Հա

Քաղաքական

11/07/2017 - 14:30

Ռումինացի փորձագէտն առաջարկել է Ռումինիային պաշտօնապէս ճանաչել Հայոց Ցեղասպանութիւնը

Ռումինիայի Խորհրդարանի փորձագէտ Ֆիլիպ Կլէմը (Filip Clem) հանդէս է եկել Ռումինիայի կողմից Հայոց Ցեղասպանութիւնը պաշտօնապէս ճանաչելու առաջարկով: 

«alikonline.ir» - Ռումինիայի Խորհրդարանի փորձագէտ Ֆիլիպ Կլէմը (Filip Clem) հանդէս է եկել Ռումինիայի կողմից Հայոց Ցեղասպանութիւնը պաշտօնապէս ճանաչելու առաջարկով: «Արմէնպրես»-ը ստորեւ թարգմանաբար ներկայացնում է յօդւածը: 

 

Ռումինիան կարող է ճանաչել 1915-1923 թթ. Հայոց Ցեղասպանութիւնը Օսմանեան կայսրութիւնում 

Ներկայ իրավիճակում Ռումինիան ոչինչ չի կորցնի եւ չի վտանգի, եթէ պաշտօնապէս ճանաչի 1915-1923 թթ. Օսմանեան կայսրութիւնում եւ դրան յաջորդած հանրապետութիւնում տեղի ունեցած ողբերգական դէպքերը որպէս «Հայոց Ցեղասպանութիւն»: 

2018 թ. Ռումինական պետութեան հարիւր ամեակի առթիւ Ռումինիան կարող է անել դիւանագիտական քաղաքավարութեան եւ պատմական համերաշխութեան այս ժեստը: 

Մերձաւոր Արեւելքի ընթացիկ զարգացումները մեծապէս թուլացրել են Թուրքիայի հեղինակութիւնը տարածաշրջանում: Թուրքիան այսօր խոշոր քաղաքական եւ ռազմական ուժ է, բայց այլեւս չի վայելում մինչեւ 2016 թ. յուլիսի նոյն ժողովրդականութիւնը: ԱՄՆ-ը եւ ՆԱՏՕ-ն զգուշաւոր վերաբերմունք ունեն Անկարայի նկատմամբ եւ վախենում են պետական ապարատի շրջանում քաղաքական իսլամի ծաւալումից: Բացի այդ, նման զգուշաւոր վերաբերմունք ունի Ռուսաստան-Իրան տարածաշրջանային դաշինքը (շիա մահմեդական առանցքը, որը վայելում է ռուսների աջակցութիւնը): Ռուս-պարսկական շահերի ուղեծրում Թուրքիայի աւելի ու աւելի շատ ներկայ գտնւելը սոսկ անցողիկ պահ է: Թուրքիան կամաւոր չի հրաժարւի ՆԱՏՕ-ից:

ԵՄ-ի հետ Անկարայի յարաբերութիւններում փոխադարձ հիասթափութիւն է ծագել: Թուրքիան ցանկանում է հանդէս գալ որպէս գլոբալ ուժ` թէեւ միջին չափի, անկախ, ինքնիշխան, որպէս ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդում մշտական անդամի հնարաւոր թեկնածու: 

Ռումինիան խուսափել է հրապարակաւ ճանաչել Հայոց Ցեղասպանութիւնը Թուրքիային զայրացնելու վախից: Այժմ կոնտեքստը փոխւել է: ԵՄ-ի եւ ՆԱՏՕ-ի շատ երկրներ պաշտօնապէս ճանաչել են այս պատմական ողբերգութիւնը կամ դրա ճանաչման համար բարենպաստ վերաբերմունք են դրսեւորել: Ռումինիայի յարաբերութիւնները Թուրքիայի հետ մի փոքր սառել է. փոխադարձ զգուշաւորութիւն է առաջ եկել: 

Մենք շատուշատ ջանացինք Երկրորդ համաշխարհային պատերազմում հրեական Հոլոկոստի պաշտօնական ճանաչման համար, ինչը պարոքսիզմի հասաւ հանրութեան շրջանում: Հանրային ֆոնդերի ֆինանսաւորմամբ ստեղծեցինք Էլի Վիզէլ ինստիտուտը: Ռումինիայի նախագահի կամ վարչապետի ԱՄՆ կատարած իւրաքանչիւր պաշտօնական այցի ընթացքում պարտադիր է նաեւ այցը Վաշինգտոնում Հոլոկոստի յիշատակի թանգարան: Հոլոկոստի զոհերի յիշատակը ոգեկոչում ենք տարին մի քանի անգամ կոնֆերանսների, սեմինարների, կոլոքւիումների, «doctor honoris causa» համալսարանական տիտղոսներ շնորհելու, ծաղկեպսակներ տեղադրելու ու տարբեր արարողութիւնների միջոցով: Յարմարւել ենք… 

Մենք ուզում ենք հասնել Երկրորդ համաշխարհայինի ընթացքում եւ դրանից յետոյ խորհրդային իշխանութիւնների եւ բանակի կողմից իրագործւած ռումինական ցեղասպանութեան միջազգային ճանաչմանը: Բացի այդ, Տրանսիլւանիայի ռումինական բնակչութեան դէմ հորթիստական ռեժիմի կատարածը: Եւ մնացած բաները, որոնց միջով անցել ենք, ինչպէս եւ ուրիշները, որոնք կոտորւեցին այլոց կողմից:

 

Ինչպէ՞ս պէտք է արւի Ռումինիայի կողմից Հայոց Ցեղասպանութեան պաշտօնական ճանաչումը:

Դա բարդ չէ, բայց առաջին հերթին այն հիմնւում է քաղաքական կամքի եւ կոնսենսուսի վրայ: Կայ միջազգային պրակտիկա, որն այս առումով շատ բարդ չէ:

Սկզբունքօրէն, Խորհրդարանը երկու պալատների լիագումար նիստի քւէարկութեան արդիւնքում ընդունում է բանաձեւ, որը հրապարակւում է Պաշտօնական տեղեկագրում: Ծայրայեղ դէպքում բաւարար կը լինի Խորհրդարանի միայն մէկ պալատի դիրքորոշումը, սակայն մեր կողմից այն կը դիտւեր որպէս կիսով չափ արւած ժեստ: Նման բանաձեւի (Խորհրդարանի որոշման) տեքստը միջազգային մակարդակով ստանդարտ չէ: Պէտք է պաշտօնապէս ճանաչւի, որ համապատասխան իրադարձութիւնները որակւում են որպէս «ցեղասպանութիւն»` ըստ միջազգային հանրութեան կողմից ընդունւած «Ցեղասպանութեան յանցագործութիւնը կանխարգելելու եւ պատժելու մասին կոնւենցիայի», որն ընդունւել է ՄԱԿ-ի Գլխաւոր ասամբլեայի կողմից 1948 թ. դեկտեմբերի 9-ին: Այն կարող է յղում կատարել նաեւ այն փաստին, որ այլ ազգային խորհրդարաններ եւ/կամ միջազգային կազմակերպութիւններ արդէն ճանաչել են այն: 

Նմանապէս, Ռումինիայի նախագահն իր որոշ պաշտօնական ելոյթներում պէտք է անդրադառնայ այս իրադարձութիւններին` որակելով դրանք որպէս «ցեղասպանութիւն», եւ կարեկցական ուղերձ յղի Հայաստանին եւ հայ ժողովրդին` խստօրէն դատապարտելով նման վայրագութիւնները եւ այլն: Նախագահական աշխատակազմի կողմից պաշտօնական այդպիսի մի յայտարարութիւն` քաղաքական կամ մշակութային որեւէ առիթով, պէտք է ամրագրի նախագահի դիրքորոշումը: 

Կառավարութիւնը եւ Խորհրդարանը կարող են որոշել, որ օրացոյցային տարւայ մի օր (թերեւս ապրիլի 24-ը) մեր երկրում նւիրւած լինի այս ողբերգութեան յիշատակմանը: Յարակից կազմակերպւում են մի շարք գիտաժողովներ Ռումինական ակադեմիայի մասնակցութեամբ, ինչպէս նաեւ Ռումինական ուղղափառ եւ Հայկական եկեղեցու մի քանի ներկայացուցիչների (խօսքն էկումենիզմի մասին չէ, չեմ առաջարկում համատեղ պատարագներ), կենտրոնական կամ տեղական իշխանութիւնների եւ, իհարկէ, Ռումինիայի հայ համայնքի ներկայացուցիչների մասնակցութեամբ: 

Արտաքին քաղաքականութեան առումով ԱԳՆ-ը կարող է տեղեկացնել օտարերկրեայ երկրներում Ռումինիայի դիւանագէտներին, որ ռումինական պետութիւնը որոշել է պաշտօնապէս ճանաչել Հայոց Ցեղասպանութիւնը: Հետեւաբար, Բուխարեստում Հայաստանի եւ Թուրքիայի դեսպանները, հնարաւոր է` նաեւ ամբողջ դիւանագիտական կորպուսը, պաշտօնապէս կը տեղեկացւեն այս մասին:

Կախւած է, թէ ինչ ծաւալ եւ շեշտ ենք ուզում տալ այս փաստին: Կարծում եմ, որ մեր երկրի համար բաւարար կը լինէր անել միայն այն, ինչ անհրաժեշտ է` ինստիտուցիոնալ քայլեր պաշտօնական ճանաչման համար, գումարած որոշ ներքին մշակութային միջոցառումներ. ոչ աւելի, քան սա: Մեզ օգտակար չէր լինի որեւէ մէկին զարմացնել այս հարցով: Ոչ էլ մեզ պէտք է միտումնաւոր վիրաւորել Թուրքիային: Դա բարոյական հարց է, սկզբունքի հարց, պատմական համերաշխութեան, ինչպէս նաեւ տւեալ պահին քաղաքական պատեհութեան մի բնական ժեստ (օրինակ, Հայաստանը միջնորդութեան դուռ է Ռուսաստանի Դաշնութեան եւ Արեւելքի առջեւ): Եթէ Անկարան սպառնայ մեզ հետ դիւանագիտական յարաբերութիւնների խզմամբ, այն առաջին հերթին իրենց խնդիրն է, եւ դա կը լինի անշահաւէտ մի քայլ հէնց իրենց համար: 

Հանրային կրթութեան մէջ` համաշխարհային պատմութիւն առարկայի ժամին, ուսուցիչները կարող են խօսել այս դրւագի մասին որպէս փաստացի ցեղասպանութեան, էթնիկ զտումների: Ցաւօք, այն պատմութեան մէջ միակ դէպքը չէ: 

Միջազգային մակարդակով պաշտօնական ճանաչման վերաբերեալ Վիկիպեդիայում կազմւել է մի նիւթ, որը ցոյց է տալիս, որ մինչ օրս 29 պետութիւն (այդ թւում նաեւ ԱՄՆ-ը) եւ միջազգային մի շարք մարմիններ պաշտօնապէս կամ անուղղակիօրէն` դեկլարատիւ, ճանաչել են այս Ցեղասպանութիւնը: 

Ներկայիս տարածաշրջանային կոնտեքստը թոյլ է տալիս հանգիստ վերաբերւել Թուրքիային, որը փոխշահաւէտ կը լինի: Մնում է միայն Հայաստանի աշխարհաքաղաքական մերձեցումը Ռուսաստանի Դաշնութեան հետ: Դա է Ռումինիայի համար միակ անյարմարութիւնը, որն ամուր կցւած է ՆԱՏՕ-ին, սակայն դա չպէտք է արգելակիչ լինի այս դէպքում: Ի վերջոյ, մեր պետութիւնը պէտք է ճանաչի այն, ինչ արդէն իսկ ճանաչել են նաեւ այլ եւրաատլանտեան երկրներ: 

Շատ յօդւածներ են գրւել այս նիւթի մասին: Վերջին շրջանում մեր հասարակութեան մէջ ի յայտ են գալիս աւելի ու աւելի շատ բարենպաստ կարծիքներ ցեղասպանութեան ճանաչման վերաբերեալ: Հայ համայնքի ջանքերը, որը շատ լաւ ներկայացւած է Վարուժան Ոսկանեանի կողմից, ի թիւս այլոց, յանգեցրել են մի շարք կոնֆերանսների եւ մշակութային միջոցառումների կազմակերպման:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։