Նիկոլ Փաշինեանի ամենասիրած հեքիաթն իր իշխանութեան լեգիտիմութեան մասին ցնդաբանութիւնն է։ Նա բոլոր հնարաւոր առիթներով կրկնում է «Սահմանադրութեամբ Հայաստանում իշխանութիւնը պատկանում է ժողովրդին» արտայայտութիւնը եւ իրեն ներկայացնում է՝ որպէս ժողովրդի իշխանութեան կրող։
ՅԱՐՈՒԹԻՒՆ ԱՒԵՏԻՍԵԱՆ
Նիկոլ Փաշինեանի ամենասիրած հեքիաթն իր իշխանութեան լեգիտիմութեան մասին ցնդաբանութիւնն է։ Նա բոլոր հնարաւոր առիթներով կրկնում է «Սահմանադրութեամբ Հայաստանում իշխանութիւնը պատկանում է ժողովրդին» արտայայտութիւնը եւ իրեն ներկայացնում է՝ որպէս ժողովրդի իշխանութեան կրող։
Ֆորմալ առումով, իսկապէս Հայաստանում իշխանութիւնը պատկանում է ժողովրդին, եւ դա ամրագրւած է Սահմանադրութեամբ։ Բայց Սահմանադրութիւնը սիրային բանաստեղծութիւնների ժողովածու չէ, որ կարելի է դրանից ընտրել միայն առաւել հոգեպարար քառեակները եւ երգեցիկ ձայնով դայլայլել խարոյկի շուրջ, ինչպէս վերջերս անում էր Նիկոլ Փաշինեանը դպրոցահասակ երեխաների զարմացած հայեացքների ներքոյ։ Սահմանադրութիւնը երկրի իրաւական համակարգի հիմքն է, պետական կարգի ողնաշարը, որը գործում է միայն ամբողջականութեան, համալիր ու համակարգային գործառնութեան ռեժիմում։ Նիկոլ Փաշինեանը, սակայն, Սահմանադրութիւնից մէջբերում է միայն այն, ինչ ձեռնտու է իրեն, սովորութեան հանգոյն՝ նաեւ երկրի Մայր օրէնքը ծառայեցնելով սեփական անձի նեղ շահերին։
Աշխատանքից ազատ ժամերին մէջբերելով Սահմանադրութեան՝ իրեն յարմար յօդւածները, աշխատանքային օրւայ ընթացքում նա Սահմանադրութիւնը ոտնահարում է այնքան ու այնպէս, որ մնացած կեանքը չի բաւարարի դրա համար օրէնքով նախատեսւած պատժաչափը որեւէ խցում կրելու համար։
Իր պաշտօնավարման հինգ տարիներին Նիկոլ Փաշինեանը, իհարկէ, տարբեր դրւագներով ոտնահարել է Սահմանադրութեան բազմաթիւ յօդւածներ (սկսած դատարանների շրջափակումից՝ մինչեւ Սահմանադրական դատարանի առում եւ ՏԻՄ-երում ընտրւած ղեկավարներից իշխանութեան ուզուրպացիա), բայց այն, ինչ հիմա նա անում է՝ կապւած Արցախի յանձնման եւ «խաղաղութեան դարաշրջանի» հետ, ոչ միայն Սահմանադրութեան առանցքային յօդւածների ուղղակի ոտնահարում է, այլ Սահմանադրութեան ոգու, սահմանադրականութեան, ուստի նաեւ՝ Հայաստանի Երրորդ Հանրապետութեան պետականութեան ճարտարապետութեան բռնաբարութիւն։
Արցախը ճանաչելով որպէս Ադրբեջանի մաս՝ Նիկոլ Փաշինեանը ոտնձգում է ՀՀ Սահմանադրութեան հիմքում դրւած Անկախութեան հռչակագրի եւ դրա հետ օրգանական կապ ունեցող այլ համակարգաստեղծ յօդւածների դէմ։ Այսինքն՝ Փաշինեանի ներկայիս գործողութիւնները, բացի դաւաճանական, հակապետական լինելուց (ինչպէս գնահատւում է քաղաքական հարթութիւնում), նաեւ ու առաջին հերթին՝ հակասահմանադրական են։ Հետեւաբար՝ նրա գործունէութիւնը ոչ այլ ինչ է, եթէ ոչ՝ երկրում սահմանադրական կարգի տապալում, ինչը, ի տարբերութիւն քաղաքական որակումների ու գնահատականների, ենթակայ է քրէաիրաւական խստագոյն պատժի՝ դրանից բխող ոչ լիրիկական հետեւանքներով։
Այսպիսով, եթէ առաջնորդւենք Նիկոլ Փաշինեանի այն տրամաբանութեամբ, որ իր իշխանութեան գերագոյն աղբիւրը ՀՀ Սահմանադրութեան՝ իր սիրելի յօդւածն է, պէտք է արձանագրել նաեւ, որ իր քաղաքականութիւնն ամբողջութեամբ ուղղւած է այդ նոյն Սահմանադրութեան դէմ։ Հետեւաբար՝ նույն այդ տրամաբանութեամբ, Նիկոլ Փաշինեանի սիրելի «գնդակահարութեան պատի» ամենայարմար վայրը Բաղրամեան պողոտայում է՝ ի դէմս Սահմանադրական դատարանի հոյակերտ պատերից որեւէ մէկի։ Իսկ սահմանադրական գնդակահարութիւնը տեղի չի ունենում այն պատճառով, որ հայ հասարակութիւնը չի օգտւում նոյն Սահմանադրութիւնից, որը, բացի իշխանութեան լեգիտիմութեան դրոյթից, ամրագրում է նաեւ Սահմանադրութեան եւ պետութեան դէմ գործունէութիւնը կանխելու նոյնքան լեգիտիմ իրաւունքներ։ Առայժմ։
168.am