Հա

Քաղաքական

19/05/2017 - 13:00

Նոր տեսանիւթը ցոյց է տալիս՝ ինչպէս է Էրդողանը հեռւից դիտում Վաշինգտոնում ցուցարարների վրայ իր թիկնապահների յարձակումը

Տեսանիւթում Էրդողանը դուրս է գալիս աւտոմեքենայից՝ դիտելու միջադէպը, այնուհետեւ մտնում է Թուրքիայի դեսպանի նստավայր: Յետեւի պլանում երեւում է, թէ ինչպէս են Էրդողանի թիկնապահները հարւածում ցուցարարներին:

«alikonline.ir» - Համացանցում նոր տեսանիւթ է յայտնւել, որում երեւում է, թէ ինչպէս է Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը հեռւից դիտում, թէ ինչպէս են իր անվտանգութեան աշխատակիցները Վաշինգտոնում յարձակւում խաղաղ ցուցարարների վրայ: Տեսանիւթը «YouTube»-ում հրապարակել է «Ամերիկայի ձայն»-ի թուրքական ծառայութիւնը: Տեղեկացնում է «tert.am»-ը:

Տեսանիւթում Էրդողանը դուրս է գալիս աւտոմեքենայից՝ դիտելու միջադէպը, այնուհետեւ մտնում է Թուրքիայի դեսպանի նստավայր: Յետեւի պլանում երեւում է, թէ ինչպէս են Էրդողանի թիկնապահները հարւածում ցուցարարներին:

Թուրքիայի դեսպանատունը չորեքշաբթի յայտնել էր, որ Էրդողանի թիկնապահներն «ինքնապաշտպանւել» են, իսկ ցուցարարները կապւած են եղել Թուրքիայում ահաբեկչական համարւող «Քուրդիստանի բանւորական» կուսակցութեան հետ:

Յիշեցնենք, որ Միացեալ Նահանգներում Թուրքիայի դեսպանի նստավայրի մօտակայքում Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանի ԱՄՆ-ի այցի դէմ բողոքող խաղաղ ցուցարարների խումբը յարձակման էր ենթարկւել էրդողանամէտ խմբերի կողմից։ «The Washington Post»-ի հաղորդմամբ՝ տեղի ունեցած բախումների հետեւանքով 9 մարդ էր վիրաւորւել, նրանք տեղափոխւել էին հիւանդանոց: Նրանցից առնւազն մէկը ծանր վիճակում է:

Սպիտակ տանն Էրդողանի եւ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպման ընթացքում անցկացւած ցոյցը կազմակերպել էին մի շարք կազմակերպութիւններ, որոնց թւում են եղել նաեւ ԱՄՆ-ի Հայ Դատի յանձնախումբը եւ Ամերիկեան հելէնական խորհուրդը: Ցոյցին մասնակցել են մի շարք այլ խմբեր, որոնց թւում են եղել հայկական, յունական, քրդական եւ ասորական համայնքների ներկայացուցիչներ: Ինչպէս «Facebook»-ի իր էջում գրել էր ԱՄՆ-ի Հայ Դատի յանձնախումբը, քուրդ, եզդի եւ հայ ցուցարարների վրայ յարձակւած Էրդողանի աջակիցները, դէպքի վայրից տեղեկութիւնների համաձայն, պարզապէս ցուցարարներ չէին, այլ յատուկ պատրաստութիւն անցած անձինք, որոնք եղել են Ռեջեբ Թայիբ Էրդողանի անվտանգութեան ծառայութիւնից:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։