Հա

Քաղաքական

27/05/2017 - 13:00

Էրդողանը` անցանկալի անձ ԱՄՆ-ում. թուրքական ցինիզմի տւած շանսը

Այս համատեքստում որքան էլ մայիսի 16-ի միջադէպը քաղաքական լուրջ հետեւանքներ չի ենթադրում, սակայն դրա նկատմամբ Վաշինգտոնի յստակ կոշտ դիրքորոշման պահանջն օրակարգում պահելը մասնաւորապէս հայկական կազմակերպութիւնների համար միջոց է հայկական հարցերի առաջմղման խթան դարձնելու ճանապարհին:

ԳԷՈՐԳ ԴԱՐԲԻՆԵԱՆ

 

Թուրքական իշխանութիւնները կարծես չեն մարսում նախագահ Ռեջեբ Էրդողանի թիկնազորի վերջին սանձարձակ, խուլիգանական «հիւրախաղերն» ԱՄՆ-ում: Առաջին օրերի լռութիւնից յետոյ նաեւ հայկական կազմակերպութիւնների դրդմամբ Վաշինգոնից սկսեցին կիսապաշտօնական մակարդակով գնահատականներ հնչեցւել մայիսի 16-ին ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանի կեցավայրի առջեւ այդ երկրի նախագահի դէմ բողոքի ցոյցի մասնակիցների վրայ վերջինիս թիկնազօրի առաջնորութեամբ իրականացւած վայրենի, արիւնալի յարձակմանը:

Ինչպէս հաղորդում է «Ամերիկայի ձայն»-ը, նախօրէին Էրդողանի հրահանգով իրականացւած այդ բռնությունների վերաբերեալ լսումներ են կազմակերպւել ԱՄՆ-ի Կոնգրեսում, որի ընթացքում Թուրքիայի եւ անձամբ Էրդողանի հասցէին հնչել է չափազանց սուր քննադատութիւն: Մասնաւորապէս կոնգրեսական Դէյնա Ռորաբահերը յայտարարել է, թէ Էրդողանի նման մարդիկ ԱՄՆ-ում այլեւս անելիք չունեն: «Մենք չենք ցանկանում խօսել մի մարդու հետ, ով փորձում է ստեղծել ֆաշիզմ սեփական երկրում»,- ասել է նա: Կոնգրեսականներն ընդգծել են, որ թուրքական անվտանգութեան ծառայութիւնների ներկայացուցիչները խախտել են ԱՄՆ-ի տարածքում նրա ժողովրդի սահմանադրական իրաւունքները: Դա որակելով ԱՄՆ-ի ինքնիշխանութեան դէմ յարձակում՝ նրանք պահանջել են Անկարայի հետ չքննարկել Թուրքիային հետաքրքրող որեւէ հարց, մինչեւ Էրդողանը կամ պաշտօնական Անկարան ներողութիւն չխնդրեն կատարւածի համար:

Կոնգրեսում նման քննարկումներն էական են՝ նմանատիպ դրսեւորումների դէմ հանրային անհանդուրժողականութիւն դրսեւորելու եւ արձանագրւած յանցագործութիւնն անարձագանգ չթողնելու առումով: Բայց սա ԱՄՆ-ի դիրքորոշման ձեւակերպման իմաստով փոքր էֆեկտ ունի: Նախ՝ քննարկումները տեղի են ունենում լսումների ձեւաչափով, որը լայն հանրային ռեզոնանս սովորաբար չի հարուցում: Եւ երկրորդ՝ ԱՄՆ-ի պաշտօնական դիրքորոշումը ոչ թէ կոնգրեսը կամ Սենատն են ձեւակերպում, այլ Սպիտակ տունը եւ կառավարութիւնը: Իսկ վերջիններս գոնէ առայժմ առաւելապէս զբաղւած են այդ դիրքորոշումը լղոզելով: Առայժմ միակ բանը, որն արւել է գործադիր իշխանութեան մակարդակով, եղել է մայիսի 21-ին ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանին Սերդար Քըլըչըին Պետդեպարտամենտ հրաւիրելը եւ կատարւածի առիթով մտահոգութիւն փոխանցելը: Խնդրին հպանցիկ անդրադաձել էր նաեւ ԱՄՆ-իպետքարտուղար Ռեքս Թիլերսոնը: «FOX» հեռուստաընկերութեան հետ զրոյցում այն ընդգծմանը, որ թիկնապահների մասնակցութեամբ ցուցարարներին ծեծի ենթարկելը եղել է Էրդողանի ներկայութեամբ, Թիլերսոնն նախ յիշեցրել է Թուրքիայի դեսպանին պետդեպարտամենտ հրաջիրելը եւ ապա ընդամէնը յաւելել, որ դէպքի կապակցութեամբ քննութիւն է ընթանում, եւ իրենք սպասում են դրա արդիւնքներին:

Քննութեան անցկացման մասին յիշատակումը մի իրավիճակում, երբ բռնութիւններին անվտանգութեան աշխատակիցների մասնակցութիւնն արձանագրւել է ԱՄՆ-ի իրաւապահների կողմից նրանցից երկուսի ձերբակալմամբ, ապա դիւանագիտական անձեռմխելիութեան պատճառով ազատ արձակմամբ, աւելի շատ յիշեցնում է հանրային ուշադրութեան նւազման յոյսով խնդիրը անորոշ ապագային թողնելու մարտավարութիւն: Սա թոյլ է տալիս եզրակացնելու, որ ամերիկեան իշխանութիւնները չեն ցանկանում այդ միջադէպին յատուկ սրութիւն հաղորդել: Բայց սա աւելի է ոգեւորում Անկարային: Նոյն օրը, երբ ԱՄՆ-ում իրենց դեսպանը կանչւել էր պետդեպարտամենտ, Անկարայում Թուրքիայի ԱԳՆ է հրաւիրւել այդ երկրում ԱՄՆ-ի դեսպանը: «Ռիա Նովոստի» գործակալութիւնը, յղում կատարելով Թուրքիայի ԱԳՆ-ին, տեղեկացրել էր, որ դեսպանին դժգոհութիւն է յայտնւել Վաշինգտոնի թուրքական դեսպանատան անվտանգութեան ապահովման հարցում ԱՄՆ-ի անվտանգութեան ծառայութեան ոչ պրոֆեսիոնալ գործողութիւնների կապակցութեամբ: Այն, իբր, դրսեւորւել է Էրդողանին ուղեկցող անվտանգութեան ծառայողների նկատմամբ կոպիտ վերաբերմունքով: ԱԳՆ-ում դեսպանից պահանջել են այդ կապակցութեամբ հետաքննութիւն իրականացնել եւ իրենց բացատրութիւն ներկայացնել:

Վաշինգտոնի մեղմ արձագանգն առանձնապէս չի անհանգստացրել Անկարային, եւ վերջինս կատարւածի համար բացարձակապէս չի զղջում: Հակառակը, իրեն թոյլ է տալիս անհեթեթ պահանջներ առաջադրել՝ ԱՄՆ-ի եւ նրա ժողովրդի նկատմամբ անյարգալից վերաբերմունքը նոր մակարդակի հասցնելով:

ԱՄՆ-ում հաւանաբար չեն ցանկանում սրել Թուրքիայի հետ առանց այն էլ չափազանց լարւած յարաբերութիւնները: Խնդիրն այն է, որ Էրդողանի այդ այցն ԱՄՆ ոչ թէ հանգեցրեց երկու դաշնակից երկրների միջեւ առաջացած կնճիռները հարթելուն, այլ աւելի խորացրեց դրանք: ԱՄՆ-ի նախագահի այցը Սաուդական Արաբիա, վերջինիս հետ մօտ 360 մլրդ. դոլարի սպառազինման գործարքի կնքումը, մուսուլմանական երկրների հետ ֆորումի անցկացումն ընդգծւած դեմարշ էր Թուրքիայի դէմ: ԱՄՆ-ն չի համակերպւում Սիրիայում Ռուսաստանի եւ Իրանի հետ սերտօրէն համագործակցելու, քրդական հարցում անհանդուրժողականութիւնից չհրաժարւելու Թուրքիայի քաղաքականութիւնը, որը յղի է Մերձաւոր Արեւելքում չափազանց հեռուն տանող նոր վերադասաւորումներով՝ ընդհուպ Թուրքիայի ամբողջականութեան թիրախաւորմամբ:

Այս համատեքստում որքան էլ մայիսի 16-ի միջադէպը քաղաքական լուրջ հետեւանքներ չի ենթադրում, սակայն դրա նկատմամբ Վաշինգտոնի յստակ կոշտ դիրքորոշման պահանջն օրակարգում պահելը մասնաւորապէս հայկական կազմակերպութիւնների համար միջոց է հայկական հարցերի առաջմղման խթան դարձնելու ճանապարհին: Թուրք-ամերիկեան խաթարւած, վստահութեան ճգնաժամ ապրող յարաբերութիւնները, յատկապէս ամերիկացի ժողովրդի արժանապատւութիւնն Էրդողանի եւ նրա թիկնազօրի կողմից վիրաւորելու այս դէպքի ֆոնին, Կոնգրեսում Ցեղասպանութեան ճանաչման բանաձեւի ընդունման նոր գործընթաց սկսելու եւ նախորդների համեմատ աւելի մեծ արդիւնքի հասնելու պայմաններ են ստեղծում: Ենթադրելի է, որ ԱՄՆ Հայ Դատի յանձնախմբի մասնակցութեամբ այդ միջադէպի շուրջ Կոնգրեսում տրամադրութիւններ գեներացնելու նախաձեռնութիւնները նաեւ այդ հեռահար նպատակն ունեն:

«yerkir.am»

Յարակից լուրեր

  • ԱՄՆ-ում կորոնավիրուսի 15 դէպք է գրանցւել
    ԱՄՆ-ում կորոնավիրուսի 15 դէպք է գրանցւել

    Ամերիկայի Միացեալ Նահանգներում կորոնավիրուսի վարակի 15 դէպք է գրանցւել եւ մէկ մարդ «ծանր հիւանդ է». այս մասին մամուլի ասուլիսի ընթացքում լրագրողներին տեղեկացրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

  • Եւրոխորհրդարանը Թուրքիային կոչ է արել ազատ արձակել ընդդիմադիրներ Քաւալային եւ Դեմիրթաշին
    Եւրոխորհրդարանը Թուրքիային կոչ է արել ազատ արձակել ընդդիմադիրներ Քաւալային եւ Դեմիրթաշին

    Եւրոխորհրդարանի արտաքին կապերի հարցերով յանձնաժողովը թուրքական իշխանութիւններին կոչ է արել բանտից ազատ արձակել ընդդիմադիր գործիչներ Օսման Քաւալային եւ Սելահաթին Դեմիրթաշին:

  • Ակնարկ. Իտլիպը եւ ռուսական արգելակները
    Ակնարկ. Իտլիպը եւ ռուսական արգելակները

    Սուրիական բանակի ռազմավարական նշանակութիւն ունեցող տեղաշարժերը ոչ միայն գետնի վրայ իրավիճակային փոփոխութիւն յառաջացուցած են, այլ նաեւ զգալիօրէն փոխած խաղին կանոնները: Սուրիական զինեալ ուժերը տարածքներ կը մաքրազտեն ահաբեկիչ տարրերէ եւ կը ձգտին Իտլիպի ամբողջական ազատագրումին: Դամասկոս-Հալէպ մայրուղիի թէ Հալէպի օդակայանի վերահսկումով սուրիական պաշտօնական բանակը տիրական ներկայութիւն կը վերահաստատէ այդ շրջանի կարեւորագոյն կէտերուն վրայ:

  • ՀՅԴ ներկայացուցիչը մասնակցել է Թուրքիայի HDP կուսակցութեան 4-րդ համագումարին
    ՀՅԴ ներկայացուցիչը մասնակցել է Թուրքիայի HDP կուսակցութեան 4-րդ համագումարին

    Փետրւարի 23-ին, Անկարայում տեղի ունեցաւ Թուրքիայի Ժողովուրդների ժողովրդավարական կուսակցութեան (HDP) հերթական 4-րդ համագումարը, որին մասնակցեցին հազարաւոր պատգամաւորներ, իսկ հազարաւորներն էլ զրկւած են մասնակցութիւնից՝ Թուրքիայի իշխանութիւնների կողմից հարուցւած արհեստական արգելքների պատճառով։

  • Վրացի փորձագէտն առաջարկում է ամերիկեան բազան Ինջիրլիքից Վրաստան տեղափոխել
    Վրացի փորձագէտն առաջարկում է ամերիկեան բազան Ինջիրլիքից Վրաստան տեղափոխել

    Բախւելով վերջին տարիներին ռազմավարական տարբերւող շահերի հետ՝ կապւած տարածաշրջանում Թուրքիայի ու Իրանի աճող ազդեցութեան հետ, Վաշինգտոնին անհրաժեշտ է վերանայել ԱՄՆ աւիաբազան Թուրքիայից Վրաստան տեղափոխելու հարցը:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։