի խօսոյթում մեծ փոփոխութիւն չկայ։ Երբեմն այնպիսի դժգոհութիւններ է յայտնում՝ կարծես իշխանութիւնը ոչ թէ ինքն է, այլ «Հայաստան» դաշինքը։ Վերջին յայտարարութիւններով արձանագրում է, որ կայ էսկալացիայի վտանգ։ Մենք դեռեւս նոյեմբերի 9-ից յետոյ էինք արձանագրել, որ Ղարաբաղեան հարցը չի լուծւել, Հայաստանի Հանրապետութեան սահմանների անվտանգութեան հարցը չի լուծւել։ Բայց ի տարբերութիւն ընդդիմութեան, պէտք է պատասխանել մէկ հարցի՝ իրենք ի՞նչ են անում այդ էսկալացիան կանխելու համար»,- նշեց Ագնեսա Խամոյեանը։
Պատգամաւորի խօսքով՝ հիմա իշխանութիւնը միայն արձանագրումներ է անում էսկալացիայի մասին, արձանագրում, որ Ալիեւը ցեղասպան քաղաքականութիւն է ցանկանում իրականացնել Արցախի մեր հայրենակիցների նկատմամբ։
«Փաշինեանը պէտք է պատասխանի՝ ի՞նչ է արել մինչեւ սեպտեմբերի 27-ը դա թոյլ չտալու համար, ինչ է արել նոյեմբերի 9-ից յետոյ դա թոյլ չտալու համար։ Իրենք, որ սիրում են խօսել, թէ ինչ է բանակցւել 20 տարում, չեն ասում, թէ, ի վերջոյ, ինչ են բանակցել այս հինգ տարիների ընթացքում։ Մենք ունենք իրավիճակ, որ լարւածութիւնն աճում է, բանակցութիւններում չի յաջողւում կողմերին գտնել ընդհանուր եզրեր, եւ սա այն դէպքում, որ հարցը լուծւելու է պայմանական Արեւմուտքի տարբերակով, որով իրենց տարբերակն այն է, որ Արցախը պէտք է լինի Ադրբեջանի կազմում։ Ինձ համար անհասկանալի է՝ ովքե՞ր են լինելու իրենք, ի՞նչ մեխանիզմ են գործի դնելու, որովհետեւ ակնյայտ է, որ լկտիացած Ադրբեջանին այս պահի դրութեամբ որեւէ բան չի խանգարում ռուս խաղաղապահների ներկայութեամբ անգամ իրավիճակը սրել։ Կարելի է արձանագրել, որ առանցքային հարցերի շուրջ չկան պայմանաւորւածութիւններ»,- ընդգծեց Խամոյեանը։