Հա

Քաղաքական

26/09/2018 - 11:10

ՀՀ վարչապետը՝ ՄԱԿ-ում. «Եթէ Ադրբեջանն իսկապէս հաւատարիմ է խաղաղ գործընթացին, պէտք է սկսի երկխօսել Լեռնային Ղարաբաղի հետ»

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը Նիւ Եօրքում ՄԱԿ-ի Գլխաւոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանում հանդէս է եկել ելոյթով:

«alikonline.ir» - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը Նիւ Եօրքում ՄԱԿ-ի Գլխաւոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանում հանդէս է եկել ելոյթով:

Ի թիւս տարբեր թեմաների, Նիկոլ Փաշինեանը յատկապէս անդրադարձել է ՀՀ արտաքին քաղաքականութեանն ու ԼՂ հակամարտութեանը:

Խօսելով ՀՀ արտաքին քաղաքականութեան մասին, Փաշինեանը յստակեցրել է, որ Հայաստանի արտաքին քաղաքականութեան օրակարգում չկան կտրուկ շրջադարձեր. «Չնայած ներքաղաքական կեանքում տեղի ունեցող արմատական փոփոխութիւններին, մեր արտաքին քաղաքականութեան օրակարգում չկան կտրուկ շրջադարձեր: Հայաստանի արտաքին քաղաքականութեան շարունակականութիւնը վկայում է այն մասին, որ Հայաստանը կանխատեսելի եւ յուսալի գործընկեր է: Մեր միջազգային պարտաւորութիւնները ենթակայ չեն վերանայման: Մեր դիրքորոշումը յստակ է. Հայաստանը պատրաստ է կառուցողական երկխօսութեան եւ համագործակցութեան բոլոր գործընկերների հետ: Մենք մտադիր չենք զարգացնել մեր յարաբերութիւնները մէկ գործընկերոջ հետ՝ միւսի հաշւին: Մենք կարեւորում ենք բազմակողմանիութեան դերը գլոբալ եւ տարածաշրջանային մակարդակներում»:

Իսկ ինչ վերաբերում է ԼՂ հակամարտութեանը, ՀՀ վարչապետն ընդգծել է. «Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան խաղաղ կարգաւորումը շարունակում է գերակշռել մեր արտաքին քաղաքական օրակարգում: Արցախի Հանրապետութեան կարգավիճակը եւ անվտանգութիւնը լինելու է Հայաստանի Հանրապետութեան բացարձակ առաջնահերթութիւնը բանակցային գործընթացում: Հակամարտութիւնը ռազմական ճանապարհով լուծելու ցանկացած փորձ ուղղակի սպառնալիք է տարածաշրջանային անվտանգութեան, ժողովրդավարութեան եւ մարդու իրաւունքների համար: Հայաստանը կը շարունակի իր կառուցողական ներգրաււածութիւնը հակամարտութեան կարգաւորման խաղաղ գործընթացում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձեւաչափով, որին էլ տրւած է հակամարտութեան կարգաւորման միջազգայնօրէն ճանաչւած միակ մանդատը: Ադրբեջանը պէտք է փոխի բանակցութիւնների հանդէպ իր անյարգալից վերաբերմունքը, պէտք է լիովին հրաժարւի ցանկացած ռազմական լուծման գաղափարից եւ իրագործի բոլոր նախորդ համաձայնագրերը:

Աւելին, եթէ Ադրբեջանն իսկապէս հաւատարիմ է խաղաղ գործընթացին, ապա պէտք է սկսի երկխօսել այս հակամարտութեան հիմնական սուբիեկտի` Լեռնային Ղարաբաղի հետ: Ադրբեջանն ամէն առիթով յայտարարում է, որ Ղարաբաղը պէտք է լինի իր տարածքի մի մասը: Միեւնոյն ժամանակ յայտարարում է, որ չի բանակցելու Լեռնային Ղարաբաղի հետ: Խնդիրն այն է, թէ ինչպէս կարող է Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ յաւակնութիւն ներկայացնել առանց նոյնիսկ ԼՂ-ի հետ երկխօսելու: Դա հնարաւո՞ր է: Դա հնարաւոր է, եթէ միայն Ադրբեջանի ղեկավարութեանը հետաքրքրում է ոչ թէ ժողովուրդը, այլ բուն տարածքը: Այսպիսով, ակնյայտ է դառնում, որ Ադրբեջանի ղեկավարութեան մտադրութիւնն այն է, որ Ղարաբաղը մաքրւի հայերից, ինչպէս եղաւ Նախիջեւանում: Սա իրաւունք է տալիս Լեռնային Ղարաբաղին ասել, որ Ադրբեջանի մաս կազմելը Ղարաբաղի բնակչութեան համար կը նշանակի լիակատար բնաջնջում: Հետեւաբար Ղարաբաղը չպէտք է լինի Ադրբեջանի կազմում, եթէ որեւէ մէկը չի ցանկանում թոյլ տալ հայ ժողովրդի նոր ցեղասպանութիւն:

Ամփոփելով` թոյլ տւէք վերահաստատել. հակամարտութիւնը կարող է եւ պէտք է կարգաւորւի միայն կողմերի փոխադարձ զիջումների միջոցով` խաղաղութեան ւ ոչ թէ պատերազմի մթնոլորտում»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։