Հա

Քաղաքական

29/04/2018 - 17:00

«Washington Post». «Փողոցի առաջնորդները պէտք է դառնան քաղաքական գործիչներ»

Հանրայայտ վերլուծաբան եւ մեկնաբան Աննա Ափելբաումը «Washington Post»-ում հանդէս է եկել հայաստանեան իրադարձութիւնների վերաբերեալ վերլուծական յօդւածով:

«alikonline.ir» - Հանրայայտ վերլուծաբան եւ մեկնաբան Աննա Ափելբաումը «Washington Post»-ում հանդէս է եկել հայաստանեան իրադարձութիւնների վերաբերեալ վերլուծական յօդւածով: «Արմէնպրես»-ը ներկայացնում է Ափելբաումի յօդւածը.

«Երբ ես տեսայ Արեւելեան Գերմանիայի ժողովրդի այդ ստւար զանգւածը, ես հասկացայ, որ նրանք ճիշտ էին»: Քառորդ դար անց այդպէս էր մեկնաբանում գնդապէտ Հերալդ Եագէրը դարպասները բացելու եւ Բեռլինի պատով իր համերկրացիների անցումը թոյլատրելու իր որոշումը: Եագէրը հսկում էր սահմանային անցակէտը 1989 թ.-ի նոյեմբերի 9-ի այն ժամերին, երբ Արեւելեան Գերմանիայի առաջնորդները յայտարարեցին, որ մարդկանց համար տեղաշարժման կանոնները փոխւում են: Երբ բեռլինի բնակիչները հաւաքւեցին պատի մօտ՝ պահանջելով անցնել դէպի արեւմտեան Բեռլին, նա շարունակաբար հրահանգներ էր խնդրում իր ղեկավարներից, բայց ոչինչ չէր լսում ի պատասխան:

Ի վերջոյ ամբոխը ստիպեց նրան գործել. «Այդ պահին այնքան պարզ դարձաւ ինձ համար ամէն ինչ… յիմարութիւնը, մարդկայնութեան բացակայութիւնը: Ես վերջապէս ասացի ինքս ինձ. «Կորէք բոլորդ: Հիմա ես կանեմ այն, ինչ ճիշտ եմ համարում»: Այդ պահն է յստակօրէն ցուցադրում, թէ ինչպէս եւ ինչու կարող են փողոցային ցոյցերը երբեմն քաղաքական փոփոխութիւնների պատճառ դառնալ: Նրանք կարող են յղում անել աւելի խորը թաքնւած բարոյականութեանը եւ այդպիսով համոզել իշխանաւորներին փոխել քաղաքականութիւնը, հրաժարւել ռեպրեսիւ ռեժիմից եւ դադարել ուժի կիրառումը:

Ես Եագէրի մասին մտածեցի այս շաբաթ, երբ Հայաստանի վարչապետը զարմացրեց իր երկրին ու հրաժարական տւեց: Սերժ Սարգսեանը Հայաստանի նախագահն էր արդէն տասը տարի, 2008-ից մինչեւ 2018-ը, որի ժամանակ ստեղծել էր քաղաքական ու բիզնես կապեր՝ իրեն իշխանութեան մէջ մնալու հարցում օժանդակելու համար: Պաշտօնը լքելու սպասման մէջ նա փոխել էր որոշ կանոններ, ուժեղացրել էր վարչապետի իշխանութիւնը եւ կազմակերպել էր, որ պառլամենտը իրեն ընտրի այդ պաշտօնում: Դա յայտնի աճպարարութիւն է. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը նման խաղեր խաղացել են՝ անցում կատարելով նախագահութիւնից վարչապետութիւն՝ իշխանութեան մէջ մնալու համար:

Հայերը հասկացել էին այդ ամէնը: 11 օր շարունակ մարդկանց բազմութիւնը ցոյցերի էին մասնակցում իշխանութեան զաւթման այդ փորձի դէմ՝ մայրաքաղաքում եւ այլուր: Յետոյ, անակնկալ կերպով, Սարգսեանը հրաժարական տւեց. «Ես սխալ էի»,- յայտարարեց նա: «Փողոցի շարժումը իմ իշխանութեան դէմ է: Ես կատարում եմ ձեր պահանջը»:

Անակնկալի եկած հայերը լցւեցին փողոցներ կրկին, այս անգամ խրախճանքի համար: Թոմաս դէ Վաալը, ով Հայաստանի վերաբերեալ մի քանի գրքերի հեղինակ է, ասաց ինձ, որ Սարգսեանը հաշւի առաւ այն փաստը, որ Հայաստանը «փոքր երկիր է՝ ազգային համերաշխութեան ուժեղ զգացումներով»: Մէկ այլ հնարաւոր գործօն է այն, որ վերջին անգամ, երբ հայերը փողոցային լայնածաւալ բողոքի ցոյցեր էին կազմակերպել, 2008-ի մարտն էր, եւ ոստիկանութեան գործողութիւնների արդիւնքում 10 մարդ էր զոհւել: Հաւանաբար Սարգսեանը «չէր ցանկացել կրկնել այդ փորձառութիւնը»:

Որն էլ լինի իրական պատճառը, քաղաքական այս ցոյցերը հասան իրենց նպատակին Հայաստանում այն նոյն պատճառով, որն աշխատել էր նաեւ 1989-ին Բեռլինում, 2014-ին Ուկրայինայի մայրաքաղաք Կիեւում, քանի որ դրանք դրդեցին գլխաւոր անձին հարցականի տակ դնել ռեժիմի լեգիտիմութիւնը, նոյնիսկ իր սեփական ռեժիմի: Եւ սա, ցաւօք սրտի, ոչ սովորական բան է:

Իւրաքանչիւր յաջողւած պրո-ժողովրդավարական փողոցային ցոյցին զուգահեռ ես կարող եմ նշել գոնէ նոյնքան ձախողւած շարժումներ: Մոսկւայում 2012-ին, Հոնգկոնգում 2014-ին, Վարշաւայում 2015-ին: Կամ Վենեզուէլլայում 2014, 2015, 2016 ու 2017 թւերին: Երբեմն այս ցոյցերը ձախողւում են, որովհետեւ դրանց պահանջները շատ լայն են: Երբեմն էլ ձախողւում են, որովհետեւ ռեժիմը դիմում է բռնութիւնների դրանց դէմն առնելու համար եւ մարդիկ վախենում են: Երբեմն էլ նրանք ձախողւում են, որովհետեւ բաւարար չէ հասարակական վայրերը օկուպացւած պահելը: Որոշ ժամանակ անց մարդիկ յոգնում են, համաքաղաքացիները ցանկանում են փողոցները ազատւած տեսնել, բոլորը պէտք է գնան հետ իրենց աշխատանքին:

Բայց ամէնից յաճախ դրանք ձախողւում են, քանի որ չկայ Եագէրը, չկայ Սերժ Սարգսեանի պէս մէկը, եւ ռեժիմը հրաժարւում է լսել: Իշխողը յաջողութեամբ արատաւորում է ցուցարարներին՝ ասելով, որ նրանք ներկայացուցչական ու հայրենասէր չեն, կամ էլ օտարների կողմից են վարձւած:

Փոխանակ տպաւորւեր մարդկանց անկեղծութեամբ ու նրանց զանգւածով, Պուտինը 2012-ի ցուցարարներին համարեց ամերիկեան խարդաւանքի ցուցադրութիւն, եւ նոյնը արեցին չինացիները 2014-ի Հոնգկոնգի ցուցարարների դէպքում: Եւ սա նաեւ միայն աւտորիտար ռեժիմներին յատուկ մարտավարութիւն չէ. ամերիկացի «պահպանողականները» նոյնպէս պնդում էին, որ զէնքերի ազատ վաճառքի դէմ անցեալ ամիս բողոքող ցուցարարներին վճարել են այդ բողոքի համար:

Երբ այդ գործողութիւնները չեն տպաւորում մարդկանց, ցոյցերը, քայլերթերը կամ «փողոցներ զաւթելու» շարժումները միայն անբաւարար են: Բաւարար չէ միայն լինել այնտեղ: Այդ շարժումը կա՛մ պէտք է միանայ, կա՛մ ինքը պէտք է ստեղծի նոր քաղաքական կուսակցութիւն, փողոցի առաջնորդները պէտք է դառնան քաղաքական գործիչներ: Ժողովրդավարական համակարգերում նրանք պէտք է յաղթեն ընտրութիւններում: Բռնատիրական պետութիւններում նրանք պէտք է այլ մեթոդներ կիրառեն իշխող կուսակցութիւնից իր համակիրներին վանելու համար:

Քաղաքական վակումներում, ինչին մենք հիմա ականատես ենք լինում Հայաստանում, նրանք ռազմավարութիւն պէտք է ունենան: Փոփոխութեան ցանկութիւնը աւելի արդար հասարակութիւն ստեղծելու ուժի փոխակերպելը աւելի երկարաժամկէտ խաղ է, մի բան, որ պահանջում է երկար տարիների քրտնաջան աշխատանք, ոչ թէ մի քանի ժամով մի տեղ կանգնել:

Ցոյցերը կարեւոր են, նոյնիսկ եթէ դրանք չեն յաջողում: Դրանք ոգեւորում են մարդկանց, տարածում են համերաշխութիւն, մարդկանց պահում են ոգեւորութեան մէջ: Երբեմն դրանք նաեւ կարեւոր արդիւնքներ են գրանցում: Բայց ամէնից յաճախ, որպէս այդպիսին կարեւոր է յիշել, որ այդ բողոքի ալիքները բոլորովին բաւարար չեն, եթէ չեն կարողանում ինստիտուցիոնալիզացնել ամբոխի պահանջները եւ ճանապարհներ գտնել դրանք մշտական դարձնելու համար»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։