Հա

Քաղաքական

29/03/2023 - 10:10

«Ադրբեջանը յստակ գիտի՝ ՀՀ իշխանութիւնից ի պաշտպանութիւն Արցախի եւ որպէս այդպիսին իրեն խոչընդոտ չի ունենալու». Յակոբեան

Թշնամու առաջխաղացման, ակտիւացման պատճառների, նման իրավիճակում Արցախի Հանրապետութեան կառավարութեան կողմից վարւող քաղաքականութեան ու արցախցիների տրամադրութիւնների մասին Panorama.am-ը զրուցել է Արցախի Հանրապետութեան ԱԺ «Արդարութիւն» խմբակցութեան պատգամաւոր Մետաքսէ Յակոբեանի հետ։ 

«alikonline.ir» - Վերջին շաբաթների ընթացքում Արցախի Հանրապետութեան ներքին գործերի նախարարութիւնը պարբերաբար հաղորդում է, որ ադրբեջանական մարտական դիրքերից կրակում են գիւղատնտեսական աշխատանքներ իրականացնող քաղաքացիների ուղղութեամբ։ Ռուսաստանի պաշտպանութեան նախարարութիւնը նոյնպէս գրեթէ ամէն օր յայտնում է Արցախի որեւէ շրջանում հրադադարի խախտման դէպքերի մասին։ Իսկ մարտի 25-ին Ադրբեջանի զինւած ուժերը Շուշի-Լիսագոր հատւածում խախտել են շփման գիծը եւ որոշակի դիրքային առաջխաղացում ապահովել Արցախի Հանրապետութեան տարածքում:

Թշնամու առաջխաղացման, ակտիւացման պատճառների, նման իրավիճակում Արցախի Հանրապետութեան կառավարութեան կողմից վարւող քաղաքականութեան ու արցախցիների տրամադրութիւնների մասին Panorama.am-ը զրուցել է Արցախի Հանրապետութեան ԱԺ «Արդարութիւն» խմբակցութեան պատգամաւոր Մետաքսէ Յակոբեանի հետ։ 

 

Panorama.am - Ինչի՞ մասին է վկայում Ադրբեջանի ակտիւացումը։

Մետաքսէ Յակոբեան - Երբ 2020 թւականի նոյեմբերի 9-ի յայտարարութիւնը եղաւ, այդ ժամանակ Ալիեւը չէր դադարում յայտարարել, որ Արցախի հարցը պատերազմով աւարտւած է։ Բնականաբար, միջազգային հանրութիւնը, անկախ նրանից, թէ իրենք որ կողմին են աւելի հակւած՝ Ադրբեջանի, թէ Հայաստանի կամ  Արցախի շահերն են պաշտպանում, միեւնոյնն է՝ չէին կարող միանշանակ ընդունել եւ յայտարարել, որ այո՝ պատերազմով ամէն ինչ աւարտւած է. չի կարող այդպէս լինի, այդ պարագայում քաոս կառաջանայ աշխարհում։

Բնականաբար, պատերազմով չէր կարող հարցը փակւել ու աւարտւել։ Ադրբեջանն ամէն ինչ անում է, որպէսզի հետագայ զարգացումները չլինեն, յատկապէս Հայաստանում ունենալով իրենց օրակարգը սպասարկող իշխանութիւններ։ Այդ առումով իր ձեռքերն աւելի ազատ են, ջանք ու եռանդ չի խնայում վերջացնելու իր սկսածը։

Ըստ էութեան, նոյեմբերի 9-ի եռակողմ յայտարարութեամբ Ադրբեջանի համար չի աւարտւել պատերազմը, շարունակում է պատերազմել փոքրիկ, մի կտոր մնացած Արցախի դէմ՝ յստակ իմանալով, որ Հայաստանի իշխանութիւններից ի պաշտպանութիւն Արցախի եւ որպէս այդպիսին իրեն խոչընդոտ չի ունենալու։

Ադրբեջանի վերջնական նպատակն է՝ Արցախը հայաթափելն ու մնացած մասին տիրանալը։ Դրանով պայմանաւորւած՝ Ադրբեջանը չի դադարելու իր առաւելապաշտական նկրտումները։ Ի վերջոյ հասկանալի է՝ անկախ նրանից, Հայաստանի իշխանութիւններն ինչքան էլ փորձեն մանիպուլացնել ժողովրդին, հանրութեանը, միեւնոյնն է՝ սթափ մասի համար հասկանալի է, որ Ադրբեջանի եւ Թուրքիայի ախորժակը  չի սահմանափակւում Արցախով, նպատակներն աւելի հեռու են գնում։

Ի տարբերութիւն Հայաստանում մեր շատ հայրենակիցների, Ադրբեջանում շատ լաւ պատկերացնում են, որ չի կարող լինել Հայաստան առանց Արցախ։ Բնականաբար, Թուրքիայի պլանների մէջ էլ է՝ վերացնելով Արցախը, շարունակել տիրանալ հայկական մնացած հատւածներին, նաեւ Հայաստանի սուվերեն տարածքը բզկտել, մասնատել, վերցնել այն, ինչ պէտք է։ Սրանով պայմանաւորւած՝ Ադրբեջանը, բնականաբար, շարունակելու է իր ցինիկ քաղաքականութիւնը։

Միջազգային հանրութիւնը գոնէ Լաչինի միջանցքի փակւելուց յետոյ աւելի հասցէական իր պահանջներն ուղղում է Ադրբեջանին, սակայն որեւէ առարկայական քայլեր չի տեսնում Հայաստանի իշխանութիւնների կողմից, ովքեր որ շահագրգիռ կողմ պէտք է հանդիսանան ու օգտագործեն դա։ Այդ առումով եւս Ադրբեջանի ձեռքերը ազատ են, կարողանում է  յայտարարել, որ միջազգային հանրութեան պահանջներն իր համար առոչինչ են։

Ստացւում է այնպէս, որ  բացարձակ օգնութիւն ունենալով մեր պետութիւնը զաւթած իշխանութիւնների կողմից՝ Ադրբեջանն անում է այն, ինչ չէր կարողանում անել վերջին 30 տարիների ընթացքում, այսինքն՝ մինչեւ 2018 թւականը։

 

Panorama.am - Բարձունքի գրաւումն էլ այդ նոյն քաղաքականութեան շրջանակում է։

Մետաքսէ Յակոբեան - Միանշանակ։ Նախ իրենք հիմա մեր միջհամայնքային ճանապարհներն են փորձում պարալիզացնել, ըստ էութեան վերահսկողութիւն են իրականացնում մեր միջհամայնքային ճանապարհի վրայ, որը կապում է Ստեփանակերտը Լիսագորի, Հին Շէն, Նոր Շէն, Եղծահող համայնքների հետ։ Ստացւեց՝ այդ 4 գիւղերը եւ Հայաստանի կողմից են շրջափակւած, այլեւս Ստեփանակերտի կողմից եւս։ Այդ ճանապարհը դարձել է բացարձակ վտանգաւոր, որպէսզի խաղաղ բնակիչները կարողանան տեղաշարժ իրականացնել։

Մենք տոտալ շրջափակման մէջ ենք, բայց Ադրբեջանն իր գործողութիւնները չի դադարեցնում, ինչպէս ասացի՝ իր ձեռքերն ազատ են այդ առումով։ Հայաստանի իշխանութիւնները չեն թաքցնում, վերջերս բացայայտ են արտայայտում, որ իրենք որեւէ առնչութիւն չունեն Արցախի հետ։ Ամենավտանգաւոր թէզը, որ իրենք շրջանառում են՝ Արցախի հարցն այսուհետ Ադրբեջան-Ռուսաստան երկկողմանի յարաբերութիւնների մէջ պէտք է դիտարկւի, այլեւս Հայաստանը կապ չունի։ Ձեռքերը լւանալով Արցախից՝ Հայաստանի իշխանութիւնները միաժամանակ չափազանց մեծ վտանգի տակ են դնում Հայաստանի Հանրապետութիւնը։

 

Panorama.am - Շփւելով արցախցիների հետ՝ իրենք ի՞նչ են մտածում այս ամենի եւ վերջին շրջանում ադրբեջանական կողմից առաջ քաշւած ինտեգրացիոն քաղաքականութեան մասին։

Մետաքսէ Յակոբեան - Արցախում չէք գտնի մէկ անձ, ով կը մտածի ադրբեջանիցների հետ համատեղ ապրելու մասին։ Մենք նոյնիսկ ինտեգրում բառը չենք օգտագործում, քանի որ փափուկ, բարի բառ է։ Մեր թշնամին ագրեսիւ է, մէկ նպատակ ունի՝ սպանել, ոչնչացնել, վերացնել։

Զուգահեռ, երբ Հայաստանի իշխանութիւնները, երբեմն Ադրբեջանի իշխանութիւնները խօսում են խաղաղութեան պայմանագրի մասին, հէնց այդ խօսելու ընթացքում իրենք սպանեցին մեր երեք ոստիկանների, ովքեր բնակչութեան անվտանգութիւն էին ապահովում։ Բաւականին երկար ժամանակ է թիրախաւորում են, թոյլ չեն տալիս բնակիչներին գիւղատնտեսական աշխատանքներ կատարեն, նոյնիսկ իրենց տնամերձերը չեն կարողանում մշակել այս շրջափակման պայմաններում գոնէ բանջարեղէն ունենալու համար։

Մենք մեր կաշւի վրայ ենք զգում ու հասկանում, որ բացառւած տարբերակ է։ Տեսնելով վարւող քաղաքականութիւնն ու Հայաստանի իշխանութիւնների իներտ պահւածքը, միեւնոյնն է՝ մենք չենք մտածում այստեղից երբեւէ գնալու մասին, շարունակում ենք ապրել, մեր կենցաղը՝ շատ ծանր, դժւարութիւններով վարել՝ դրանով իսկ նաեւ հասկանալով, որ ապրելով պէտք է պահենք մեր հայրենիքը։

 

Panorama.am - Ինչպէ՞ս կը գնահատէք ռուս խաղաղապահների գործունէութիւնը Արցախի Հանրապետութիւնում, նաեւ նկատի ունենանք, որ Ռուսաստանի պաշտպանութեան նախարարութիւնը մարտի 25-ին յայտարարութիւն էր տարածել ու յստակ արձանագրել, որ Ադրբեջանի Զինւած ուժերը, խախտելով 2020 թւականի նոյեմբերի պայմանաւորւածութիւնները, հատել են կողմերի շփման գիծը Շուշիի շրջանում։

Մետաքսէ Յակոբեան - Արդէն բաւականին երկար ժամանակ Ադրբեջանի կողմից ագրեսիւ քաղաքականութիւն է վարւում Ռուսաստանի նկատմամբ։ Վստահ եմ, որ Ադրբեջանի այս պահւածքը չէր կարող դուր գալ Ռուսաստանին, քանի որ խօսել ինչ-որ հարթակներում համատեղ, օրինակ, տնտեսական գործունէութեան մասին, դրան զուգահեռ նսեմացնել Ռուսաստանի դերը։

Բնականաբար, պայմանաւորւած Ռուսաստանի ներկայիս իրավիճակով Ուկրայինայում տեղի ունեցող իրադարձութիւններով, Ռուսաստանը չի գնում կտրուկ քայլերի, հակառակ դէպքում, վստահ եմ, որ շատ աւելի կտրուկ կը լինէին քայլերը։

Բացի այդ, խաղաղապահներն այստեղ սահմանափակւած են իրենց մանտադի չյստակեցմամբ։ Ստացւում է, որ իրենք խաղաղ, առանց կրակելու պէտք է կարողանան ինչ-որ հարցեր լուծել, իսկ Ադրբեջանն այնպիսին է, որ խաղաղ լեզուն չի հասկանում, միայն ագրեսիան է հասկանում։

Այն, ինչ մենք ենք տեսնում, իրականացնում են խաղաղապահները մեր զինւորների հետ համատեղ, իրենց վերաբերմունքը, միանշանակ յօգուտ Արցախի ու հայերի են։ Իրօք, սահմանափակումներով հանդերձ անում են ամէն բան, որպէսզի կարողանան հարցը կարգաւորել։

Առկայ խնդիրները, բնաւ, հումանիտար չեն։ Սա քաղաքական խնդիր է, Փաշինեան-Պուտին-Ալիեւ մակարդակով պէտք է այս խնդիրը լուծւի։

Եռակողմ յայտարարութիւնը, որի շրջանակում այսօր խաղաղապահներն այստեղ գործողութիւններ են  իրականացնում, չի գործում, ըստ էութեան, հէնց Ադրբեջանի ձեռքով։ Ստացւում է, որ Ադրբեջանը չեղարկել է դա՝ չյարգելով իր պայմանաւորւածութիւնները, իր իսկ ստորագրութիւնը։ Այս իրավիճակում խաղաղապահը չի կարող ինչ-որ հարցեր կարգաւորել ու լուծել։

 

Panorama.am - Արցախի իշխանութեան կողմից վարւող քաղաքականութիւնն ինչքանո՞վ է համահունչ երկրում տիրող իրավիճակին։

Մետաքս Յակոբեան - Չկայ Արցախի իշխանութիւնների կողմից վարւող քաղաքականութիւն, կայ ընդամէնը քաղաքական հեզութիւն։ Արցախի իշխանութիւնները չունեն այն կամային յատկութիւնները, որպէսզի հակառակւեն Հայաստանի իշխանութիւնների վարած քաղաքականութեանը, կարողանան ինքնուրոյն որոշումներ կայացնել, այնուհետեւ դառնան այդ որոշումների իրագործողը։ Իրենք ուղղակի անում են այն, ինչ իրենց հրահանգում են  Հայաստանի իշխանութիւնները, մասնաւորապէս, Հայաստանի վարչապետը։ Դրանով  իրենք նոյն կերպ են ընկալւում Արցախում, ինչպէս Հայաստանի իշխանութիւնները։ Իշխանութեան նկատմամբ չկայ վստահութիւն, յոյս ու հաւատ։

Իրօք, Արցախի ժողովուրդն իրականում մենակ է մնացել իր պայքարի մէջ, դեռեւս ընդամէնն ապրելով է կարողանում իր պայքարը տանել։

 

Panorama.am - Շնորհակալութիւն հարցերին պատասխանելու համար։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։