Հա

Քաղաքական

31/03/2023 - 18:46

«ՔՊ-ականները, կարծում եմ՝ գնում էին հաշւեյարդար տեսնելու. իրենք նոր, աւելի մեծ կոնֆլիկտ էին ուզում». Արծւիկ Մինասեան

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան քարտուղար Արծւիկ Մինասեանը այսօր՝ մարտի 31-ին ներկայ է եղել ԱԺ պետաիրաւական հարցերի յաանձնաժողովում փակ քննարկմանը, որի ժամանակ միջադէպ է տեղի ունեցել ՔՊ-ական Վլադիմիր Վարդանեանի եւ «Հայաստան» խմբակցութիւնից Մհեր Սահակեանի միջեւ:

«alikonline.ir» - ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան քարտուղար Արծւիկ Մինասեանը այսօր՝ մարտի 31-ին ներկայ է եղել ԱԺ պետաիրաւական հարցերի յաանձնաժողովում փակ քննարկմանն, որի ժամանակ միջադէպ է տեղի ունեցել ՔՊ-ական Վլադիմիր Վարդանեանի եւ «Հայաստան» խմբակցութիւնից Մհեր Սահակեանի միջեւ: Գրում է News.am-ը։

Ոստիկանութեան Արաբկիր բաժնի դիմաց լրագրողների հետ զրոյցում Արծւիկ Մինասեանը ներկայացրեց դէպքի մանրամասները. «Փակ քննարկմանը Եղիշէ Կիրակոսեանը պէտք է ներկայացնէր միջազգային դատական ատեաններում Հայաստանի կողմից եւ Հայաստանի դէմ հայցերի մանրամասնութիւնները: Քննարկման աւարտին Վլադիմիր Վարդանեանը ձայնը բարձրացնելով սկսեց գոռգոռալ: Մհեր Սահակեանը պահանջեց, որ չգոռգոռայ:

Ի պատասխան դրա Վլադիմիր Վարդանեանը մի պահ լռեց, յետոյ նորից բարձր տոնով, գոռգռալով ասաց՝ լաւ եմ անում, ում վրայ ասես կը գոռամ, երբ ասես կը գոռամ, Մհերն ասաց՝ չես կարող: Վլադիմիր Վարդանեանը վեր կացաւ նստած տեղից, քայլեց դէպի Մհերը, եւ տեղի ունեցաւ այդ հարւածը»,- ասաց նա:

Արծւիկ Մինասեանն ընդգծեց, որ մէկ հարւած է եղել, ոչ մի ծեծկռտուք չի եղել, որից յետոյ Մհեր Սահակեանը հեռացել է դահլիճից։

«Իմ կարծիքով՝ շատ ճիշտ արեց, որովհետեւ աւելի վատ հետեւանքներ կարող էին լինել: Դրանից յետոյ Վլադիմիր Վարդանեանին ես փորձեցի հանգստացնել, չէր հանգստանում, ինքը, մի շարք ՔՊ-ականներ, օգնականներ վազում էին դէպի մեր խմբակցութիւն՝ գոռգռալով, այդ ընթացքում փորձում էի կանգնեցնել։

ՔՊ-ականները, կարծում եմ, գնում էին հաշւեյարդար տեսնելու, որովհետեւ մի շարք ՔՊ-ականների պահւածքը դրան էր տանում, իրենք նոր, աւելի մեծ կոնֆլիկտ էին ուզում»,- ասաց նա։

Արծւիկ Մնասեանը յաւելեց, որ ինքը հանդիպում է ունեցել ԱԺ փոխխօսնակ Ռուբէն Ռուբինեանի հետ եւ ասել, որ միջադէպի հետ կապւած իրենք առանձին քննարկում կանեն եւ եթէ այդ քննարկման արդիւնքները չբաւարարի, կարող են նաեւ այլ հարթակում քննարկել, իսկ այսօր ԱԺ-ում լարւածութիւնը չպէտք է շարունակւի: «Ինձ ասւել է, որ շտապօգնութիւնն արդէն եկել է եւ իրաւապահ մարմիններն այստեղ են: Իրենք ասել են, որ պէտք է բերման ենթարկեն Մհեր Սահակեանին: Մհերը հանգիստ եկել է: Այդ պահին ներս է մտնում Ալէն Սիմոնեանը եւ սկսում է էլ աւելի անհաւասարակշիռ պահւածքով հրահրել մի նոր կոնֆլիկտ: Սրան յաջորդում են Մհեր Սահակեանի նկատմամբ ոստիկանութեան բիրտ գործողութիւնները, որից յետոյ էլ ֆրակցիայից բռնի ուժով դուրս են հանել։ Անհամաչափ ուժ կիրառւեց Մհեր Սահակեանի նկատմամբ»,- ասաց ընդդիմադիր պատգամաւորը: հարցին, թէ ի՞նչ էր ասում Ալէն Սիմոնեանը, նա պատասխանեց. «Նա պատգմաւորի հետ այնպիսի տոնով էր խօսում, կարծէք թէ իր առաջ մի յանցագործի տարր է կանգնած: Սահակեանը փորձեց Ալէն Սիմոնեանին իրավիճակը ներկայացնել, սակայն Ալէն Սիմոնեանը սկսեց նորից գոռգռալ, յայտարարել՝ պատժւելու էք, ամէն ինչ անելու եմ, որ պատժւի եւ այլն»:

Նա նաեւ յաւելեց, որ Սահակեանը բերման է ենթարկւել անմիջականօրէն ծագած կասկածի հիմքով եւ քննչականում, ամենայն հաւանականութեամբ, վարոյթի ընթացք կը լինի։

«Նոյնիսկ քրէական վարոյթի շրջանակներում մեղադրանք առաջադրելը նշանակում է անձեռնմխելիութիւնից զրկելու գործընթաց։ Թէ ինչ է մտածում մեծամասնութիւնն այս պահին չգիտեմ, բայց օրէնքի պահանջներին համապատասխան՝ եթէ մեղադրանք են առաջադրելու, ապա պէտք է այդ հարցի քննարկումը լինի»,- ասաց Մինասեանը։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։